• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կլոր սեղան՝ ճամփորդությունների շուրջ

Մայիսն իր հետ ոչ միայն ջերմ արև բերեց, փթթող բնություն ու կյանքում նոր փոփոխություններ անելու ոգեշնչում, այլ նաև ողջ տարվա աշխատանքը ամփոփելու, միասին նստելու և զրուցելու, բոլոր հուզող հարցերի պատասխանները ստանալու լավ ժամանակ: Մայիսյան հավաքն օգտագործելով ճամփորդություններից ստացված տպավորությունների, դրանց կարևորության, խնդիրների ու լուծումների մասին միասնական քննարկման համար` «Էթիկետ» ռադիոյի խմբագրակազմի նախաձեռնությամբ հայրենագիտական ակումբում տեղի ունեցավ կլոր սեղան-հանդիպում ճամփորդների և ճամփորդություններ սիրողների հետ:

Ծրագիրը վաղուց կազմված էր, խմբերը պատրաստ էին իրենց տպավորությունները միմյանց փոխանցելու, և ոչինչ չէր մնում անելու ավելին, քան միասին հավաքվելը և վայելելն ընձեռված հնարավորությունը:
Ճանապարհորդական հիշողություններ, տպավորություններ, նոր գաղափարներ, հետաքրքիր փորձառություններ… Հաճելի էր լսելը Նոր դպրոցի ճամփորդներին: Երբեմն թվում է՝ տարիքը կարող է խանգարել երկար ու հոգնեցուցիչ ճամփորդությունների գնալուն, սակայն նրանք՝ Նոր դպրոցի ճամփորդները, ապացուցեցին, որ դա ընդամենը թյուր կարծիք է, և հայրենի երկիրը բացահայտելը մեծ հաճույք է նրանց համար:
Մեծերն էլ ավելի շատ շեշտադրում արեցին ճամփորդություններից ստացվող էներգիայի, զգացմունքների և մարդկային հարաբերությունների վրա:
Կլոր սեղանին մասնակցում էին նաև Մեծամորի թանգարանի տնօրեն Արտավազդ Զաքյանը և Վանաձորից մի քանի մանկավարժներ: Նրանք նույնպես պատմեցին իրենց տպավորությունների մասին, ներկայացրին կարծիքները, մեզ հաջողություն մաղթեցին ուսումնաստեղծագործական կյանքում: Նաև չմոռանամ նշել՝ Վանաձորցի հյուրերը սիրով ընդունեցին մեր հրավերը և ամառային ճամբարին ևս կայցելեն մեզ՝ միասին Երևանը և հարակից տարածքները բացահայտելու:        
Ժամանակի սղության պատճառով չհասցրինք ծրագրված քննարկումն ամբողջությամբ իրականացնել, և տիկին Սուսանը առաջարկեց մնացածը շարունակել անհատական նախագծի տեսքով՝ փորձել գտնել բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք ակնկալվում էինք քննարկումից:

Ահա թե ինչպես մայիսյան հավաքը միավորեց ճանապարհորդել սիրողներիս:

Աննա Մաթևոսյան