• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայ-Վրացական հարաբերությունները

 

Ավագ դպրոց-վարժարան  

Միդոյան Լևոն 10-րդ դասարան

Ղեկավար` Արսեն Գալստյան

 

Վրաց մենշևիկյան կառավարությունը, օգտվելով ՀՀ ծայրահեղ ծանր կացությունից (գրավյալ տարածքներ, փակ սահմաններ, տնտեսության կաթվածահար վիճակ, մի բուռ սովից ու համաճարակներից լլկված ժողովուրդ, դրան գումարած` հազարավոր անօթևան գաղթականներ), շահադիտական նպատակով մշտապես ոտնահարում էր Հայաստանի նորաստեղծ հանրապետության իրավունքները: Այդ մասին վկայում է այն փաստը, որ Վրաստանն ամեն կերպ ցանկանում էր սեփականացնել Թիֆլիսում եղած համակովկասյան նշանակության ողջ գույքի օրինականորեն Հայաստանին պատկանող մասնաբաժինը: Արդեն 1918թ. աշնանը Վրաստանը սկսեց իր հավակնություններն անթաքույց դրսևորել ինչպես Լոռի- Փամբակի, այնպես էլ սահմանամերձ հայկական այլ գավառների նկատմամբ:

  Թեև Հայստանի և Վրաստանի միջև սահմանները դեռևս ճշգրտված չէին, այդուհանդերձ, ինչպես գրել է Լեոն. «Լոռին կտրել Հայաստանի մարմնից` կը նշանակե հայ աշխարհի ամբողջ կյանքն ու կուլտուրական գանձերը և դարերի ու հարյուրավոր սերունդների մեծագործությունը թալանի տալ»:

  Հաշվի առնելով «վիճելի» համարվող տարածքների ժողովրդագրական վիճակը, Հայստանի կառավարությունը առաջարկում էր հայ-վրացական սահմանն անցկացնել «մոտավորապես Շուլավերի զուգահեռականով, իսկ վրացիները, Թիֆլիսը հարավից ապահովելու ռազմավարական նկատառումներով, պահանջեցին սահմանն անցկացնել զգալիորեն ավելի հարավ, մոտավորապես Լոռու ձորով և Ախլքալաքի գավառի հարավային մասով: Նման սահմանագծման դեպքում, համարյա բացառապես հայերով բնակեցված Բորչալուի գավառի մի զգալի մասը և Ախալքալաքի գավառի հարավային մասն անցնում էին Վրաստանին», - գրել է Հ.Հախվերդյանը: Դեռ ավելին, վրացական կողմն ամենևին հակաված չէր տարածքային վիճելի հարցերը խաղաղ ճանապարհով լուծելուն` դյուզն- իսկ չերկմտելով, որ, զինված բախման դեպքում, ուժասպառ, արյունաքամ եղած Հայաստանն անկարող է իր մեծաքանակ և անհամեմատ լավ սպառազինված ուժերին պատշաճ դիմադրություն ցույց տալ:

  1918թ. աշնանը Առաջին աշխարհամարտը մոտենում էր ավարտին, և , ի դեպ, Անտանտի տերությունների հաղթանակը որևէ կասկած չէր հարուցում: Հոկտեմբերի 5-ին թուրքական զորքերի հրամանատար Խալիլ փաշան Երևանում հայտարարեց, որ իրեն հրամայված է զորքերը հանել Լոռի-Փամբակի շրջանից: Հայկական կառավարությունը Դրոյին հանձնարարեց իր ղեկավարած Դիլիջան-Լոռիի զորամասի զորքերով անմիջապես զբաղեցնել թուրքերից ազատված տարածքը: Դրոյի հրամանով, Կուռո Թարխանյանի հեծելազոր գրավեց Դսեղ-Քոլագերան-Ղաչաղան գիծը, իսկ Ապարնում գտնվող գնդապետ Ղորղանյանի զորամասը, անցնելով Սպիտակի լեռնանցքով, զբաղեցրեց Ջալալօղլի–Կուռթան գիծը: Հոկտեմբերի 21-ին հայ զինվորներն արդեն լիովին վերահսկում էին շրջանը:

  Հոկտեմբերի վերջին վրացական զորքերի հրամանատարությունն ամբարտավան ոճով վերջնագիր ներկայացրեց ՀՀ կառավարությանը` հայկական զորախումբը Լոռվա գավառի սահմաններից անմիջապես հեռացնլու պահանջով: ՀՀ կառավարությունը մերժեց վերջնագիրը, քանի որ ընդունել այն, կնշանակեր գավառը կամովին զիջել Վրաստանին: Այդ մերժմանն ի պատասխան, վրացական կողմը փակեց Հայաստան մտնող երկաթգիծը` մեր երկիրը կտրելով արտաքին աշխարհից, իսկ դեկտեմբերի 5-ին գրավեց Ախալքալաքը: Վարչապետ Հովհ. Քաջազնունու բազմաթիվ դիմումները Վրաստանին` ազատելու հայկական տարածքները, մնացին անպատասխան: Ավելին, հայկական գավառում վրացի զինվորների պահվածքն ամբարտավան էր և սանձարձակ, հաճախակի բռնություններ էին գործադրվում հայ ազգաբնակչության նկատմամբ: Այլ ելք չկար, դեկտեմբերի 13-ին Դրոն հրաման ստացավ իր զորախմբով գավառը մաքրել վրացական զորքերից:

  Ռազմական նախարար Հ. Հախվերդյանի վկայությամբ, «Վրաստանի դեմ գործող զորքերի կազմում պետք է ընդգրկվեին 3-րդ բրիգադը (Ղարաքիլիսայում և Դիլիջանում տեղաբաշխված 5-րդ ու 6-րդ հայկական գնդերը` հրետանային դիվիզիոնով), 2-րդ հետևակային գունդը` 6-րդ մարտկոցով, 4-րդ գունդը, որի մի գումարտակն ավելի վաղ ուղարկվել էր Ախալքալաք և գնդապետ Կորոլկովի սահմանապահ հեծելազորային գունդը, որը տեղաբաշխված էր Շահալի-Վորոնցովկա շրջանում: Հավելյալ` տեղի կազմակերպված բնակչությունը, որն առանձին վաշտերի տեսքով ընդգրկվում էր կանոնավոր գնդերում: Մոտ 100-120 սվին ունեցող վաշտերի կազմով զորաբաժինը կարող էր ունենալ ընդամենը մինչև 6000 կանոնավոր զորք և 2000 աշխարհազորային` 16-20 հրանոթով»:

  Հայկական զորքերը ռազմական գործողությունները վարում էին երեք հիմնական ուղղություններով: Ձախ թևում գործող գնդապետ Տեր-Նիկողոսյանի զորամասը, գիշերային անակնկալ գրոհով, գրավեց Վորոնցովկան ու Պրիվոլնոյեն` գերելով վրացի 50 զինվորականների, այդ թվում` 5 սպաների: Առգրավվեց 3 լեռնային հրանոթ, մեծ քանակությամբ զենք ու զինամթերք: Աջ զորախումբը` Այրումի ուղղությամբ շրջանցելով հակառակորդի զորքերի դիրքերը, դուրս եկավ վրացիների թիկունք, ինչը հնարավորություն տվեց կենտրոնում գործոքղ գլխավոր զորախմբին լուրջ հաջողությունների հասնել Սանահինի ուղղությամբ:

  «Հակառակորդի կողմից գլխավոր շարասյունը լուրջ դիմադրության հանդիպեց Սանահինի մոտ, որտեղ հայերը, մարտի արդյունքում, առգրավեցին վրացական երկու զրահագնացք, իսկ երրորդը վրացիները պայթեցրել և նետել էին փոքր-ինչ ավելի հյուսիս, քանի որ Այրումի մոտ ճանապարհը փակել էր այնտեղ դուրս եկած աջ զորասյունը: Սա վրացիներին հարկադրեց նահանջել Սանահինից: Բացի այդ, Սանահինի և Այրումի միջև առգրավվել էին պարենով ու հագուստով լի 3-4 վագոն: Հենց այդտեղ էլ գերի վերցվեց վրացիների մի ամբողջ գումարտակ, գնդապետ Էրիսթովի հրամանատարությամբ, որը պահակախմբի ուղեկցությամբ ուղարկվեց Դիլիջան»:

  Չչնայած այս փայլուն հաղթանակին, հայկական զորքերի վիճակն օրեցօր ծանրանում էր: Վրացական զորքերն անընդմեջ համալրում էին ստանում, ինչը դեպի Թիֆլիս նահանջին զուգընթաց ավելի զգալի էր դառնում: Մինչդեռ հայկական զորքերը, ընդհակառակը, առաջ շարժվելով ավելի ու ավելի էին կտրվում թիկունքից, ուստի և ավելի էր դժվարանում զինամթերքի ու պարենի մատակարարումը: «Կազմակերպված թիկունքի բացակայության պայմաններում, զինամթերքն ու պարենը հարկ էր լինում հայթայթել տեղում»:

  Այսուհանդերձ, դեկտեմբերի 17-ին հայկական զորքերը նոր հաղթանակ տարան: Ազատագրվեց Ախթալա կայարանը: Հայ զինվորների գրոհն այնքան անսպասելի և անկասելի էր, որ վրացական զորքերի հրամանատար Ծուկիձեն, գերի չնկնելու համար, իր ջախջախված զորքերի մնացորդներով պարզապես ճողոպրեց մարտադաշտից ` հայ զինվորների թողնելով խոշոր ռազմավար. 2 զրահապատ գնացք, 4 հրանոթ, 25 գնդացիր, մեծաքանակ զինամթերք:

  Ռազմական գործողությունները վերսկսվելուց առաջ, հայկական զորքերի հրամանատար Դրոն, սթափվելու և հայկական տարածքներն անմիջապես ազատագրելու կոչով, դիմեց վրացական զորքերի հրամանատարությանը. «Ձեր և ձեր ղեկավարած զինվորների կողմից հայկական բնակչության նկատմամբ գործադրած ճնշումներն անցնում են բոլոր սահմանները: Ուշքի եկե´ք, հիշեցե´ք, որ դուք զորքերն եք դեմոկրատական հանրապետության, որը գլխավորում են ժողովրդների ինքնորոշման գաղափարի ջատագովները: Եթե դուք չէք ցանկանում հետագա արյունահեղություն, ապա անմիջապես պետք է մաքերք մեր տարածքները»:

  Մինչդեռ վրացական կողմը, չանսալով Դրոյի խոհեմության կոչին, վճռեց, թարմ ուժեր ներգրավելով, փոխել պատերազմի անբարենպաստ ընթացքը: Դեկտեմբերի 18-ին վրացական զորքը նոր խոշոր համալրում ստացավ`1000 զինվոր, հեծելազորային հարուրյակ, լեռնային 3 մարտկոց, զրահապատ գնացք: Իսկ հայկական զորախումբը դեռևս թիկունքից ոչ մի օժանդակող ուժ չէր ստացել, և մարտերը վարում էր հիմնականում առգրավված զինամթերքով: Սակայն դա չխանգարեց նրանց առաջխաղացումը: Դեկտեմբերի 23-ին հայկական զորքերը գրավեցին Սադախլուն, ապա նաև` Շուլավերը:

  Դեկտեմբերի 24-ին ճակատային գիծ ժամանեց զորավար Ծուլուկիձեի փոխարեն վրացական զորքերի հրամանատար նշանակված Մազնիևը` իր հետ բերելով նոր օգնական ուժեր: Այսպիսով, մարտական գործողություններում ներգրավված վրացական զորքերի թվաքանակը հասավ 8000-ի, այսինքն, զգալիորեն գերազանցում էր հայկական զորքերին:

  Ռազմական գործողությունները վերսկսվեցին նոր թափով: Օգտվելով իր թվական գերակշռությունից, հակառակորդն անընդմեջ գրոհներով փորձում էր ջլատել հայկական ուժերը և բեկում մտցնել պատերազմի ընթացքի մեջ: «Չորս օր հայկական զորքերը համառորեն պաշտպանվում էին Շուլավերի մոտ, մինչև վրացիները, որ թվական գերակշռություն ունեին, թևերից շրջանցեցին հայերին, ճեղքեցին նրանց պաշտպանությունը և հասան Սադախլու: Հայկական զորքերը հարկադրված էին ետ քաշվել մինչև Այրում»:

  Սակայն վրացական կողմի հաջողությունը տևական չէր: Դեկտեմբերի 30-ին հայկական զորքերը ստացան այս պատերազմում առաջին ու միակ համալրումը` 600-հոգանոց ջոկատ և, չնայած վրացիների թվական գերակշռությանը, հաջորդ օրն իսկ կրկին հարձակաման անցան ու վճռական գրոհով վերագրավեցին Սադախլուն: Դեպի Թիֆլիս ճանապարհն այլևս բաց էր:

  Սակայն, նույն օրը երեկոյան, Անգլիայի ու Ֆրանսիայի ներկայացուցիչների միջնորդությամբ, վերջապես հրադադար հաստատվեց: Պատերազմն ավարտվեց: Հայկական զորքերը, ցուցաբերելով աննկուն կյամք, խիզախություն, նաև մարտավարական հմտություն ու հնարամտություն, փայլուն կատարեցին առաջադրված խնդիրը` համոզիչ հաղթանակի հասնելով նորաստեղծ հանրապետության մղած առաջին պատերազմում:

  Վերլուծելով պատերազմում հայկական զորքերի իրականացրած գործողությունները, ռազմական նախարարը եղրահանգել է. «1) Գործողության պլանը ճիշտ էր կազմված, քանի որ զորքերի գլխավոր զանգվածը հարձակվում էր կարճ և հակառակորդի կարևորագույն կետ` Թիֆլիս, տանող ուղղությամբ, և միայն ոչ մեծ մասն էր հատկացված երկրորդական թատերաբեմի` Ախլքալաքի համար: Երեք զորասյուներով շարժումը, հակառակորդին հեռվից շրջանցելու հնարավորություն էր տալիս, ինչը խիստ կարևոր է լեռնային երկրներում գործողությունների ժամանակ: Աջ գրասյունը հաջողությամբ կատարեց իր խնդիրը` Այրումի մոտ դուրս գալով հակառակորդի թիկունք, սակայն ձախ զորասյունը չկարողացավ նման զորաշարժ իրականացնել` գլխավոր ուժերի հետ, կապ չունենելու պատճառով:

2) Գործողության նախապատրաստման, այսինքն` զորքերի կենտրոնացման և թիկունքի ստեղծման հնարավորությունը, Հայաստանի հաղորդակցությունների ու պարենի կուտակման առումով աղքատիկ միջոցների պայմաններում, խիստ սահմանափակ էր, բայց նախանշված միջոցառումներն էլ, ցավոք չկատարվեցին, քանի որ պատերազմական գործողություններն սկսվեցին ժամանակից շուտ: Դրա հետևանքը հարձակաման թուլություն էր և դանդաղ առաջխաղացումը` ռազմական կարիքները տեղում հայթայթելու անհրաժեշտության պատճառով: Գործողության համապատասխան նախապատրաստման դեպքում, հայերը, նույնիսկ իրենց թույլ ուժերի առկայությամբ, կհասնեին մինչև Թիֆլիս:

  Պատերազմի արդյունքը նախ այն էր, որ հայերը փաստորեն իրենց ձեռքին պահեցին գրավված տարածքները և երկրորդը, կոտրվեց վրացիների ամբարտավանությունը, ովքեր սկսեցին ավելի զգույշ վերաբերվել հայերին»:

  1919թ. Հունվարին, դաշնակից երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, գումարվեց հայ-վրացական կոնֆերանս, որտեղ փոխադարձ համաձայնությամբ որոշվեց Լոռիում ժամանակավորապես հաստատել «չեզոք գոտու» կարգավիճակ` Անգլիայի վերահսկողության ներքո: Վերականգնվեցին հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունները, և, որ թերևս ամենակարևորն է, վերջնականապես լուծվեց երկրի համար ամենակենսական խնդիրներից մեկը` վերագործարկվեց երկաթուղին` արտաքին աշխարհի հետ Հայաստանի հաղորդակցման կարևորագույն միջոցը: