• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Փախուստ դասից…

Չգիտեմ` ինչու որոշեցի մեկ ամիս անց ձեզ պատմել այս մասին, երևի հավես չունեի կամ էլ ուրիշ պատճառ կար, չգիտեմ: Մի խոսքով, ես հիմա մեծ համարձակությամբ և հաճույքով կպատմեմ: Իսկ հիմա ուշադրություն, պատմում եմ, լսեք:

Մի օր ես և Աշոտը տանն էինք, երբ մի հանճարեղ միտք ծագեց իմ մտքում: Ես Աշոտին առաջարկեցի ընկերներին հավաքել իրար գլխի, պատրաստվել և…  դասից փախչել: Բնականաբար, նա միանգամից համաձայնեց ինձ հետ: Եկավ  դպրոցական հաջորդ օրը: Մենք անհամբեր շտապեցինք դպրոց: Դրա մասին գիտեին գրեթե մեր բոլոր բարեկամները, բացի մայրիկից և հայրիկից: Հայրս դժվար շուտ իմանար, իսկ մայրիկիս համար մի բան կմտածեինք: Դպրոցում մեր ընկերներին պատմեցինք մեր շատ հանճարեղ նախագծի  մասին: Համաձայնեցին միայն մի քանի հոգի` համարձակություն ունեցողները: Քանի որ ես իմ քիմիայի տնային աշխատանքը չէի կատարել և քիմիան չորրորդ ժամին էր, մենք դասից փախանք հենց չորրորդ դասաժամին: Դասից փախան 72 դասարանի Էրիկը, Դավիթը, Աշոտը, Գուրգենը: 83 դասարանից ես, Ասյան, Մերին, 91 դասարանից համարձակ, միակ և անկրկնելի Մարինան: Դասամիջոցին մենք խառնված դուրս եկանք դպրոցից և արագ վազեցինք չգիտեմ ուր: Սկզբում ամեն ինչ անցնում էր շատ ձանձրալի: Մենք միայն ուտում և խմում էինք: Բայց հետո, ինչպես միշտ, իմ հանճարեղ գլխում էլի մի հանճարեղ միտք ծագեց: Ես առաջարկեցի գնալ Բ-4 դպրոց-պարտեզ: Հետո իմ մոտ ավելի  հանճարեղ միտք ծագեց. գնալ գնացքի գծեր: Բոլորը միանգամից համաձայնվեցին: Գնում ենք գնացքի գծեր: Այնքան հաճելի էր քայլել գնացքի գծերով, քայլել ընկերներիդ հետ և զրուցել: Կար մի ֆերմա: Այնքան հաճելի էր նայել հավերին, հնդկահավերին, ձիերին, շներին… Հնդկահավերը իրենց համար երգում էին, իսկ հավերը քուջուջ էին անում: Ձիերը հպարտանում էին իրենց գեղեցկությամբ և խելացի աչքերով: Ամեն ինչ հրաշալի էր… Եվ հանկարծ մենք մի դաժան զանգ ստացանք: Մեզ զանգում էր մեր դասարանի Լիլիթը: Նա ասում էր, որ դասարանում մեզ է սպասում տիկին Մարիետը: Մեր սիրտը կանգնել էր: Մենք մտածում էինք մեր ապագայի մասին: Բայց մեկ էլ մեր մտքներով մի շատ հրաշալի բան անցավ: Հնարավոր է`Լիլիթը մեզ հետ կատակ է անում: Եվ մենք նորից վայելեցինք մեր փախուստը: Ու°ր հասանք: Դե, իհարկե, հասանք Արգավանդ:  Մեր աչքերին չէինք հավատում: Հասել էինք օդանավակայան տանող ճանապարհին: Ուռաաաա~: Այդքան քայլե~լ էինք: Իսկ հետո.. տխուր, տրտում գնացինք դպրոց: Այնտեղ դասերը ավարտվել էին: Իսկ հաջորդ օրը ուղիղ տիկին Մարիետի մոտ… Տիկին Մարիետ, մենք Ձեզ շատ ենք սիրում: Դե, մնացածը ինձ թվում է, որ ձեզ արդեն պարզ է: