• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առակ իսկական սիրո մասին

Ռուսերենից թարգմանեց Միջին դպրոցի թարգմանչական խումբը

Լինում է, չի լինում ` մի ծառ:  Նա սիրում է մի փոքրիկ տղայի: Տղան ամեն օր գալիս է ծառի մոտ, հավաքում նրա տերևները, թագ պատրաստում և«անտառի թագավոր» խաղում: Նա բարձրանում է ծառը, ճյուղերի վրա ճոճվում, խնձոր  ուտում:
Ծառը տղայի հետ պահմտոցի է խաղում: Իսկ երբ տղան հոգնում է, քնում է ծառի տակ: Տղան սիրում է ծառին… շատ -շատ է սիրում: Ծառը նույնպես երջանիկ է լինում:

Բայց ժամանակը անցնում է, տղան մեծանում, և ծառը հաճախ է մենակ մնում:
Որոշ ժամանակ անց տղան գալիս է ծառի մոտ:
-Արի՛ տղաս, բարձրացի՛ր իմ ճյուղերին, օրորվի՛ր, խնձո՛ր կեր, իմ ստվերում խաղա՛ ու երջանի՛կ եղիր,- ասում է ծառը: Տղան բարձրանում է ծառը, խնձորները հավաքում ու տանում: Եվ ծառը երջանիկ է լինում:
Տղան կրկին երկար ժամանակ չի գալիս…
Ծառը տխրում է:
Երբ էլի մի անգամ տղան վերադառնում է, ծառն ուրախությունից դողում է.
-Արի՛  տղաս, բարձրացի՛ր իմ ճյուղերին, օրորվիր և երջանիկ եղիր,-ասում է ծառը:
-Ես շատ զբաղված եմ ծառ բարձրանալու համար,- պատասխանում է տղան: -Ինձ տուն է պետք, որ տաքանամ: Ես ուզում եմ կին ու երեխաներ ունենալ, դրա համար ինձ տուն է պետք: Դու ինձ տուն կարո՞ղ ես տալ:
-Ես տուն չունեմ,- ասում է ծառը:-Անտառն է իմ տունը: Բայց դու կարող ես կտրել իմ ճյուղերը ու տուն սարքել: Այդժամ դու երջանիկ կլինես:
Տղան կտրում է ճյուղերը ու տանում, որ տուն սարքի:
Եվ ծառը էլի երջանիկ է լինում:
Իսկ տղան երկար ժամանակ չի վերադառնում: Երբ վերադառնում է, ծառը այնքան է ուրախանում, որ հազիվ է կարողանում խոսել:
-Ե՛կ տղաս, - շշնջում է ,- ե՛կ ու խաղա:
-Ես չափազանց  ծեր և տխուր եմ, որ խաղամ,- ասում է տղան: -Ինձ նավակ է պետք, որ այստեղից հեռու գնամ: Դու ինձ կարո՞ղ ես նավակ տալ:
- Կտրիր իմ բունը ու նավակ շինիր, այդ ժամանակ դու կարող ես գնալ ու երջանիկ լինել: Տղա՛ս, կտրիր իմ բունը, նավակ շինիրու գնա:Տղան կտրում էծառը, նավակ պատրաստում ու գնում:

Ծառն էլի երջանիկ է... բայց ոչ լիովին: Շատ ժամանակ անց տղան նորից է գալիս:
-Ների՛ր, տղաս,-ասում է ծառը,-բայց ես քեզ էլ ոչինչ չեմ կարող տալ:  Ես խնձոր չունեմ:
-Ես էլ ատամ չունեմ,- ասում է տղան:
-Ես արդեն ճյուղեր չունեմ, դու չես կարող ճոճվել:
-Ես էլ շատ ծեր եմ, որ ճոճվեմ ճյուղերի վրա:
Ես արդեն բուն չունեմ,-ասում է ծառը, -դու չես կարող վեր մագլցել:
Ես էլ շատ եմ հոգնած, որ ծառ բարձրանամ,-ասում է տղան:
-Ներիր,- հոգոց է հանում ծառը, -ես ցանկանում  եմ քեզ գոնե ինչ-որ մի բան տալ, բայց ես ոչինչ չունեմ: Ես պարզապես ծեր կոճղ եմ:  Ներիր…
-Հիմա ինձ շատ բան պետք չէ,-ասում է տղան,- ուղղակի մի խաղաղ տեղ, որտեղ կարող եմ նստել և հանգստանալ: Ես շատ եմ հոգնել:
-Լավ,- ինչքան կարող է`  վեր ձգվելով ասում է ծառը, -ծեր կոճղը նրա համար է, որ  վրան նստեն և հանգստանան: Արի՛ տղաս, նստիր: Նստիր ու հանգստացիր:
Տղան այդպես էլ անում է:
Եվ ծառը երջանիկ է լինում:

Ղեկավար՝ Մանուշակ Չորեկյան
Հասմիկ Ղազարյան