• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տոների և տոնակատարության մասին

Ծեսերի կենտրոնը ներկայացնում է քննարկման

Հատված Վահրամ Թոքմաջյանի «Երիտասարդության մասնակցությունը Էրեբունի-Երևան տոնակատարությանը» հոդվածից, «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդես, Երևան, 2011թ.

Տոների ձևավորումը և զարգացումը, որպես օրինաչափություն, պայմանավորված է սոցիալական, տնտեսական, պատմական, քաղաքական, էթնո-մշակութային և կրոնական գործընթացների փոխազդեցություններով։ Արտացոլելով հասարակության մեջ իրականացվող այդ գործընթացները` տոները կատարում են էթնիկ ավանդույթների պահպանման և դրանք սերունդներին փոխանցելու կարևորագույն գործառույթներ:

Տոները կատարում են նաև էթնիկ ավանդույթների կողմնորոշման, հասարակական հարաբերությունների կարգավորման և անհատի պահանջների բավարարման գործառույթներ: Այդ իսկ պատճառով տոնական համակարգի ձևավորման և փոփոխման գործընթացների ու մեխանիզմների, ինչպես նաև հասարակական ու ընտանեկան կյանքում դրանց գործառութային նշանակության բացահայտումը ոչ միայն տեսական, այլև կիրառական առումով կարևոր և հրատապ հիմնախնդիր է:
Առնչվելով տվյալ էթնոսի ծագման և զարգացման որոշակի հիմնախնդիրներին` տոնն արտացոլում է ոչ միայն էթնո-մշակութային ինքնատիպությունը, այլև էթնիկ շփումների հետևանքով առաջացած փոխազդեցությունները: Հետևաբար, մշակութային այս տարրի ուսումնասիրությունը կարևորվում է նաև միջէթնիկ փոխհարաբերությունների տեսանկյունից:
Տոնն իրենից ներկայացնում է յուրատեսակ միկրոհամալիր, ուր առկա են կենցաղի և մշակույթի գրեթե բոլոր բաղադրիչները՝ բնակավայր, բնակարան, ազգակցական, դրացիական, ընտանեկան հարաբերություններ, նախնիների հիշատակ, ամուսնական ծիսաշար, երաժշտական ստեղծագործություններ, խաղեր, ուտեստ և տնտեսական գործունեության ավանդական փուլեր` դրանց հաջողություններն ապահովող ծեսերով ու սովորություններով։ Նշված տարրերի նույնիսկ այս ոչ ամբողջական ցանկը բավական է՝ հիմնավորելու տոներում առկա կենցաղա-մշակութային բազում շերտերը: Բնականաբար, հարուստ է նաև մշակութային այս երևույթն ուսումնասիրող գիտությունների տեսականին: Տոների և ծեսերի հետ առնչվող առանձին հիմնահարցեր են շոշափում ազգագրությունը, բանագիտությունը, կրոնագիտությունը, մշակութաբանությունը, սոցիոլոգիան, տոմարագիտությունը, գեղագիտությունը, հոգեբանությունը և գիտության այլ բնագավառներ:

Տոն և տոնակատարություն գաղափարը, անկախ իր ձևից, բովանդակությունից, հղացողներից և կազմակերպիչներից, կոչված է առավել մերձեցնելու հասարակության տարբեր շերտերը, համախմբելու և առավել ամբողջական դարձնելու հասարակությունները: Տոնն ունի նաև մեկ այլ գործառույթ` կազմակերպել տվյալ հասարակության զանգվածային ժամանցը, թեկուզ ընդհանուրի մեջ և կարճ ժամանակահատվածով: