• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թերևս ոչ վերջին անգամ

Մայրավանքը՝ միջնադարյան յուրօրինակ եկեղեցին, գտնվում է Ծաղկունյաց լեռների գրկում: Ինչպես եկեղեցին է յուրօրինակ, այնպես էլ այնտեղ հասնելու ճանապարհը՝  յուրօրինակ և տարբերվող: Սկզբում պետք է հաղթահարես ,,քարե սանդուղքը,, հետո լեռնալանջը, քայլես այնքան, մինչև հասնես անտառի սահմանին: Արդեն անտառում նեղ արահետը ձգվում է դեպի զարմանահրաշ եկեղեցին:

Մենք ճամփա ընկանք առավոտյան: Եղանակը մռայլ էր, իսկ անձրևը չէր դադարում: Ինչ-որ ձայն ներսից ասում էր՝ պետք է գնալ, անպայման: Եվ մենք գնացինք... Քայլեցինք զվարթ, առույգ և անհամբեր: Քայլեցինք զմայլվելով բնությամբ, փնտրելով և բացահայտելով: 

Անձրևում էր: Թաց էինք մինչև վերջին շապիկը, բայց էլի ոչ մեկ չէր ուզում հետ դառնալ: Ճանապարհին մոտեցա սովորողներից մեկին, ով ցրտից սրթսրթում էր, իմ շարֆով փաթաթեցի, հարցրի՝ կուզե՞ս հետ իջնես: Երևի կուզեր... Նայեց առաջ ընկած ընկերներին, ասաց.

-Չէ, կբարձրանամ:

Ու բարձրացանք: Վերջապես հեռվում նշմարվեց եկեղեցին: Մշուշը թույլ չէր տալիս լավ տեսնել: Գնալով մոտենում էինք:

Անձրևով ողողված անտառը մի տեսակ հեքիաթային էր դարձել: Մշուշը կախվել էր եկեղեցու բաց գմբեթից ու տարածվում էր լեռներով, անցնում մեր կողքով ու լցվում անտառ: 

Իսկ մեզ սպասում էր Մայրավանքը: Յուրաքանչյուր սովորող նկատեց մի բան, մի յուրօրինակ նախշ կամ քար, որ մինչ այդ ես չէի տեսել: Ամեն մեկը իր տեսանկյունից նայեց և մեկնաբանեց: 

Բարձունքում քամին ու անձրևն ավելի էին անհանգստացնում: Պատսպարվելու տեղ էլ գրեթե չկար, փոքրիկ տաղավարը նույնպես թաց էր: Ու մեկ էլ լսվում է երեխաներից մեկի ձայնը՝ տա՜ք  թեյ: Արշավի ամենապատրաստված մասնակիցը՝ ընկեր Անին, իսկապես տաք թեյ էր բերել հետը: Այն , ինչ պետք էր այդ պահին: Մեր խանդավառությունը չեմ նկարագրի: 

Մանկության վառ հիշողություններ ունեմ այս վանքի հետ կապված: Շատ անգամ եմ բարձրացել, ամեն անգամ բարձրանալիս ճանապարհն ավելի հեշտ է դառնում, եկեղեցին՝ ավելի հարազատ: Ընդհանրապես յուրաքանչյուր վերելք յուրօրինակ է: Պատմելու շատ բան կա: 

Գյուղում Մայրավանքին ասում էին Սոլակա աջ, որովհետև գտնվում էր Սոլակ գյուղի աջ կողմում: Շրջակա գյուղերում մի ավանդույթ կա. գրեթե բոլոր գյուղերը ունեն ուխտի օր: Ավանդաբար այդ օրը բարձրանում են իրենց սրբատեղին, մատաղ անում, աղոթում և տոնում: Սոլակ գյուղում ուխտի օր է համարվում օգոստոսի երկրորդ կիրակին: Այդ օրը բոլոր մեծ շուքով նշում են, ոչ ոք չի աշխատում, մնում են տանը և հյուրեր են ընդունում: 

Մոտ տասը տարի առաջ Մայրավանք բարձրացա ուխտի օրը: Բարձրանում էր ամբողջ գյուղը՝ մեծ ու փոքր, ծեր ու երիտասարդ: Զգացվում էր տոնակատարության շունչը: Սա այն անգամ էր, երբ բարձունքը հաղթահարեցի դժվարությամբ, քիչ էր մնում կեսից ետ գնայի: Անընդհատ զարմանում էի, թե ինչպես են մյուսներն այսպիսի թեթևությամբ բարձրանում: Վերևում ամեն ինչ ընթացավ սովորականի պես՝ այց եկեղեցի, աղոթ, խոսք ու զրույց: Ոչ ոք չէր շտապում իջնել, առօրյա հոգսերից կտրված՝ նրանք փորձում էին հանգստանալ և զրուցել: Ես էի շտապում, թե շուտով մութը կընկնի: 

Սկսեցինք իջնել: Ճանապարհին մութը լիովին անցավ իր գործին և ամեն ինչ ծածկեց անթափանց խավարով: Բարձրանալիս բոլորը իրենց հետ վերցրել էին երկար փայտեր և վառվող լուծույթ, ես էլ զարմանում էի, թե ինչու: Փայտերի վրա լաթեր փաթաթեցին , վառեցին. իսկական լապտեր դարձավ: Այդ լապտերների լույսի տակ ամբողջ գյուղն իջավ սարից՝ իրար ետևից, մի շղթա կազմած: Ստվերն ու մարդը չէին տարբերվում, բայց գեցեցիկ էր...

Մայրավանքում շատ բան չէր փոխվել, երևի ավելի էր քանդվել: Արդեն երեք տարի է անընդհատ ասում են, որ պետք է վերականգնեն, բայց էդպես էլ ոչինչ չի արվում: Հրազդան գետն էլ առաջվա պես էր՝ անմաքուր..