• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արկածային Արագածը

Օգոստոսի 25 ին երեսուն հոգանոց արշավախմբով ուղևորվեցինք դեպի Արագածի հարավային գագաթը: Ճամփորդությունն անմոռանալի էր՝ արկածներով ու էքստրեմալ իրավիճակներով: Մեր արշավախումբն ի սկզբանե բաժանվեց երկու խմբի՝ արագ բարձրացողների և Կարինե Հակոբջանյանի: Իհարկե բոլորը չէին, որ նվաճեցին գագաթը, բայց կարևորն այն էր, որ մեր խմբի ամենաէլեգանտ կինը իր բարձրակրունկներն այնպես դաջեց Արագածի ճակատին, որ վերջինս երբեք չի մոռանա նրան, իսկ Քարե լիճը դեռ երկար ժամանակ չի ների` լճում չլողալու համար:

   Զավեշտալի էր ամեն ինչ: Լինելով արշավախմբի ղեկավար՝ առաջին անգամ էի բարձրանում Արագած, բնականաբար չգիտեի նաև ճանապարհը: Վերջերս լինելով բնագիտական ճամբարի ջոկատավար՝ շարունակում էի մանրակրկիտ ուսումնասիրել ամեն ինչ՝ զատիկ էի բռնում, սունկ հավաքում, հմայվում քարերի գույն ունեցող փոքրիկ թռչուններով, զարմանում՝ ձյան տակից դուրս եկող դեղին ծաղիկներ տեսնելիս, քանի որ ասում են՝ դեղին ծաղիկներն արևոտ վայրերում են աճում: Այս ամենից բացի սկսեցի ճամփորդներին ուսումնասիրել, խոսեցնել մի երիտասարդի, ով նապաստակի ձագ էր բռնել, վախեցնել սարն ի վար իջնող մի անվախ հեծանվորդի, ով հասավ մեզ ու տեղնուտեղը վայր ընկավ: Այդ պահին նրան ընդառաջ վազեցինք, բայց ոչ օգնելու, այլ՝ լուսանկարվելու նպատակով, մինչդեռ նա վախեցավ և... (մնացածն արդեն պատմել եմ): Հետո ուսումնասիրեցի մեր արշավախմբի անդամներին՝ օրինակ Զարինե Պապոյանը գրեթե յուրաքանչյուր քարի մոտ լուսանկարվում էր, իմ շատ սիրելի... ամեն քարի տակ ծաղիկ էր հավաքում, հասկացա նաև, որ Կարինե Բաբուջյանի հետ էլ պետք է կարատե պարապեմ: Դեռ լճի մոտ ձմեռային հագուստով տեսնելով մեր երկու երիտասարդ տղաներին՝ Սամվելին ու Լիպարիտին, հասկացա, որ ցուրտը միայն կարտոֆիլին չի տանում: Իսկ երբ Արագածի գագաթին տեսա տիար Գևորգին ու իր ընկեր՝ Ալբերտ Տոնոյանին, կիսամերկ ձմերուկ ուտելիս՝ որոշեցի տիար Բլեյանի ասածն իրականացնել՝ սարերում կորցնել երկու հոգու: Սակայն շուտով նրանք կորան չորսով:  Մնացածի մասին կխոսեն լուսանկարները: