• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ռուսական շունչը

Օրերս մասնակցեցի Թբիլիսում կայացած մի գիտաժողովի, որը կոչվում էր. «Հին հակամարտություններ-նոր սերունդներ. Հարավային Կովկասի հանրությունների և հակամարտությունների վերլուծություն՝ կոնֆլիկտների հետագա լուծման տարբերակների մշակման համար»: Գիտաժողովը կազմակերպվում է Հումբոլտի համալսարանի կողմից:

Նեղ մասնագիտական թեմաներից չէ, որ ուզում եմ խոսել ու ծանրացնել տեքստը: Կլինեն առանձին հրապարակումներ: Կոնֆերանսի ընթացքում եղան մի շարք պայմանավորվածություններ, որոնք հուսամ` կդառնան իրականություն: Ավելի շատ կուզենայի խոսել մեր հարևան երկրի մասին: Այն մասին, թե ինչ է փոխվել ընդհանրապես: Ցանկացած պետություն, միջավայր, իշխանություն դիտարկելիս, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե ինչպե՞ս է այդ ամենը դրսևորվում հենց այդ իրականության մեջ: Մենք շատ պարզունակ կլինենք, եթե այդ ամեն պայմանավորեինք միայն Հայաստանի հետ հարաբերություններով: Չէի ասի, թե Թբիլիսիյում շատ եմ եղել, բայց դա բավարար է վրացական միջավայրի ժամանակագրական տարբերությունները հասկանալու համար:  

Իմ առաջին այցը դեռ 90-ականների սկզբներին էր: Կար հայտնի Լիլոյի շուկան, որտեղից ամեն տեսակ ապրանքներ էինք բերում Հայաստան: Այդ փուլի տպավորությունների մասին ավելի լավ է չխոսեմ: Երկրորդ այցի ժամանակ, արդեն Սահակաշվիլին եկել էր իշխանության: Փոփոխություններն ակնհայտ էին: Մի պահ թվում էր, կամ գուցե դեռ այդպես է, Վրաստանն անդառնալիորեն պոկվել է Կովկասյան խառնարանից՝ դառնալով հարավկովկասյան երեք հանրապետությունների ակնհայտ առաջատար: Սակայն, ինչ-որ մի պահի, վրացիները չգնահատեցին այն, ինչ ունեին:  Շատ կուզենամ հավատալ այն հանգամանքին, որ Վրաստանում գործեց կայուն պետական մեխանիզմ և երկու բևեռները` հյուսիսային ու արևտյան, համադրելու համար, նախկին իշխանությունն ու ընդդիմությունը գնացին գործարքի: Սակայն դա կարծես այդպես չէ: Ռուսական գործոնի ազդեցությունը Վրաստանում ավելի ակնհայտ է դառնում: Հուսանք, Վրաստանը չի վերադառնա մշուշոտ անցյալ: Սա՝ քաղաքական մասով:

Ինչ մնում է թբիլիսյան իմ ընկալումներին, կարծում եմ, գովական պատկերացումները չափազանցված են: Հին Թիֆլիս կոչված հատվածի վերականգնումը բավականին անբնական էր: Կարող էին ունենալ գույների ավելի բնական համադրությունը, զի բոլոր այդ շենքերը ցարական ճարտարապետության նմուշներ են, իսկ վերականգնումն արված էր եվրոպական գունային շնչով: Նույնը կարող էինք ունենալ նաև մենք, եթե... Հայհոյանքներից խուսափելու համար մեր թեման չշարունակենք, բայց փաստենք, որ էլի ուշ չէ, գոնե Գյումրիում: 

Երթևեկությունը և հետիոտներին զիջելու վիճակն այդ քաղաքում սարսափելի է: Փողոցների նեղլիկ լինելու հանգամանը մարդուն սարսափելի ճնշում է:

Սակայն մյուս կողմից, մի տեսակ գույն կա այդ քաղաքում: Բազմերանգ մարդիկ, անընդհատ շարժվող ընթացք: Կյանքն ակնհայտ է: Այն չի մեռնում: Այլ է Երևանի պարագայում, այստեղ անշարժ է ամեն ինչ: Երբ քայլում ես կենտրոնում, քեզ թվում է, որ բոլորին ճանաչում ես: Իսկ Թբիլիսին համադրություն է: Համադրություն մարդկանց առումով: Այն յուրատեսակ կովկասյանի ու հիփսթերյան նորահայտության խառնուրդ է ̀  անգամ աղջիկների հագուստն է դա հուշում: Արժե քայլել այդ փողոցներով և զգալ շարժի շունչը: