• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բանավեճ: «Հաղթեցին» ներկա սովորողները...

 Ավագ դպրոց-վարժարանի ակումբում  «Դասավանդողների անհատական բանավեճի առաջնության» շրջանակներում՝ տեղի ունեցավ «Ազատ խոսքի ամբիոն» ակումբի նախաձեռնած՝ Արտակ Զարգարյանի և Վահրամ Թոքմաջյանի միջև նախանշված և երկար սպասված բանավեճը: Բանավեճի թեման էր ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում Հայոց ցեղասպանության հարցի պահպանման նպատակահարմարությունը: Նախապես նշենք, որ բանավեճը ուսումնական էր և այն լիովին արդարացրեց սպասելիքները. ակումբում ներկա  սովորողները առավել մանրամասն տեղեկություններ և գիտելիքներ ստացան Հայոց ցեղասպանության և ընդհանրապես Հայկական հարցի մասին, բարձրացրին իրենց հուզող հարցեր, հնչեցին նաև տեսակետներ:

Ցեղասպանության հարցը արտաքին քաղաքական օրակարգում պահպանելու դիրքը («կողմ») պաշտպանում էր Արտակ Զարգարյանը, իսկ ահա «դեմ » դիրքը՝ Վահրամ Թոքմաջյանը: Իր ներածական խոսքում Ա. Զարգարյանը ընդգծեց, որ Հայաստանը փոքր երկիր է և Հայոց ցեղասպանության հարցը կարող է զրահաշապիկ հանդիսանալ մեր երկրի համար արտաքին քաղաքական ասպարեզում մանևրելու, Թուրքիայի և Արևմուտքի վրա անհրաժեշտության դեպքում ճնշումներ գործադրելու համար: «Եթե հավատանք թուրքերին, ապա կլինի այն, ինչ եղել է բազմիցս՝ Եվրոպան կփակի աչքերը, իսկ Թուրքիան կկոտորի այս փոքրիկ «քրդական գյուղը»(խմբ. ի նկատի ունի Հայաստանը)»:  Իսկ «դեմ» դիրքորոշումը պաշտպանող Վահրամ Թոքմաջյանը՝ Հայոց ցեղասպանության հարցը համարեց մեր պետականության զարգացմանը խոչընդոտող կամ լավագույն դեպքում ոչինչ չտվող գործընթաց, որից օգտվում են միայն օտարները՝ մասնավորապես Արևմուտքը: Ըստ Վ. Թոքմաջյանի՝ արևմտյան երկրները  պարբերաբար ցեղասպանության հարցը օգտագործում են որպես մանրադրամ՝ իրենց երկրների քաղաքական և տնտեսական շահերը սպասարկելու համար: Վ. Թոքմաջյանը, անդրադառնալով ցեղասպանության ճանաչման գործընթացին, փոքրիկ պատմական էքրսկուրս կատարեց և նշեց բոլոր այն երկրները՝ սկսած Ուրուգվայից, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, առաջնորդվել են բացառապես իրենց երկրների քաղաքական և տնտեսական շահերով և որոշակի դեր է խաղացել նաև այդ երկրներում առկա հայկական համայնքը: 

Բավական հետաքրքիր և թեժ ընթացք ունեցավ հատկապես հարցադրումների փուլը՝ որտեղ բանախոսները օգտվեցին և սովորողներին փոխանցեցին  իրենց  գիտելիքների «զինանոցում» առկա թեմային վերաբերվող շատ հետաքրքիր մանրամասներ: Բանավիճող կողմերը պատասխանեցին նաև ժյուրի և հանդիսատեսի հարցերին, որին հաջորդեց ժյուրի գնահատականների հրապարակումը:

Ժյուրին ներկայացնում էին Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարանի սովորողներ՝ Դավիթ Նիկողոսյանը, Արթուր Ռուշանյանը, Հովհաննես Ալեքյանը, Էդուարդ Հովհաննիսյանը և Թամարա Ստեփանյանը:

ժյուրիի գնահատականների արդյունքում բանավեճի հաղթող ճանաչվեց Վահրամ Թոքմաջյանը: Վահրամ Թոքմաջյանը առավելություն ստացավ հատկապես սուր հարցադրումների փուլում, որտեղ առավել ակտիվ էր և այդ ցուցանիշով գերազանցեց Արտակ Զարգարյանին:

Հաղթեցին բոլորը...Անկախ նրանից, թե մասնակիցներից ով կանցներ եզրափակիչ՝ մի բան ակնհայտ էր, որ բանավեճը կայացավ և որպես ուսումնական նախագիծ՝ ծառայեց իր բուն նպատակին:

Հ.Գ. Չնայած այն իրողությանը, որ բանավեճը «իրազեկված էր և արտոնված», այդուամենայնիվ, երբ Արտակ Զարգարյանը ներկայացնում էր իր տեսակետը ակումբին կից դահլիճում կրթահամալիրի սովորողներից բաղկացած երգչախումբը պարապմունք էր անցկացնում՝ մերթընդմերթ խանգարելով բանախոսին լսել, իսկ երբ եկավ Վահրամ Թոքմաջյանի կողմից տեսակետ հնչեցնելու պահը՝ երգչախումբը անմիջապես լռեց և դուրս եկավ դահլիճից...

Հ.Գ. Զուգադիպություն էր...

 

AttachmentSize
Image icon img_2699.jpg148.06 KB
Image icon img_2698.jpg170.48 KB
Image icon img_2696.jpg214.87 KB
Image icon img_2706.jpg160.21 KB
Image icon img_2705.jpg178.21 KB
Image icon img_2707.jpg171.38 KB