• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամենասեբաստացիները - Անահիտ Մելքոնյան

-Ձեր մուտքը կրթահամալիր, ինչպե՞ս եք սկսել Ձեր աշխատանքային գործունեությունը:

-Իմ մուտքը կրթահամալիր շատ անսպասելի էր: Ծանոթներիցս մեկը տեղեկացրեց, որ թիվ 183 դպրոցում անգլերենի թափուր ժամեր կան: Որոշեցի դիմել և ընդունվեցի աշխատանքի: Այդ ժամանակ փոխտնօրենը Ամալիա Գրիգորևան էր: Նրա մասին շատ բան չեմ հիշում: Մեկ տարի անց դպրոցի տնօրեն նշանակվեց տիար Բլեյանը, և փոխվեց ամեն ինչ: Անցել է շուրջ 30 տարի, և ամեն անգամ ես դպրոց եմ մտնում կարծես առաջին անգամ:

-Ձեր աշխատանքային գործունեության ամենահիշարժան  ժամանակահատվածը, ո՞ր շրջանը կառանձնացնեիք:

-Դժվարանում եմ իմ աշխատանաքային գործնեության որևէ ժամանակահատված առանձնացնել: Ամեն մի շրջան յուրովի հետաքրքիր է եղել, այսօր էլ ամեն ինչ շարունակում է հետաքրքիր մնալ: Քիչ առաջ անգլերենի բաց դաս էր: Թեման՝ «Ես սեբաստացի եմ»: Հյուրերի պակաս չունեինք: Տարիներն ինչքան էլ անցնեն, ես խանդավառության և ոգևորության պակաս չեմ զգում իմ մեջ:

 - Կարո՞ղ եք մի հետաքրքիր  միջադեպ հիշել:

-Հիշում եմ. դպրոցի գործունեության առաջին տարիներն էին: Տղամարդ ու կին ուսուցիչներով կարգի էինք բերում դպրոցի նկուղները: Շինարարական աղբ, հսկա քարեր՝ ինչ ասես չէինք տեղահանում: Մի օր՝  աշխատանքից հետո, մորս հետ քայլում էի դպրոցի մոտով, ու մեզ ընդառաջ էր գալիս տիար Բլեյանը` փոշոտ հագուստով: Հասցրի ասել մորս, որ մեր դպրոցի տնօրենն է: Մայրս անկեղծորեն զարմացել էր. «Բա էսպիսի տնօրեն կլինի, ինքը՝ փոշոտ, շորերը՝ փոշոտ»: Մորս անծանոթ էր տնօրենի այսպիսի կերպարը: Այսօր էլ տնօրենի այսպիսի կերպար դժվար է գտնել:

- Ի՞նչ  մաղթանքի խոսք  ունեք  Սեբաստացու այս օրերին:

Մաղթում եմ, որ միշտ Սեբաստացի լինենք,  անկախ նրանից, կրթահամալիրում ենք,  թե կրթահամալիրից դուրս: Լինենք նորարար, լինենք հոգատար միմյանց հանդեպ, լինենք միասին աշխարհի որ անկյունում էլ,  որ կլինենք:

Հարցազրույցը վարեց Անուշիկ Աղաջանյանը, քոլեջ