• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Տնտեսական միամսյակը» ավարտվեց։ Տնտեսական տարին առջևում է...

«Տնտեսական միամսյակ»-ի շրջանակում տեղի ունեցավ «Ինֆլյացիան ավելի դրական, թե՞ բացասական երևույթ է» թեմայով եզրափակիչ բանավեճը: Թեմայի շուրջ բանավիճեին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վարժարանի և «ԱՅԲ» կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողներից ձևավորած թիմերը:

Առաջինը թեմայի վերաբերյալ իրենց տեսակետը ներկայացրեցին «ԱՅԲ»-ի սովորողները, որոնք հիմնական շեշտադրումը կատարել էին չափավոր գնաճի առաջացրած դրական հետևանքների վրա: Երկրորդը հանդես եկավ մեր դպրոցը ներկայացնող թիմը: Վարժարանցիները ներկայացրեցին գնաճ հասկացությունը և դրա առաջացրած բացասական հետևանքները:

Առաջ անցնելով՝ նշենք, որ ժյուրիին հատկապես դուր եկավ վարժարանցիների ներկայացումը, ինչը հատուկ ընդգծվեց ժյուրիի կողմից:

Հարցադրումների փուլում արդեն թիմերը գրեթե հավասար էին, և հնչեցին բավական հետաքրքիր և սուր հարցադրումներ, որոնց սովորողները փորձում էին տալ լիարժեք պատասխաններ: Այստեղ ևս վարժարանցիները ունեին փոքր առավելություն. թե՛ հարցադրումները, թե՛ հնչեցրած տեսակետները շարադրվում էին ավելի տնտեսագիտորեն: 

Նշենք, որ ժյուրիի կազմը ներկայացնում էին ՀՀ Կենտրոնական բանկի աշխատակիցներ Շահանե Հարությունյանը (ԿԲ, Դրամավարկային քաղաքականության վարչություն) և Արաքս Մանուչարյանը (ԿԲ-ի՝ սպառողների պաշտպանության և ֆին. կրթման կենտրոն), որոնց գնահատականների արդյունքում էլ հաղթող ճանաչվեց մեր ավագ դպրոցը ներկայնող թիմը:

Հեցնենք, որ վարժարանը ներկայացնում էին Մերի Թելունցը, Հովհաննես Իխտիարյանը, Կարինե Հովհաննիսյանը, Վլադիմիր Ռափյանը և Լիլիթ Աղաջանյանը, որոնց հետ աշխատում էր ձեր խոնարհ ծառան, իսկ  «ԱՅԲ» ավագ դպրոցը ներկայացնում էին Սյուզաննա Մկրտչյանը, Լյուսի Ասլանյանը, Ռաֆիկ Մովսեսյանը, Աննա Լալայանը և Լեսման Սանթրոսյանը: 

Հ.Գ. «Տնտեսական միամսյակ»-ի ամփոփումը և մրցանակների հանձումը տեղի կունենա երկուշաբթի՝ ապրիլի 13-ին:

Բանավեճի ֆոտոշարքը...