• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԲԿՑ-ի հերթական սեմինարը Մարգահովտում

Հայաստանի Բնապահպանական կրթական ցանցի (ԲԿՑ) հերթական սեմինարը այս անգամ կազմակերպվել էր ATP բարեգործական հիմնադրամի՝ Օհանյանների անվան կրթական կենտրոնում: Կրթական կենտրոնը երեք տարի առաջ է կառուցվել Մարգահովտում:

Սեմինարին մասնակցում էին տարբեր կազմակերպությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ «Այբ»  դպրոց, UNICF, « Էկո-Տապան», Մարգահովիտի գյուղապետարան, «Փոքրիկ Իշխան», Time Land հիմնադրամ, Երիտասարդ կենսաբանների ասոցիացա, «Խազեր» էկո-մշակութային ՀԿ, QSI Yerevan միջազգային  դպրոց, ՀԿ կենտրոն ՔՀԶՀԿ:

Սեմինարի  թեման էր` «Վտանգված տեսակներ»: Իհարկե, խոսքը մարդու մասին չէր, այլ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի մասին էր: Օրակարգում.

  • Բնապահպանական կրթության կարևորությանը
  •  Ընդհանուր տեղեկություններ վտանգված տեսակների վերաբերյալ
  • Կարմիր գրքեր
  • Էկոլոգիական խորշեր
  • Էքսկուրսիա Մարգահովտի մոտակա անտառ
  • ATP-ի գործունեությունը
  • Էքսկուրսիա Օհանյանների անվան կրթական կենտրոնի այգի
  • Բնապահպանական ֆիլմերի դիտում և քննարկում
  • Գործնական աշխատանքներ
  • Քննարկում, հավաստագրերի բաժանում
  • Տեղեկություն գերմանական GIZ կազմակերպության մրցույթի մասին

Սեմինարը լավ հնարավորություններ է ստեղծում նոր ծանոթությունների, կապերի, նախաձեռնությունների, պայմանավորվածությունների համար: Մասնակիցներին ներկայացրեցի մեր կրթահամալիրում  կատարվող  բնապահպանական աշխատանքները,  Էկոտուրի  գործունեությունը, զարգացման հեռանկարները:

ATP կրթական բաժնի ղեկավար Ալլա Սահակյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց Մարգահովտի ATP կրթական կենտրոնում էկոլոգ-ուսուցիչների ամառային ճամբար կազմակերպելու, ինչպես նաև Էկոտուր-2016-ի ամառային ճամբարը այնտեղ անցկացնելու մասին:

Մարգահովտի ATP կրթական կենտրոնը շատ ապահով և հարմար վայր է ճամբարներ կազմակերպելու համար:

Մարգահովիտը գտնվում է Ֆիալետովո և Լերմոնտով գյուղերի միջև: Գյուղը 4000-ից  ավելի բնակչություն ունեցող համայնք է: Հիմնականում զբաղվում է անասնապահությամբ: Ունի 430 սովորողով միջնակարգ դպրոց, եկեղեցի, որտեղ կարող է ելույթ ունենալ մեր կրթահամալիրի երգչախումբը (պայմանավորվել  եմ գյուղապետի տեղակալ Աննա Հարությունյանի  հետ), կաթնամշակման  գործարան:

Time Land  հիմնադրամի  ներկայացուցիչ Հովիկ Սարգսյանի հետ էլ պայմանավորվեցի  Ճամբարակի տարածաշրջանի Կալավան գյուղում էկո-հնագիտական ճամբարի մասնակցության մասին։

Երեկոյան քայլարշավ կազմակերպեցինք դեպի Ֆիալետովո: Ներկած տներ, խնամված կոկիկ  բակեր, որտեղ ծաղկել են շատ գեղեցիկ և մեր աչքի համար անսովոր շուշաններ, գեորգինաներ և այլ չքնաղ անծանոթ ծաղիկներ: Ծանոթացանք Հայաստանում ռուսական գյուղի միջավայրի հետ՝ այլ մշակույթ, այլ կենցաղ: Մեր խմբին սիրալիր ողջունում էին մոլոկանները:

Տպավորված եմ սեմինարի աշխատանքներով: