• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թուրքական մղձավանջ

Այն ինչ տեղի է ունեցավ Թուրքիայում նախորդ գիշեր և շարունակվում է այժմ, մեկ օրում կամ մեկ ամսում հասկանալու ու քննարկելու չէ: Կուզենայի փաստել, որ ստորև արվող դիտարկումները հիմնված են լինելու բացառապես լրահոսում առկա տեղեկությունների վրա և չեն ներառելու դավադրության տեսություններ:

Թուրքական հեղաշրջում
Թուրքիան հանրապետության ընթացքում տեսել է 4 հեղաշրջում: Եթե անգամ այժմ Թուրքիայում կա երկու կառավարություն ̀  Անկարայի և Ստամբուլի, ապա դա չի ենթադրում թուրքական պետականության ճգնաժամ: Թուրքերն ունեն փորձ` նման իրավիճակներից դուրս գալու: Թե ինչ է իրենից ներկայացնում յուրաքանչյուր ռազմական հեղաշրջում և ինչ հետևանքներ այն կարող է ունենալ, գիտի Թուրքիայի պատմությանը ծանոթ յուրաքանչյուր թուրք: Իմ լավ բարեկամ Սեմիհ Ակտեկին, որ գործող պատմաբան է Թուրքիայում, ինձ հետ զրույցում հավաստիացրեց, որ մեկ ռազմական հեղափոխություն կամ հեղաշրջում է հաջողել Թուրքիայի համար, դա Քեմալի հեղաշրջում-հեղափոխությունն  էր: Մնացած դեպքերում, ըստ նրա, ռազմական հեղաշրջումները Թուրքիայում հետընթաց են ապահովել:

Թուրքական բանակ

Ունե՞ր թուրքական բանակը կամ գեներալիտետը այս քայլին գնալու անհրաժեշտություն: Մեկնաբաններն ասում էին, որ ուներ: Թուրքական գործողությունները Սիրիայում, որտեղ հենց այնպես զոհվում են թուրք զինվորներ, անընդհատ շարունակվող քրդական բախումները, որոնք ևս քիչ զոհերի տեղիք չեն տալիս, շարունակվող ահաբեկչությունները՝ այդ թվում բանակի հանդեպ, կարող էին զինվորականների մի մասին տալ նման հիմքեր: Մյուս կողմից, Էրդողանի քաղաքականությունը բավականին հեռացել էր Քեմալի հիմնարար սկզբունքներից, որոնք այդքան հաջողություններ են բերել Թուրքիային: Սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ թուրքական գեներալիտետը, ի տարբերություն որոշ հարևանների, բավականին կիրթ, գաղափարական և ինտելեկտուալ անձանցից կազմված իրողություն է: Այդ խավը Թուրքիայում ունի հստակ գաղափարական ուղղվածություն, որը թուրքական արմատականության և արևմտյան մոդեռնիզմի համադրում է: Ասել կուզե, այդ խումբը բախտախնդիրների հավաքածու չէ: Կա մեկ հանգամանք ևս՝ թուրքական բանակը չի վախենում արյունից:

Հետևանքներ

Եղան անմեղ զոհեր, ինչպես լինում են նման իրավիճակներում: Սակայն թուրք քաղաքացին, ի տարբերություն Հայաստանի քաղաքացու, դուրս եկավ փողոց և պաշտպանեց իր քվեն, որ տվել էր Էրդողանին ու պաշտպանեց այն պետականությունը, որը պատկերացնում է: Սա՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ վերաբերմունք մենք ունենք: 

Հայաստանի համար, այն մի փոքր հետաձգեց Անկարա-Մոսկվա-Բաքու առանցքի ձևավորումը, որ բավականին վտանգավոր էր մեզ համար, հաշվի առնելով մեր դիվանագիտական կորպուսի անմխիթար վիճակը: Իսկ այն, որ այդ առանցքը ձևավորվում է, ու ոչ Երևանի հետ համագործակցելու նպատակով, դա բավականին պարզ է, գործընթացներին հետևողների համար:

Հ. Գ. Սեփական ենթադրություններ

Կա հավանականություն, որ սա կարող է կազմակերպած լինել Էրդողանն ինքը: Այս առումով նա լուծում է մի քանի խնդիր.

Ա. Վերացնում է բանակի այն ընդդիմադիր թևը, որն իր համար այդքան վտանգավոր էր:
Բ. Գնահատում է իր իրական շանսերը քաղաքացիների շրջանում:
Գ. Ամրացնում է իր դիրքերը Թուրքիայի ներքին քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում:
Դ. Սրբագրում է իր հարաբերությունները դաշնակից տերությունների, այդ թվում՝ Գերմանիայի և Անգլիայի հետ, եթե ճիշտ են այն ինֆորմացիոն հոսքերը, ըստ որոնց, Էրդողանն այդ երկրներից քաղաքական ապաստան խնդրեց և մերժվեց: Կախված տարբեր դաշնակից  երկրների և համագործակցող պետությունների հայտարարություններից՝ հստակեցում է մտցնում նաև այդ երկրների հետ հարաբերություններում:

Հայաստանը շարունակեց մնալ կրավորական այս վիճակում: Արձագանքեցին բոլոր հարևան պետությունները: Այս պահի դրությամբ, որևէ  պաշտոնական հայտարարություն, թեկուզ անմեղ զոհվածների մասով, չի արել միայն ՀՀ-ն: