• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճանապարհ, որ տանում է դեպի բացահայտում

Արզական գյուղում առաջին անգամ չէինք:  Ամեն այց յուրովի է և անկրկնելի: Դեռ դպրոցում, երբ սովորողների հետ կազմում էինք ճամփորդության երթուղին, հայտնի Նեղուցի վանքի կողքին պատահաբար գտանք այլ եկեղեցի: Որոշումը հաստատ էր՝ ինչ էլ լինի պետք է գտնենք այն ֆիզիկապես: Համացանցում առկա տեղեկություններն արդեն իսկ բացահայտում էին, թեր որտեղ է նա, բայց հաստակ չէինք պատկերացնում, և գյուղ հասնելուն պես հարցրինք ճանապարհին հանդիպած մարդկանց: Ցավալի է, բայց քչերը գիտեին Չորուտ-Իշխանավանք կոչվող եկեղեցու մասին: Կցկտուր տեղեկություններից հասկացանք, որ տեղացիներն այն անվանում են Չորդավանք: Եկեղեցին գտնվում էր անտառի մեջ, և հսկա ծառերը գրեթե ծածկում էին այն, կամ էլ այն, ինչ դեռ մնացել էր եկեղեցուց: Կիսաքանդ, բայց վեհաշուք տեսքը ստիպեց մեզ երկար զմայլվել, ուսումնասիրել թափված քարերը, բացահայտել աննկարագրելի զարդանախշերը, փորձեցինք նաև կարդալ եկեղեցու միակ կանգուն  պատի արձանագրությունը: 

Արշավն իսկապես բացահայտում էր, բացահայտեցինք անտառի խորքում թաքնված արահետը, ճանապարհին հանդիպած ուղենիշները, ծառերի մեջ ծվարած գողտրիկ եկեղեցին, բացահայտեցինք մեզ...

Կարճ դադարից հետո քայլեցինք դեպի Նեղուցի Սուրբ Աստվածածին վանք: Վեհաշուք եկեղեցին՝ իր բարձրության վրա բազմած անհամբեր մեզ էր սպասում: Օդը լցված էր թարմությամբ, մենք լի էինք վճռականությամբ, իսկ եկեղեցին՝ հիասքանչ, ինչպես երբեք: Շարժվեցինք թեթև քայլքով, ժպիտով և անհոգությամբ՝ զմայլվելով արդեն մթնող երկնքի աղոտ շողերով, որոնք խաղ էին անում Նեղուցի Ս. Աստվածածին վանքի դեռ կանգուն սյուների հետ: Հասանք: Մի քանի րոպե ոչ մի ձայն չլսվեց: Բոլորը կարդում էին եկեղեցու դիմաց դրված փաստաթուղթը և փնտրում կառուցման տարեթիվը պատերի վրա: Այնուհետև դժվար էր մեզ առանձնացնել եկեղեցուց, որովհետև մենք միասնական էինք և անբաժանելի...

Արզական գյուղում դեռ բացահայտելու շատ բան կա...