• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուխտագնացություն դեպի պապերիս երկիր

Իմ երկրորդ այցելությունը պատմական Հայաստան

Առաջին ուխտագնացությունս պատմական Հայաստան 2002թ. էր, Պոլսի պատրիարք Մութաֆյանի հրավերով ընկերակցում էի ամուսնուս: Տեսա Կիլիկիան, Մուսա լեռը, Վագըֆ գյուղը… Տպավորությունները վառ էին, անջնջելի:

Միշտ ցանկացել եմ միանալ դեպի պատմական Հայաստան կազմակերպվող ուխտագնացություններին: Այս անգամ հաջողվեց: Մորաքույրս միացավ մեր ուխտագնացությանը: Կատարվեց իմ և իմ 69-ամյա մորաքրոջ երազանքը՝ տեսնել Անին, Կարսը, Վանա լիճը, Աղթամարի վանքը…

Տեսածս, լսածս, զգացածս աննկարագրելի զգացողություններով են լցրել սիրտս, շատ բան է կուտակվել, երևի ժամանակ է պետք արտահայտվելու համար:

Ահա մի քանի նկարներ իմ հեռախոսի ֆոտոալբոմից:

Դժվար է արտահայտվելը: Իմ պապերի (հորս կողմից ես Կեսարիայից եմ) ծննդավայրի մշակութային արժեքներով հպարտանալ և միաժամանակ ափսոսել, որ մեր մշակույթին տեր են կանգնում օտարները: Ցավ ապրեցի, երբ Օշքվանքի հոյակերտ եկեղեցում տեսա հեծանիվ քշող քուրդ մանուկների:

Ինչպես առաջին, այնպես էլ այս այցին ես զարմանքով պարզեցի և բացահայտեցի մեր հարևան ժողովրդի հանդուրժողական և բարյացակամ վերաբերմունքը մեր նկատմամբ:

Ինձ շատ հուզեց նաև մեր երկու սփյուռքահայ երիտասարդների՝ Րաֆֆիի և Հակոբի ճամփորդությունը, նրանցից մեկը Րաֆֆին ոտքը վնասել էր Երևանում: Դա չխանգարեց, որ հայ հայրենասեր երիտասարդը մասնակցի ուխտագնացությանը: Համոզված եմ`սա իմ վերջին այցը չէր: