• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուխտագնացություն. օր երկրորդ

Կարսի Առաքելոց, Օլթի վանք, Խախովանք, Օշքի վանք, Իշխանվանք, Չորդվանք... Կիսաքանդ բերդեր, անջուր աղբյուրներ, կիսավեր մատուռներ, որոնց մամռակալած քարերի վրա դեռ ընթերցվում են ջարդոտված տառ ու տարեթիվ: Աղոթքով են նախշված պատերը ձեր: Վանահոր երգ-աղոթքը քարացել է օդում, դարձել քար ու նախշ, հավերժին պահ տվել իր հոգու գանձերը: Տեսնես՝ ովքե՞ր են եղել ձեր վարպետ-քանդակողները, երիտասա՞րդ էին, թե՞ ծեր, ի՞նչ հասակ ունեին: Ու այսօր համոզվեցինք մի անգամ ևս, որ նրանք նախշերը չեն մտածել-գծագրել: Ուղղակի աշխատել են, ու քանդակները հյուսվել են ու հանգուցվել, դարձել զարդանախշ ու սյունագլուխ: Հեռու-բարձր քարափների կատարներին թառած վանքերն այս, որ ժամանակի փոշուց, խնկից ու մոմից մուգ դարձած պատեր ունեն՝ քարերի վրա նետ ու սրի հետքերով, հիմա ոչ թե սրբատեղի, ոչ թե աղոթավայր, այլ դետք-դիտակետ, բերդ-ամրոց են հիշեցնում: Կիսավեր մատուռ-եկեղեցիներ՝ նռան, խաղողի ողկույզներով զարդանախշված:  Ոչ թե սրբատեղի, այլ կիսավարտ մի երգ, որն ամեն օր մի փոքր կորցնում է իրեն, կորչում է արևի, անձրևի, քամիների պատճառով, վերանորոգողների կամքով ու ցանկությամբ:

Հետո  Թորթումի ջրվեժ ու լիճ, որի հայելանման ջրում իրենց արտացոլանքն էին գտել շրջակա լեռները, քարաժայռերը, երկինքն ու ամպերը: Ու թվում էր՝ լիճը մի քանի հարկանի է….