• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Չի՛ փրկի, Մելի՛ք, քեզ ո՛չ մի ճար Սասունցի Դավթի զարկից արդար

«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» հայ ժողովրդական հերոսավեպը վիպասացների և բանահավաքների կողմից կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն:

Էպոսի հերոսներից Սանասարի և Բաղադասարի մասին հնագույն գրավոր ավանդությունը պահպանվել է Աստվածաշնչում (Թագավորաց չորրորդ, ԺԹ), հետագայում Մովսես Խորենացու (գիրք Ա, ԻԳ) և Թովմա Արծրունու (Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան) երկերում: Իսկ Դավթի և Խանդութի մասին զրույցների, Սասունում եղած իրեղեն ապացույցների հիշատակություններ կան XVIդ. պորտուգալացի ճանապարհորդների (Ա. Տենրեյրո, Մ. Աֆոնսո) ուղեգրական նոթերում: Ուշ հայկական աղբյուրների թռուցիկ հիշատակությունները վերաբերում են XIX դ. հանդիպող վեպի հերոսների անուններով տեղավայրերին (Խանդութի ձոր, Խանդութի բերդ, Դավթի թշնամիների գերեզմանները Խլաթի մոտակայքում):

«Էպոսի վիպասացների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք ընկած գավառներն են` Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք, Շատախ, Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Ալաշկերտ, Բայազետ: XIX-XX դդ. գավառներից պանդխտած և գաղթած վիպասացների ու նրանց սերունդների միջոցով «Սասնա ծռերն» անցել է Արևելյան Հայաստան, մասամբ պարսկահայերի մեջ և հասել Թիֆլիս: Դրանց լեզուն հիմնականում արևմտահայ բարբառներն ու ենթաբարբառներն են, երբեմն նկատելի է նաև արևելահայ բարբառների ազդեցությունը:

Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի Միջկառավարական կոմիտեի 7-րդ նստաշրջանը 2012 թվականի դեկտեմբերի 5-ին Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» հայտն ընդգրկեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Կարդացե՛ք այստեղ: