• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մտորումներ դասից հետո

Հիմնական դպրոց, 7-րդ դասարան
Ալեքսանյան Անի

Ռուսերենի ժամին հետաքրքիր պատմվածք կարդացինք մի հազվագյուտ ծաղկի` հարյուրամյա ագավի մասին: Պատմվածքի հեղինակն  Ա.Կուպրինն է: Շատ  խորիմաստ պատմություն էր: Հատկապես գարնան այս հրաշք օրերին, երբ մեր շուրջը հարսնացել են ծառերը, ծաղիկների մասին այս դասն ինձ խորհելու առիթ տվեց:

Ջերմոցում իրար կողքի աճել էին անուշաբույր, գեղատես ծաղիկները` մեխակը, մանուշակը, ոսկեծաղիկը, ու նրանց մեջ իր տգեղությամբ աչքի էր ընկնում միայն փշոտ ագավին: Նրանք մրցում էին միմյանց հետ` ով է ավելի գեղեցիկ, ով ավելի հոտավետ, ով ունի հին ծագում: Արևի շողերը, զեփյուռն ու բույրը օգնում էին միմյանց հասկանալու, զրուցելու, սիրելու ու բարեկամանալու: Իսկ ագավին չգիտեր` ինչ են սերը, քնքշանքը: Նրան արհամարհում էին ու ծաղրում:

Ահա ծաղկեց զարմանահրաշ վարդը: Բոլորը հիացան նրա գեղեցկությամբ ու թագուհի հռչակեցին նրան: Վարդով հիացավ նաև ագավին: Սակայն նրան այս անգամ էլ ծաղրուծանակի առարկա դարձրին: Ագավին շարունակեց շռայլել իր գովեստները: Նա բացեց իր գաղտնիքը. ինքը ծաղկում է 100 տարին մեկ անգամ և ընդամենը 3 ժամով:

- Քե´զ, քե´զ համար ես կծաղկեմ,- շշնջում էր նա վարդին,- կծաղկեմ և քեզ համար կմեռնեմ:

Որոտացող ամպրոպի ճայթյունը խլացրեց ծաղկի ձայնը: Լսվեց ևս մի ուժգին ճայթյուն, ու հրաշք բույսը ծաղկեց: Հիացան բոլորը: Սակայն կարճ տևեց երջանկությունը: Մայրամուտին թոշնեց ծաղիկը, ու նրա հետ խոնարհեցին իրենց գլխիկները մյուս ծաղիկները:

Տխրեցի… Մենք էլ ենք ապրում այդպիսի ջերմոցում: Վիճում, հաշտվում, ուրախանում արևի ժպիտով, շնչում գարնան բույրը:

Ինչպես բոլոր վարդերը, աղջիկները ևս փշեր ունեն: Այն էլ ինչպիսի՜ … Մեր մեջ կան խիզախ կակտուսներ, ժպտուն երիցուկներ, հպարտ մեխակներ, համեստ անմոռուկներ, երևելի վարդեր …

Մենք այնպիսին ենք, ինչպիսին ստեղծել է մեզ բնությունը:

Սիրենք միմյանց այնպիսին, ինչպիսին մեզ ստեղծել է բնությունը: