• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամենասեբաստացիները - Հասմիկ Ղազարյան

-Ձեր մուտքը կրթահամալիր, ինչպե՞ս եք սկսել Ձեր աշխատանքային գործունեությունը:
 
-1988-ին Հայաստանում խառը իրադրություն էր. Ղարաբաղում ժողովուրդը ոտքի էր կանգնել՝ դեպի Հայաստանի Հանրապետություն իր ինքնորոշման իրավունքն իրականացնելու, իսկ դրան ի պատասխան Սումգայիթում և Բաքվում հայերի ջարդեր էին տեղի ունեցել, փախստականները հազիվ հասել էին Հայաստան, բայց կառավարական մակարդակով (դեռ խորհրդային իշխանություններն էին) գրեթե ոչինչ չէր արվում։ Գործի գլուխ էին կանգնել մտավորականներն ու ժողովրդին գործադուլի կոչեր էին անում։ Ես այդ ժամանակ նոր էի ավարտել երեք տարի ըստ նշանակման աշխատանքս (ավարտելիս նշանակում էին՝ որտեղ պահանջարկ կար) այն ժամանակվա Բաղրամյանի շրջանում, վերադարձել էի, ու իմ դառը բախտից, աշխատանք չունեի։ Մեկ ամիս չաշխատելը այն ժամանակներում առանձնապես հոգ չէր, բայց որ աշխատանք չունենալով գործադուլ չէի կարող անել, իսկական դեպրեսիայի առիթ էր։ Իմ լավ ծանոթներից մեկը՝ Մնեյան Լալան (հետագայում իմ կնքամայրը), որ այդ ժամանակ աշխատում էր ինչ-որ տարօրինակ դպրոցում, խորհուրդ տվեց ընդունվել իրենց դպրոց՝ որևէ աշխատանքի, իսկ  ըստ մասնագիտության՝ ժամանակը ցույց կտա։ 
Այս դպրոց ընդունվելը այն օրերի համար խիստ բարդ պրոցես էր. պիտի նախ զրուցեի տնօրենի հետ, հետո հոգեբանական թեստավորում անցնեի, վերջում՝ մասնգիտական ու էլի ինչ-ինչ ստուգումներ։ Հենց հանդիպեցի տնօրենին, ճանաչեցի հեռուստացույցով կրթական բարեփոխումների անխուսափելիության մասին ակտիվ ելույթներ ունեցող երիտասարդին։ Ահա, ուրեմն, Բլեյան Աշոտն է (նրան, ի դեպ, հանդիպում էի նաև տրոլեյբուսում, որն ինձ հասցնում էր Բաղրամյան տանող ավտոբուսին), սա էլ իր դպրոցն է՝ իր պահանջած կրթական բարեփոխումներով. պատ-ապակի, դասարան, սենյակ նկարազարդած են ժողովրդական հեքիաթների ու աստվածաշնչյան թեմաներով, դասավանդողների զգալի մասը տղամարդ է, բոլորը իրենցից մի տեսակ գոհ ու գլուխները բարձր են քայլում՝ այն գիտակցությամբ, որ կարևոր գործ են անում։ Դպրոցում ամեն օր՝ ժողով, ոչ ոք ուրիշ մեկից չի վախենում, ում մտքով ինչ անցնում է, ասում է, կոչեր են հնչում՝ կուստոմսերը վար դնելու և գործադուլ անելու։ Իսկ տնօրենը հայտարարում է. «Ես էլ ուրիշ աշխատակազմ կհավաքեմ։ Որ չաշխատեք, ձեր գործն ո՞վ է անելու»։ Էստեղ հնչում է խելքից դուրս մի պատասխան (Մայիս Նիկողոսյանն էր). աշխատելու ենք, բայց գործադուլ ենք անելու: 
Ես, որ բազմաթիվ խնդիրներիս այդ ժամանակ գումարել էի նաև գործազուրկի բարդույթը, աստիճանաբար հալվում, ձուլվում էի այս միջավայրին։ Ճիշտ է, էն օրերից մինչև վերջ չձուլվելու՝ անհատականությունը պահելու «հաստակողությունը» մնացել է, բայց որ այս դպրոցն ինձ մեծապես ձևավորել է, փաստ է։
 
-Ձեր աշխատանքային գործունեության ամենահետաքրքիր ժամանակահատվածը։
 
-Ամեն աշխատանքային օր իր նախորդից հետաքրքիր է։ Եթե այդպես չէ, այդ օրը չհիշվող, չապրված է։ Բայց հիմա ուզում եմ հիշել 90-ականների սկիզբը, երբ Հայաստանում ընդհանրապես տրանսպորտը խնդիր էր, բայց մեր դպրոցը ավտոբուս ուներ, որը աշխատանքից հետո մեզ տուն էր տանում՝ Նորքի զանգվածներով Երրորդ մաս երթուղով։ Նույն ավտոբուսն էլ երբեմն մեզ շաբաթվա վերջին Արատես էր տանում, կիրակի երեկոյան վերադարձնում Երևան։ Այդ օրերի շփումից են շատ մտերմություններ մնացել։ Այդ ճանապարհներին ու Արատեսի՝ ադրբեջանցիների թողած տներում կին-տղամարդ, ուսուցիչ-աշակերտ գետնին մի ծածկոցի տակ կիսաքնելով իրար ավելի լավ էինք ճանաչում և անվերապահ վստահում էինք։ Իհարկե նաև օգնում էինք՝ ով ում ինչով կարող էր։
 
-Ի՞նչ հիշարժան դեպք կպատմեք։
 
-Էնքան շատ են հիշարժան դեպքերը, որ չգիտեմ՝ որը պատմեմ։ Այս պահին ամենապայծառը Ղահրամանյան Թամարի՝ Չարենցի «Ասպետականը» ներկայացնելն էր։ Նախ տեղեկություններ ներկայացրեց պոեմի գրության ու նախապատմության մասին, հետո հենց մոնոներկայացում արեց։ Շատ տպավորիչ էր։ Ինչքան հիշում եմ, պատվելի Թամարն ասում է՝ առանց Գառնիկի ու Մարինեի (մեր՝ այն ժամանակվա թատրոնի ուսուցիչների) գլուխ չէի հանի։ 
Հին օրերից մի դրվագ էլ հիշեմ. ջեռուցում, հոսանք, գազ չկար, ի հեճուկս՝ ձյուն-ձմեռն էլ խիստ էր լինում։ Դաս չէինք անում դեկտեմբերի վերջերից մինչև փետրվարի կեսերը (իհարկե աշնանային, գարնանային արձակուրդ չէինք ունենում, և հունիսյան երկշաբաթյա դասերն էլ այդ ժամանակներից են մնացել)։ Մի տարի տիարը որոշեց վերջ դնել դրան։ Հունվարի վերջին՝ ընդհանուր ժողովի ժամանակ, հայտարարեց, որ փետրվարի 1-ից դասերը վերսկսում ենք։ Դահլիճից (էն ժամանակ մեծ դահլիճը այսօրվա մարմնամարզության սրահի տեղում էր) բողոքի մրմունջներ լսվեցին, թե՝ ցուրտ է, մի շաբաթ էլ գոնե հետաձգենք։
-Ի՞նչ,- խեթեց տիարը։
Դահլիճում քար լռություն տիրեց։
-Է՛, դա ձեր կենցաղն է,- հիշեցրեց ու շարունակեց,- ոնց որ աֆրիկացին ասի՝ շոգում եմ։
Ու դահլիճն էս անգամ ծիծաղից պայթեց։ Հետո դա թևավոր խոսք էր դարձել։ Ով մի բանից դժգոհում էր, ասում էինք՝ դա քո կենցաղն է։
 
-Ձեր խոսքը, մաղթանքը Սեբաստացու օրերի առթիվ։
 
-Մաղթում եմ խաղաղ ու ներդաշնակ կեցություն։ Մտքի թռիչք ու ոգու խիզախում եմ մաղթում։ Աստված մեզ օգնական:
 
Հարցազրույցը վարեց Դավիթ Մուրադյանը, ավագ դպրոց