• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տրագիկոմեդիա՝ Գյումրիում

Տրագիկոմեդիա՝ Գյումրիում
 
Բարև, նորից ես եմ: Որ եկել եմ, ուրեմն մի բան եղել է. ընպես բան ունեմ պատմելու քեզի...
 
Դե, սկսեմ.
 
Տեղյակ ես, թե ոչ, չգիտեմ, բայց մեր դպրոցում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիում, սեպտեմբերի 21-ը բարձրունքների հաղթահարման օրն է: Դե, մենք էլ՝անգլերենի խմբի սովորողներս Տիկին Սիլվայի գլխավորությամբ որոշեցինք օրն անցկացնել Գյումրիում ու հաղթահարել «Սև ամրոց»-ի բարձրունքը:
Մենք՝ սեբաստացի, մեր ասածն՝ ասած, որոշեցինք ու գնացինք: Բայց դե Գյումրին Գյումրի է չէ՞. մեզ Էնպես հիշողություններ տվեց, որ պատմությանս վերանգիրն ինք իրեն գրվեց:
Սկսենք էնտեղից, որ առավոտյան Երևանի երկաթուղային կայարանից ճանապարհ ընկանք: Հա, հա՝ գնացքով. դե գնացքի էֆեկտը ուրիշ է, խոմ զոռով չէ:
Գնացինք՝ մրսելով, դողալով, ծիծաղելով, վատանալով, ուտել-խմելով, «սելֆի անելով», մի խոսքով՝ հային վայել: Հասանք։ Ջուլիի՝ մեր լավ ու պայծառ ընկերուհու ծննդյան տարեդարձը շամպայնով շնորհավորեցինք ու սկսեցինք մեր արկածաշատ ճամփորդությունը:
 
Նախ, ես այդ օրը թարս ոտքից էի արթնացել, ինքնազգացողությունս հա վատանում էր, երկրորդ՝ ծիծաղի նման վարակիչ բան է էդ. ես վատ զգացի, հետո Ջուլին վատ զգաց: Բայց անցավ, ոչինչ: Խմբի կեսն առաջարկեց ֆիլմ դիտել, մյուս կեսը, որոնց մեջ էի նաև ես՝ հետախուզական- հայրենագիտական պրպտումներ իրականացրեց քաղաքում:
Մեկ-երկու ժամ հետո ամբողջ խմբով քայլերն ուղղեցինք «Սև բերդ» կոչվող պատմական հինավուրց ամրոցը: Գնացինք՝ էլի ասել-խոսելով, նազուտուզով։ Հասանք, բայց ներս չմտանք. տարածքը վերանորոգում էին, որպեսզի դարձնեն ռեստորանային համալիր։: Դե մենք մեզ չկորցրինք ու, առիթը բաց չթողնելով, նավակով շրջեցինք ներքևում՝ բերդի ստորոտում գտնվող լճակում:
Լուսանկարվեցինք, ուրախացանք ու ետ եկանք քաղաք: Քաղաքում շրջեցինք, ճաշեցինք ու քայլարշավով եկանք- հասանք այնտեղ, որտեղից սկսել էինք. երկաթուղային կայարան:
Հո չձանձրացա՞ք։ Կաց, ըստեղ է, օր կսկսի ամենաամենան:
Ետ գալուց, գնացքում ( իդեպ գնալուց վագոնները դատարկ էին, գալուց ասեղ գցելու տեղ չկար) ծանոթացանք շատ լավ, խելացի, ասող-խոսող, (բայց լուրջ կսեմ էէ, զուտ բառեր չեն) ուսանողների հետ. մեկը՝ բժիշկ, մյուսը՝ ծրագրավորող, երկուսն էլ՝ անվճար սովորող։ Խոսեցինք, ծանոթացանք, քննարկեցինք (ըդիգ մեզ բնորոշ է չէ՞)։ Մեզ ներկայացրինք, կապեր հաստատեցինք (կհյուրընկալենք իրենց անպայման, տես հանդիպումները բաց չթողնես հա՜)։ Ժամանակը ծտից թև առավ՝ թռավ- գնաց, չհասկացանք՝ ոնց տեղ հասանք:
Հմի կհարցնես՝ ըդոր տրագիկոմեդիան որն է, չէ՞։ Ասեմ.
Էն է, որ ամբողջ օրվա ընթացքում մեզնից շատերը ( ձեն ձենի էինք տվել) վատացան. ստխառնոց, մրսածության հետևանքներ, բայց կողքից նայում ես՝ կոմեդիա է, իսկ մեր դասավանդողներից ընկեր Կարինեն էլ իր հեռախոսը կորցրեց: Բա, ըդպես բաներ։
Կարինե Կիրակոսյան  12-1