• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հունական աստված, գիտակներ, ամփոփում

Ավարտվեց Գիտակների ակումբի ամառային ճամբարի եռօրյան՝ տևելով հուլիսի 13-15-ը: Գործունեությունն իրականացվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցում և Երևանի Կապույտ մզկիթում:

Երկուշաբթին ընթացավ այնպես, ինչպես նախապես նշված էր ծրագրում: Խաղացինք «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» տարբերակով 10 հարց (ռուսերեն): Այնուհետև դիտեցինք ժամանակակից ռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Հայաստանի 10 հրաշքները» փաստագրական ֆիլմը: Ըստ հեղինակի՝ այդ հրաշքներն են Արարատ լեռը, Սևանա լիճը, Հայաստանի քարերը, խաչքարը, այբուբենը, կարպետներն ու գորգերը, կոնյակը, հայ ճարտարապետությունը, պարերն ու երաժշտությունը և արվեստը: Քննարկման արդյունքում պարզվեց, որ և՛ մասնակիցները, և՛ ես այդ ցանկում կավելացնեինք Հայաստանի բնությունը (ներառյալ Արցախինը)՝ իր անտառներով, լեռներով ու ջրերով: Իսկ արդյո՞ք պետք է Արարատը դիտարկել որպես այսօրվա Հայաստանի մասնիկ կամ մի՞թե մեծ հաշվով չի կարելի քարերն ու խաչքարը, ճարտարապետությունն ու արվեստը միևնույն արժանիքը համարել, արդեն նախընտրության հարց են:  

Երեքշաբթի մեր խումբն ավելի բազմամարդ էր, օրը՝ ավելի հագեցած ու աշխույժ: Այն սկսվեց ''Своя игра'' ձևաչափի 3 խաղով.

I եռյակ – Էդուարդ Հովհաննիսյան, Աննա Գսպոյան, Հայկ Ղազարյան (թեմաներ՝ Խոհանոց, Քաղաքներ, 21-րդ դար, Դետեկտիվ)

II եռյակ – Սարգիս Մանուկյան, Նելլի Գսպոյան, Իզաբելլա Խանզրատյան (թեմաներ՝ Գրադարաններ, Հարավսլավիա, Սպորտ, Պատմություն)

Հաղթողների խաղ – Հայկ Ղազարյան, Իզաբելլա Խանզրատյան (թեմաներ՝ Մրցանակներ, Լոնդոն, Թենիս, Լեզուներ)

Հավաքի մյուս մասն անցավ արդեն խորհրդային տարիների մթնոլորտում. մեր էկրանին էր հայկական հին կինոնկարներից մեկը՝ «Հարսնացուն հյուսիսից»՝ Արայիկ Բաբաջանյանի (կոմպոզիտորի որդին), Արմեն Ջիգարխանյանի, Վերջալույս Միրիջանյանի և ճանաչված այլ դերասանների մասնակցությամբ, Առնո Բաբաջանյանի երգերի ուղեկցությամբ:  

Չորեքշաբթի ուղևորվեցինք Երևանի պարսկական մզկիթ՝ մեկտեղելով բացօթյա տարածքն ու մշակութային վայրը: Մզկիթի գրադարանում անցկացրինք բռեյն-ռինգ մրցակարգով խաղ (հայերեն 10 հարց): Մեզ շրջապատում էին մեզ անհասկանալի լեզվով ու տառերով գրված հարյուրավոր գրքեր, բայց, միևնույն է, գեղեցիկ վայր էր ընտրված ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման համար:

«Պարսկական կրոն և մշակույթ» թեման մեր ճամբարային օրվա առանցքում էր: Դիտեցինք իրանական ձեռքի աշխատանքների մշտական ցուցահանդեսը, ուսումնասիրեցինք եկեղեցիների, վանքերի նկարներով զարդարված սենյակները, շրջեցինք աղոթքի համար նախատեսված սրահներով: Հետաքրքիր է, որ տղամարդիկ և կանայք առանձին-առանձին են կատարում այս արարողությունը, մոլլան առաջնորդում է բոլորին, կանայք միայն իրենց սրահների հեռուստացույցով կարող են տեսնել նրան, իսկ մոլլան նրանց՝ ոչ:

Գրադարանավարուհին մեզ պատմեց մզկիթի կառուցման (18-րդ դար), փակվելու վտանգի տակ հայտնվելու և վերականգնման մասին: Խորհրդային տարիներին շինությունը ծառայել է որպես թանգարան, և Եղիշե Չարենցն է հոգ տարել, որ այն չկորցնի իր հիմնական նշանակությունը:

Ակումբային պարապմունքներն այսքանով չեն սահմանափակվի: Հաջորդ անգամ կներգրավվեն ավելի մեծ քանակությամբ մարդիկ, ծրագիրն էլ իր հերթին կթարմացվի ու կընդգրկի նոր կետեր: Այսուհանդերձ հուլիսյան եռօրյա ճամբարը բոլորին էլ ինչ-որ բան տվեց և նպաստեց պատանիների միջև ինտելեկտուալ շփման գործընթացին:  

Գիտակների ակումբի ամառային ճամբարի կազմակերպիչ՝ Աիդա Գրիգորյան