• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արագածյան վերելք հուլիսի 16-ին. հաշվետվություն

Հուլիսի 16-ին այս տարվա առաջին վերելքն էր Արագած: Վերելքին մասնակցել ցանկացողը պետք google drive տարածքում տեղադրված հատուկ հայտ լրացներ: Հայտում գրանցվածներից բացի հրավիրված էին նաև Ալբերտ Տոնեյանը, Բագրատ Աբրահամյանը (Բագրատը Ալբերտի, իմ, տիար Բլեյանի ուսանողական տարիների ընկերն է), և Քարե լճի մոտ մեզ միացան Հրաչ Մակարյանը և իր մանկության ընկեր Արթուրը: Մի խոսքով, մի լավ թիմ ստացվեց: Ճիշտ ժամանակին բոլորս Սուրբ Երորրդություն եկեղեցու մոտ էինք: Նկարվեցինք և Գեղամի մեքենայով սլացանք Արագած: Արդեն կարծես ավանդույթ է դառնում գագաթ ձմերուկ բարձրացնելը. Հրաչի ուսապարկը հո դատարկ չի՞ մնալու: 

Լճի հարևանությամբ նախաճաշեցինք, ծանոթացանք միմյանց (լավ առիթ է կրթահամալիրի աշխատողների համար միմյանց և ուրիշների հետ շփվելու), ներկայացրեցի արշավի կանոնները: Միաձայն ընդունեցինք, որ արշավը նվիրում ենք մեր լավ ընկեր Սեյրան Ավագյանի հիշատակին, ծափահարեցինք Սեյրանին և ճանապարհ ընկանք:

Երբ Ալբերտը և/կամ Հրաչը մեզ հետ են լինում, իմ գործը հեշտանում է: Նրանք առաջնորդում են արշավախումբը, իսկ ես գնում եմ վերջից: Նույն մանկավարժությունն է. եթե մարդը կարողանում է քայլել, ցույց տուր նպատակը, ուղղությունը և, եթե կարողանում ես, ետևից հասիր: Եթե դժվարանում է, նրա կողքին եղիր, համոզիր, որ շատերն են սկզբից դժվարացել, միայն ինքը չէ, սովորեցրու հանգիստ քայլել և միասին առաջ շարժվեք: Արշավախումբը տարածապես երկար ձգվեց, քանի որ մասնակիցների արագությունները բավականին տարբեր էին: Մի պահ Նարեկի ներքև իջնելու հարց առաջացավ, բայց տղան, շունչը տեղը բերելուց հետո, որոշեց, որ պետք է վերելքը շարունակի: Մինչև Անժելան, Լիանան, Գայանեն և ես կհասնեինք մկրտելու վայրին, Ալբերտը և Հրաչը չմկրտվածներին արդեն մկրտել և բարձրացել էին Հարավային գագաթ (ձեռքի հետ մկրտել էին նաև այնտեղ եղած ածանոթ մարդկանց): Լիաննային և Գայանեին էլ ես մկրտեցի (Անժելան արդեն մկրտված էր), և միացանք մյուսներին: Գագաթին միացրեցինք Սեյրանի ձայնագրությունը և նրա զիլ ձայնը հուզեց բոլորին: «Երբ Արագածի վեհ հայացքի ներքո հնչեց–զրնգաց նրա ձայնը, ես թաքուն հուզվեցի․․․»,- հետո իր բլոգում կպատմի Արմինե Աբրահամյանը:

Վայրէջքի համար Հրաչը ընտրեց մյուս ճանապարհը, և մենք «Բլուրներն ի վեր մագլցելով, լարախաղացի պես քարափների ծայրերին քայլելով, ձյան ու սառույցի մեջ մխրճվելով, տեղ հասանք»:Արագածը հուլիսի երկրորդ կեսին չէի տեսել այդքան ձյունառատ, կանաչ ու ծաղկած: Եղանակն էլ շատ բարենպաստ էր՝ ամպախառն, բայց ո՛չ անձրև եկավ, ո՛չ էլ մառախուղ արեց:  Ճանապարհի որոշ մասն անցանք ձյուների միջով, մյուս մասը՝ կանաչ լանջերով, և շատ ճիշտ է նկատել Ավետիք Իսահակյանը.

Աղբյուրներդ գիշեր ու զօր
Խոսքի բռնված իրար հետ,
Վտակներդ գիլ ու գլոր
Աբրեշումե փեշերեդ։

Բոլոր մասնակիցների կարծիքով, արշավը ստացվեց, քանի որ ինչ խնդիր դրել էինք, կատարեցինք՝ բոլորս հասանք Հարավային գագաթ, այնտեղ հնչեց Սեյրանի երգը, գագաթին ձմերուկ կերանք, ողջ ու առողջ վերադարձանք: Մնացածը յուրաքանչյուրի անհատական գործն է:

Հ.Գ. Ցավոք, մասնակցած կրթահամալիրցիներից ոչ բոլորն են իրենց բլոգներում պատմել: