• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճեմարանականների այցը կրթահամալիր

   Ես Աշոտ Ադամյանն եմ: Սովորում եմ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում՝ չորրորդ դասարանում: Այսօր մի խումբ ճեմարանականներով այցելեցինք Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, որպեսզի ծանոթանանք, թե ինչպես է կրթահամալիրում իրականացվում ներառական կրթությունը: Մենք՝ չորրորդ դասարանցիներս, ուսումնական պրոցեսի հետ զուգահեռ հետազոտում ենք «Ինչպես ենք մենք ինքնաարտահայտվում» միջառարկայական թեման: Թեմայի շրջանակներում ընտրել ենք արվեստի հետևյալ ճյուղը՝ ճարտարապետություն և դիզայն, որի միջոցով ուզում ենք օգտակար լինել կրթությանը՝ մասնավորապես ներառական կրթությանը: Ուսումնասիրելով հանրակրթական օրենքը, մենք հասկացել ենք, որ բոլոր երեխաներն ունեն կրթական իրավունքներ՝ անկախ նրանց ֆիզիկական, մտավոր և հոգևոր խնդիրներից: Որպես ճարտարապետ-դիզայներներ, մենք որոշեցինք այցելել այն կրթական հաստատությունները, որտեղ իրականացվում է ներառական կրթություն, տեսնել, թե ինչպես են հատուկ կարիք ունեցող երեխաները ներգրավվում հանրակրթության մեջ, ինչպիսի հարմարություններ և անհարմարություններ են հանդիպում նրանց և մեր իսկ ձեռքերով ու պատկերացմամբ որևէ օգտակար բան նախագծել կամ պատրաստել նրանց համար:

Հանդիպեցինք Մեդիա կենտրոնում և շարժվեցինք դեպի Գեղարվեստի դպրոց, որտեղ մեզ ջերմ ընդունեց տիար Բլեյանը և ողջունեց մեր գաղափարը: Շրջեցինք դպրոցով, հանդիպեցինք հատուկ կարիք ունեցող երեխաների, մեզ հուզող մի քանի հարց ուղղեցինք նրանց, ծանոթացանք պայմաններին: Չնայած այդ երեխաները կարծես թե գոհ էին այն ամենից, ինչ ունեին, զգացվեց, որ շատ սիրում են իրենց դպրոցն ու սիրված են դասընկերների կողմից, այնուամենայնիվ մենք՝ ճարտարապետ-դիզայներներս, դեռ կմտածենք, թե ինչ կարելի է անել, որպեսզի նրանց կրթությունը ավելի հարմար ու հաճելի պայմաններում իրականացվի: Մեզ համար այդքան պատասխանատու աշխատանքային պրոցեսից հետո  մի լավ լիցքաթափվեցինք՝ կավագործությամբ զբաղվելով: Կրկնակի ոգևորություն ապրեցի, երբ պատահաբար հայտնվեցի հենց եղբորս՝ Հրաչյա Աբգարյանի դասարանում ու միասին մասնակցեցինք  տեխնոլոգիայի դասին:

Ի՜նչ ողջունելի է, որ մեր երկրում կան նման դպրոցներ: