• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վանաձորյան մասնակիցների տպավորություններից

Մենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի ռոբոտաշինության խմբակի սովորողներն ենք։ Երեկ մեր խմբակավարի հետ հյուրընկալվեցինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում,  որպեսզի մասնակցենք բնագիտա-տեխնիկական ամենամյա ստուգատեսին։

Արդեն երկրորդ օրն է շրջապատված ենք ուշադիր և հոգատար, իրենց աշխատանքի հանդեպ մեծ պատասխանատվություն ունեցող մարդկանցով։ Տաթև Աբրահամյանը մինչև ժամը 8-ը մեզ էր սպասել, որ ինչպես հարկն է դիմավորի։ Դա շատ զարմացրեց մեզ։ Իսկ առավոտյան նա արդեն մեր կողքին էր և ուղեկցեց ամբողջ օրվա ընթացքում։

Օրն անցավ շատ հետաքրքիր՝ հագեցած ուսուցողական և ժամանցային միջոցառումներով։  Ազատ, անկաշկանդ և առողջ մթնոլորտ է սեբաստացիների համերաշխ ընտանիքում. այստեղ մեզ շատ լավ ենք զգում։

Առավոտյան գնացինք բույսերի հետազոտական ջերմոց-լաբորատորիա, որտեղ տիկին Շողիկն իր հոգու ջերմությամբ գրավեց մեզ։ Նա սիրով պատասխանում էր բոլորիս հարցերին և սիրով բոլորիս նվիրեց իր աճեցրած ծաղիկներից։ Այնուհետև ունկնդիր եղանք վարպետության դասին, որը վարում էր մեր համաքաղաքացի, հիանալի ուսուցչուհի Արմինե Մնացականյանը։

Հետո մասնակցեցինք ևս մեկ դասի, որտեղ ներկայացվեց կրթահամալիրի միջին դպրոցի աշակերտների և նրանց ուսուցչուհու  իրականացրած նախագիծը։

Հայտնություն էր աստղացուցարանը, որտեղ նայեցինք 3D ուսուցողական տեսաֆիլմ արեգակնային համակարգի մասին։ Այդպիսի ձևաչափով տեսաֆիլմը նորություն էր մեզ համար։ Նորություն էր նաև եռաչափ տպիչը, որի միջոցով կրթահամալիրի  ռոբոտաշինության խմբակի աշակերտներն իրենց համար ռոբոտի դետալներ էին պատրաստել։ Խմբակավարը մեծ պատրաստակամությամբ պատասխանեց մեզ հետաքրքրող բոլոր հարցերին։

Կեսօրին ճաշարանում սպասում էր խոհարարը, ով պատրաստել էր շատ համեղ ճաշատեսակներ և աղցաններ։ Իսկ ճաշից հետո հարմարավետ ավտոբուսով մեզ տարան Էջմիածին, որտեղ կրթահամալիրի ուսուցչուհի ընկեր Նելլին և Միջին դպրոցի սովորողները հետաքրքիր պատմում էին տարբեր պատմական իրադարձությունների մասին։

Երևան վերադարձանք մեծ տպավորություններով, որն էլ ավելի խորացավ, երբ ընկեր Տաթևը մեզ ներկայացրեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող ստուգատեսները և կրթական ծրագրերը։ Մեր խմբակի շատ աշակերտներ այնքան էին հիացել, որ ցանկություն հայտնեցին իրենց ուսումը շարունակել այստեղ։ 

Օրվա վերջում մեզ սպասում էր համեղ ընթրիքը։

Ընթրելուց հետո դուրս եկանք երեկոյան Երևանում զբոսնելու։

Շնորհակալություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավարությանը և անձնակազմին՝ մեզ իրենց մոտ հյուրընկալելու, ինչպես նաև հրաշալի օր պարգևելու համար։ 

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի սովորողներ