• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Զարգացման ծրագիր 2015-2017թթ

2015-2017թթ ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կրթության և գիտության նախարարության հայտում  «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագիրն ընդգրկելու (շարունակելու) և «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ին այդ նպատակով դրամական միջոցներ (լրացուցիչ ֆինանսավորում) հատկացնելու

առաջարկ

Իրավական հիմքերը   

ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի N740-Ն որոշմամբ 2014-2016թթ պետական միջնաժամկետ ծախսերի (այսուհետ` ՄԺԾ) ծրագրում, որպես հանրակրթության օժանդակության ծառայություններ, ընդգրկված է «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագիրը, որի իրականացման համար նախատեսված են պետական դրամական հատկացումներ «ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ»-ին (այսուհետ` կրթահամալիր)։ 2014թ. ՀՀ պետական բյուջեով «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի իրականացման համար կրթահամալիրին հատկացված է  111,706.3 հազար դրամ: Կրթահամալիրը սահմանված կարգով ԿԳ նախարարության հետ կնքել է պետական աջակցության պայմանագիրը, որով որոշված է ծրագրի 2014թ. աշխատանքի բովանդակությունը: 2013թ. պետական աջակցության Ա-9.6.1/18 պայմանագրով նախատեսված հեղինակային կրթական ծրագրերի մշակման և փորձարկման աշխատանքները կատարվել են Հանրակրթության մասին ՀՀ օրենքով և Հանրակրթության պետական չափորոշչով որոշված պահանջներով:  2012թ. հունվարի 29-ին ՀՀ ԿԳ նախարարը կրթահամալիրի` բաց մրցույթով ընտրված տնօրենի հետ 5 տարի ժամկետով կնքել է աշխատանքային պայմանագիր հեղինակային կրթական ծրագրերի մշակումը և իրականացումը կազմակերպելու համար։  2015-2017թթ ՄԺԾ ծրագրի իրավական մյուս հիմքերը բերված են ՄԺԾ 2013-2015 թթ, ՄԺԾ 2014-2016 թթ ծրագրերում: 

Իրավիճակի նկարագրությունը

2013թ. կրթահամալիրը «Հանրակրթական ծրագրերի իրականացման օժանդակության» շրջանակներում 96,007.6 հզր. դրամ պետական աջակցություն է ստացել  «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի իրականացման համար, որի հաշվետվությունն ըստ եռամսյակների, ծրագրի իրականացման տարեկան ցուցանիշները սահմանված կարգով ներկայացվել են ԿԳ նախարարություն: 2013թ. պետական բյուջեով որոշված ծրագրի ֆինանսական ցուցանիշները` կատարված, իսկ ոչ ֆինանսականները նաև գերազանցված են: Դա արտացոլված է սահմանված կարգով ԿԳ  ներկայացված ծրագրի հաշվետվության մեջ, որի ցուցանիշները ներկայացված են (Ծրագրի 2013թ. ցուցանիշները կցվում են)։
Ծրագրի 2014թ. աշխատանքների ուղղություններն են`
1. աջակցություն կրթահամալիրի կրտսեր դպրոցների կազմում գործող նախակրթարաններին,
2. աջակցություն կրթահամալիրի պահպանությանը`  որպես հեղինակային կրթական ծրագիր՝ իր նախակրթարանով, կրթական ծրագրերի կենտրոնով, մեդիագրադարանով, գնահատման ծառայությամբ, կայք-սոցիալական ցանցով, ինտերնետ-հեռուստատեսությամբ,
3. հեղինակային կրթական ծրագրերի մշակում-լրամշակում,
4. սովորողների օժտվածության զարգացման բաց համակարգի պահպանում` օժտվածության զարգացման պատանեկան բաց ակումբներ, ամենամյա բաց ստուգատեսներ, ուսումնական-հայրենագիտական-էկոլոգիական ճամփորդություններ, 
5. հեղինակային կրթական ծրագրի տարածման բաց համակարգի գործարկում` մանկավարժական աշխատողների ամենամյա ստեղծագործական հավաքներ, կլոր սեղան-քննարկումներ, կրթական փոխանակումներ.
6. հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստումներ. մանկավարժական աշխատողների  կարողությունների զարգացում` որպես ուսումնական նախագծերի կազմակերպիչներ։

2015-2017 թթ միջնաժամկետ ծախսային ծրագրի  գերակայությունները, նպատակները և խնդիրները

Ծրագրի իրականացման 2014-ի ցուցանիշները նշված  ուղղություններով 2015-2017թթ կպահպանվեն. անհրաժեշտ զարգացումը կապահովվի կրթահամալիրի ոչ բյուջետային միջոցների հաշվին,  նոր շահառուների և ոչ պետական միջոցների ներգրավմամբ:
2015-2017թթ պետական ՄԺԾ ծրագրում լրացուցիչ ֆինանսավորման առաջարկը պայմանավորված է այսօրվա իրավիճակով և այն պայմաններով, որ կստեղծվեն 2014-ի ծրագրի իրագործման արդյունքում: 

  • Պետական կրթական ծրագրի մշակումները, ուսումնական նյութերն ու միջոցները, այդ թվում՝ դասագրքերը, չեն աջակցում հեղինակային կրթական ծրագրերին։ Հեղինակային կրթական ծրագրերի ուսուցիչ-անհատը փաստացի իրականացնում է պետական կրթական ծրագրով մանկավարժական աշխատողի գործունեությունը՝ կրթական ծրագրի իրականացում, և հավելյալ՝ հետազոտող ուսուցչի գործունեությունը` ստեղծում  ծրագրեր, ուսումնական նյութեր ու ձեռնարկներ, հավաքում ուսուցման համար անհրաժեշտ իր անհատական մեդիագրադարանը, ուսուցումը կազմակերպում սեփական և սովորողների ուսումնական բլոգների միջոցով, հեղինակային կրթական ծրագիրը, դրա իրականացումն ու արդյունքները դարձնում հրապարակային, տարածում: Պետական կրթական ծրագրով կազմակերպվող վերապատրաստումներն ուղղված չեն այսպիսի մանկավարժական աշխատողի մասնագիտական զարգացմանը: Իր գործունեության համար հեղինակային կրթական ծրագրի ուսուցիչն անընդհատ սովորում է, զբաղվում ինքնակրթությամբ: Ուսուցչի այս աշխատանքն արտահայտված չէ սովորող-թվով պետական ֆինանսավորման մեջ:
  • 2014-ին ոչ միայն ամեն սովորող և ուսուցիչ դպրոց կգա իր անհատական թվային գործիքով, այլև ուսումնական բլոգը անհատական ուսումնական գործիք կդառնա` սկսած 3-րդ դասարանից: Կրթական ծրագրերի կազմակերպումն ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով  առաջացնում է կրթական ծրագրում իր անմիջական պարտականություններով պայմանավորված` ուսուցիչ-կազմակերպչի հավելյալ աշխատանք` ոչ աշխատանքային ժամերին, հանգստյան և արձակուրդային օրերին:
  • Երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական) կրթությանն անցումը նշված է որպես ՀՀ կառավարության 2014թ. գերակա խնդիր: Ավագ դպրոցներում յուրաքանչյուր սովորող-անհատի ուսումնական հետաքրքրությունների և նախասիրությունների պահպանումն ու զարգացումը, մասնագիտական կողմնորոշումն ու մասնագիտական նախնական հմտությունների զարգացումը, սովորողի անհատական կրթական պատվերը թելադրում են ուսուցման նոր կազմակերպում: Կրթահամալիրի մասնագիտացված ավագ դպրոցներում` Գեղարվեստի, Արհեստագործական և վարժարանային, ձևավորվում  է գործունեության դպրոցի ուսումնական պարապմունքների բազմաձև համակարգ. մշակվում և փորձարկվում են ուսումնական պարապմունքի նոր ձևեր` ուսումնական պլեներ և ստեղծագործական հավաք հանրապետությունում և հանրապետությունից դուրս, ուսումնական-մասնագիտական փորձառություն հանրապետության կազմակերպություններում: Սա պահանջում է լրացուցիչ ծախսեր: Սովորողի անհատական ծախսերը` ճանապարհի, գիշերակացի, սննդի հոգում են ծնողները, հեղինակային կրթական ծրագրի այլ շահառուներ, մնում են այդպիսի պարապմունքը նախագծող և ղեկավարող ուսուցչի վճարման ծախսերը, այդ թվում` գործուղման:
  • Մեդիակրթության կազմակերպման ամենակարևոր գործոն  ինտերնետը, որպես բոլորի ուսուցիչ, պահանջում է նոր մոտեցում և ծախսեր:  Կրթահամալիրի հանրակրթական հաստատությունները միավորող համակարգչային ներքին ցանցի նոր մոդելի ստեղծումը-լրամշակումը, շահագործումը` որպես 1-1 (մեկ սովորող-մեկ համակարգիչ) ուսուցման կազմակերպման պայման, անհրաժեշտ են դարձնում, որ կրթահամալիրը ինտերնետ կապի ծառայությունների համար տրամադրվող պետական ֆինանսավորումից ստանա կրթահամալիրի կանոնադրությամբ որոշված հանրակրթական 6 հաստատությունների և դրանց 6 կրթական օբյեկտների բաժինը:
  • Հեղինակային կրթական ծրագիրը պիտի ունենա իր լրացուցիչ կրթության համակարգը` որպես հիմնականին լրացնող  կրթական ծրագիր, ինչպես պետական կրթական ծրագիրն ունի իր լրացումը` արտադպրոցական կրթության համակարգը` ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող, արտադպրոցական կրթական ծրագիրն իրականացնող արտաուսումնական դաստիարակության հիմնակարկները: Հեղինակային կրթական ծրագրով օժտվածության բաց համակարգի գործարկումն անհնար է առանց լրացուցիչ կրթության կազմակերպման մեջ բոլոր շահառուներին ներգրավելու` ծնողներ, հանրակրթական ծրագիր, ԿԳՆ, համայնք, հասարակության այլ խավեր։ Այս խնդիրը կրթահամալիրը 2015-2017 ՄԺԾ ծրագրին ներկայացրել է առանձին հայտով` «ՀՀ 2015-2017թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի` կրթության և գիտության նախարարության հայտում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմում գործող արտադպրոցական (լրացուցիչ կրթության) հաստատությունների (կենտրոնների) ֆինանսավորման և այդ նպատակով «Արտադպրոցական դաստիարակություն» ծրագրով կրթահամալիրին 2015-2017թթ. համապատասխան պետական դրամական միջոցներ հատկացնելու» առաջարկ՝ նկատի ունենալով արտադպրոցական կրթության պետական համակարգի գոյությունը, որը իրականացնում է պետական արտադպրոցական կրթությունը:

Նշված խնդիրներն այսօր էլ առկա են, և հեղինակային կրթական ծրագրերի զարգացման համար հետագայում լուրջ խոչընդոտ կդառնան: Իսկ բյուջեում ֆինանսական համապատասխան միջոցները կան։ Դրանք 2014թ. ՀՀ պետական բյուջեում նախատեսված են որպես տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում ու ավագ դպրոցների դասագրքերի հրատարակում (969,056.0 հազար դրամ), համակարգչային և ինտերնետային կապի ծառայություններ (861,702.5 հազար դրամ), կրթության բովանդակային և մեթոդական սպասարկում ու հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում (502,381.6 հազար դրամ): Առաջարկում ենք ՀՀ պետական բյուջեով որոշված այդ գումարներից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի չափաբաժնով առանձնացնել և նպատակային հատկացնել կրթահամալիրին։

  1. Ինտերնետ կապի ծառայություններ
    1 դպրոցին՝ մոտ 900.0 հազար դրամ, կրթահամալիրի 6 դպրոցի համար 5,400.0 հազար դրամ։
    Մենք հաշվարկել ենք մեր փաստացի ծախսերը 5,221.0 հազար դրամ (961.0 հազար դրամ՝ ձեռքբերված սարքերի և աշխատանքի համար վճարում, 1,440.0 հազար՝ ցանցի սպասարկում, 2,820.0 դրամ 30 մեգաբիթ/վայրկյան արագությամբ երաշխավորված ինտերնետի համար պայմանագրային վճար «Յուքոմ» կազմակերպությանը)։
  2. Տարրական դասարաններում սովորողների անվճար դասագրքեր – 3,500.0 հազար դրամ. (կրթահամալիրի տարրական կրթության ծրագրերում ընդգրկված սովորողների թիվը 2014թ. հունվարի 1-ի դրությամբ 664 է)։
  3. Դասավանդողների ինքնակրթություն, մասնագիտական զարգացման այլ ձևերի համար վճարում կրթության բովանդակային և մեթոդական սպասարկման, հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման ծագրից – 2,600.0 հազար դրամ (կրթահամալիրի դպրոցներում 2014թ. հունվարի դրությամբ աշխատում է 210 մանկավարժական աշխատող)։ 
  4. Ուսումնական պարապմունքների նոր տեսակների (պլեներ, ստեղծագործական հավաք, մասնագիտական փորձառություն) մշակում, փորձարկում. ուսուցչի գործուղման ծախսեր – 8,640.0 հազար դրամ  (7-12-րդ դասարանների ուսուցիչների տարեկան աշխատավարձի 10 տոկոսի չափով)։
  5. ՀՀ ԿԳՆ ներկայացված է «ՀՀ 2015-2017թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի` կրթության և գիտության նախարարության հայտում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմում գործող արտադպրոցական (լրացուցիչ կրթության) հաստատությունների (կենտրոնների) ֆինանսավորման և այդ նպատակով «Արտադպրոցական դաստիարակություն» ծրագրով կրթահամալիրին 2015-2017թթ. համապատասխան պետական դրամական միջոցներ հատկացնելու»  առաջարկությունը։ Առաջարկության մեջ բերված հաշվարկը չենք կրկնում։ Դա որպես առանձին հայտ չընդունելու դեպքում առաջարկում ենք այս ծրագրի դրամական միջոցները լրացնել 2015թ՝ 20,000.0 հազար, 2016-ին՝ 22,000.0, 2017-ին՝ 25,000.0 հազար դրամով։
  6. Հանրապետությունը կառավարության հրապարակային արված հայտարարությունը 2015-թ.-ից հանրապետության 1-ին դասարանցիներին պլանշետներով ապահովելու, կրթությունը անհատական թվային միջոցներով կազմակերպելու ծրագրի մասին, օրախնդիր է դարձնում այդ դասարանների ուսուցիչների նախապատրաստումը։ Նրանց համար օգտակար կլինի այդպիսի դասարաններում աշխատելու մեր փորձը, որը կարող ենք փոխանցել վերապատրաստումների միջոցով: Առաջարկում ենք նաև 2015թ.-ից սկսել «1-1. ուսուցման կազմակերպումը անհատական ուսումնական թվային միջոցներով» ծրագրի անցնող մանկավարժական աշխատողների (դասվարների) վերապատրաստում կրթահամալիրում՝ նկատի ունենալով ամեն տարի մարզերից մեկական խումբ, Երևանից 5 խումբ, տարեկան ընդամենը 15 խումբ։ Հեղինակային կրթական ծրագրերի միջոցներով կկազմվի եռօրյա (20-22 ժամանոց) վերապատրաստման ծրագիր 20 հոգիանոց խմբի համար։ Վերապատրաստում իրականացնելու համար կօգտագործվեն կրթահամալիրի դպրոցների ընթերցարանների նեթբուքները։ Վերապատրաստման համար անհրաժեշտ կլինի տարեկան 4,500.0 հազար դրամ՝ որպես վերապատրաստողների աշխատավարձ և ուսուցման հետ կապված սպասարկման այլ ծախսեր։ Հաշվարկի հիմքում դրվել է 2013թ. ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից իրականացվող դասավանդողների վերապատրաստման համար վճարումները (մեկ ակադեմիական ժամը` 6000 դրամ):
    Մարզի մասնակիցները կարող են մնալ կրթահամալիրի փոխանակումների կենտրոնում։  Մեկ անձի կեցության և սննդի ծախսերը կկազմեն 4000 դրամ, տարեկան ընդամենը՝ 1800000 դրամ։ 2016, 2017թթ համար նկատի ենք ունեցել 10%-ի աճ։

Վերապատրաստման ծախսեր

Մասնագետների աշխատավարձ

խումբ

ժամ

գումար (հազար դրամ)

15

300

1800000

Ուսուցման հետ կապված սպասարկման այլ ծախսեր

մարդ

օր

գումար

300

3

900000

Խմբերի ընդունելության ծախսեր

մարդ

օր

գումար

150

3

1800000

Ընդամենը

 

4,500.0

 

2015-2017թթ լրացուցիչ ծախսերի ամփոփ աղյուսակ

հազար դրամներով

 

2015

2016

2017

Առանց «Արտադպրոցական դաստիարակություն» ծրագրի ծախսերի

24,640.0

27,104.0

29,814.0

Ներառյալ «Արտադպրոցական դաստիարակություն» ծրագրի ծախսերը

44,640.0

49,104.0

51,814.0

 

 

Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան