• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային հանդիպումներ ինտելեկտուալ քննարկումների շուրջ։ Ամփոփում

Երեկ՝ հուլիսի 28-ին, Կրթահամալիրի կենտրնում տեղի ունեցավ Ամառային ինտելեկտուալ զրույցների վերջին հանդիպումը։ Զրուցում էինք Մարսել Էմեի «Պոլդևյան առասպել» պատմվածքի շուրջ։ Հանդիպմանը շատ մարդ չկար, սակայն մեր մշտական հյուրերին էին միացել Նարեկ Սահակյանը և Մարիամ Գևորգյանի մայրիկը։ Պատմվածքը մարդու կողմից ընկալվող սին բարոյականության, անմիտ գաղափարների մասին է, որին էլ հակադարձվում է «Աստծո գործերն անքննելի են» ճշմարտությունը։ Էմեն իր պատմվածքում թափանցիկ քողի տակ ներկայացնում է, թե ինչպիսի քրիստոնյա չպետք է լինել ։ Առիթն օգտագործեցինք խոսելու համար նաև ընդհանրապես բարոյականության, դրա հարափոփոխ լինելու, ժամանակից, հասարակությունից ու տվյալ հասարակության մշակույթից կախված լինելու մասին։ Խոսեցինք նաև բարոյական այնպիսի նորմերի մասին, որոնք վեր են այս ամենից և կայուն են ցանկացած միջավայրում։ Սահակյան Նարեկն էստեղ հիշեց Նիցշեին, ով ասում էր, որ հասարակական բարոյականությունից կախված մարդը խեղդվողի է նման։ Ընկեր Հասմիկն էլ հիշեցրեց, որ ըստ Նիցշեի և նրան վերլուծած Կամյուի՝ մարդ ազատ կարող է ապրել միայն իր սահմանած բարոյականության օրենքների շրջանակում։ Վերջում ամփոփեցինք հանդիպումների շարքը, հիշեցինք, թե ում ենք հյուրընկալել և ինչ գործեր են քննարկել, երբ ենք ամենաշատ հյուրերն ունեցել, որն էր ամենահետաքրքիր հանդիպումը։ Տիկին Նունեն զարմանք հայտնեց, որ շատ երիտասարդ դասավանդողներ, ում հաստատ օգտակար կլինեին այս քննարկումները, այդպես էլ ոչ մի հավաքի չմասնակցեցին։ Ընկեր Հասմիկն էլ ասաց, որ պարտադրանքը որևէ օգուտ ստանալու ճանապարհը, միևնույն է, փակում է, հետևաբար չեն եկել, ուրեմն չեն ուզել, և եթե չուզելով գային էլ, դրանից ոչինչ չէր փոխվի։

  Հ.Գ. Ինտելեկտուալ հուլիսյան հանդիպումների շարքն ամփոփված է։ Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր ընտրեցին ամառային ժամանցի այս տարբերակն ու մեզ հետ ապրեցին ինտելեկտուալ լինելու բերկրանքը:

Աննա Գսպոյան