Անցյալ տարի սեմինարներից մեկի ժամանակ բարձրաձայնեցի այն մասին, որ շատ կուզենայի կայքում ունենայինք մի բաժին, որը կկոչվեր Խաղադարան և որտեղ կկարողանայինք հավաքել այն բոլոր ուսումնական խաղերը, որոնց միջոցով սովորողի մոտ զարգանում է այս կամ այն հմտությունը:
Տիար Յուրան այսօրվա սեմինարի համար ընտրել էր Խաղեր թեման՝ հետևյալ հարցադրմամբ. Ինչպիսի՞ ուսումնական խաղեր ենք կիրառում օտար լեզվի ուսուցման մեջ և ի՞նչ հմտություններ են զարգացնում դրանք սովորողի մոտ: Սեմինարը սկսեցինք մեդիա խաղերից՝ օգտվելով հետևյալ կայքից: Տրված տառերով պետք է կազմեինք հնարավորինս շատ բառեր՝ սահմանված ժամանակահատվածում: Խաղացինք նաև թեմատիկ այլ խաղեր, որտեղ կարելի էր զարգացնել կոնկրետ բնագավառի վերաբերյալ բառապաշար: Մի պահ ուսուցիչներով խորազուզված խաղում էինք ու ուրախանում մեր վաստակած միավորներով: Նման խաղերը արդյունավետ են թե՛ բառապաշարի հարստացման և թե՛ ուղղագրության համար: Մեդիախաղերից բացի քննարկեցինք տարբեր զարգացնող խաղեր և առաջարկած յուրաքանչյուր խաղ խաղացինք մեկական շրջան: Խաղերից մեկը հետևյալն էր՝ մի սովորող մտքում բառ է պահում, իսկ մյուսները հարցերի միջոցով փորձում են կռահել այն: Հաջորդ խաղում մեկ ուրիշը կամ դասավանդողը մի նախադասություն է ասում: Երեխաները հերթով փորձում են այն շարունակել՝ ավելացնելով ևս մեկ նախադասություն՝ լավացնելով և վատացնելով իրավիճակը: Շատ հետաքրքիր էր պայմանական նախադասության ամրապնդումը՝ խաղի միջոցով՝ (if, եթե...): Մեկ այլ խաղի ժամանակ դասավանդողը մի բառ է ասում: Սովորողը կրկնում է բառը և ավելացնում մի բառ ևս, հաջորդ սովորողը կրկնում է այդ երկու բառերը, այնուհետև մի բառ ավելացնում իր կողմից: Ու այսպես շարունակ, մինչև պարտվողը դուրս է գալիս խաղից:
Այս խաղերը սովորողի մոտ զարգացնում են բանավոր խոսքը, քերականությունը, բառապաշարը, ուղղագրությունը, հիշողությունը, ստեղծագործելու, արագ կողմնորոշվելու ունակությունը: Սովորողը կենտրոնացնում է ուշադրությունը ամբողջ խաղի ընթացքում, լինում է ակտիվ և շահագրգռված մասնակցում է դասին:
Այսօրվա հետաքրքիր սեմինարի համար շնորհակալություն եմ հայտնում տիար Յուրային և բոլոր անգլերեն լեզվի դասավանդողներին: