• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երբ ապրում ես անցյալը

  Պատմության դաս… Ինչքան էլ չսիրեք այս առարկան, համոզված եմ, որ թանգարանում պատմության դասընթացն անցկացնելը ամենահետաքրքիրն է եւ ամենաճիշտը: Տեսնել, զգալ, շոշափել, պատկերացնել, մտովի վերապրել, ահա այն ամենը, ինչ կարող են տալ տեղանքն ու դեկորացիաները, ինչը կարող է օգնել մարդուն ավելի հեշտ պատկերացնել պատմական դրվագները, մարդու կենցաղը, մատուցել նյութը ավելի պարզ եւ գրավիչ, այլ ոչ թե ոմանց համար անհետաքրքիր, չոր ու ցամաք պատմության դասագրքերով անգիր անել հերթական դասը եւ մի քանի ժամ անց մոռանալ ամենը:

  Անցած դասաժամի ընթացքում որոշեցինք եւ այսօր իրագործեցինք մեր «Զրույցներ պատմության մասին» դասընթացը Սարդարապատի թանգարանում: Անձրեւից արագ պաշտպանվելու համար բոլորս միանգամից բարձրացանք միկրոավտոբուս եւ պատրաստ էինք մեկնելու: Հրաշալի եւ ուրախ մթնոլորտ ստեղծելու համար մեզ օգնության հասան զանազան խաղերը, ընկերական մթնոլորտը, քննարկումները եւ որ ամենակարեւորն է՝ անսպառ հումորը, իսկ ահա թանգարանում՝ հետաքրքրությունից շառագունող աչքերը, ավելին լսել ցանկանալու ականջները եւ ավելի զարգանալու ձգտումը: Ընդհանրապես պատկերացում կազմելով տվյալ ժամանակաշրջանի կենցաղի մասին՝ ավել հեշտ ես պատկերացնում եւ յուրացնում դասի ընթացքում սովորածդ: Հայկական տարազներ: Աշխատատար գորգեր: Գեղեցիկ ապարանջաններ, գոտիներ, թեւնոցներ, խոհանոցային պարագաներ: Հայկական ավանդական ուտեստներ: Ջրաղացների եւ այլնի մակետներ: Աշխատասենյակներ: Հետաքրքիր դեպքեր պատմությունից եւ ընկեր Վահրամի հետազոտությունների ընթացքում առաջացած զավեշտալի միջադեպեր: Զուգահեռներ անցյալի եւ ներկայի սովորույթների միջեւ: Հուզիչ նկարներ զինվորների, նրանց եւ իրենց ծնողների, զոհված ազատամարտիկների: Ֆիլմ նվիրված Արամ Մանուկյանին:

  Իսկ վերադարձի ճանապարհին որոշեցինք խաղալ «Կարմիր թե սեւ»… հենց այնպես: Այդ խաղն աննկարագրելի էր…
Անձրեւը շարունակվում էր, իսկ մենք հասնում էինք հարազատ կրթահամալիր մեր նպատակն իրականացրած:

Անի Գասպարյան, 11-րդ դասարան: