• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թանկ բարեկամություն

 

Երեկ  սպասվածից  մարդաշատ էր  կրթահամալիրի  Մարմարյա  սրահը:  Շատ էին հյուրերը,   և  կրթահամալիրի  թանկ  ու  սպասված  հյուրերի  թվում էին մեր  սիրելի  գանձացիները, ովքեր  արդեն մի քանի օր էր, ինչ  հյուրընկալվում էին կրթահամալիրի հյուրատանը:  Տպավորությունները  օրվա շքեղ հանդիսությունից,  անշուշտ,  մեծ էր, ինչպես վկայում էին մեր հյուրերը:  Դե իսկ ավանդական հարիսան, համեղ թթուն  ու  անուշահամ գինին  ավելի ջերմացրին  մեր կապերը:  Մինչ մենք  հարիսայից  հետո մի բաժակ սուրճ կվայելեինք  ուսուցիչների մի փոքրիկ խմբով,  գանձացի և կրթահամալիրցի պատանիներն ու աղջիկները   Մարմարյա սրահում բոլորել էին իրենց  շուրջպարը, հետո նաև  իրենց  առույգ ու խելահեղ  ֆլեշմոբերն ու  երգերը:  Հետո  առիթ ունեցանք  սիրով դիտելու   գանձացիների պատրաստած  ֆիլմը`  Գնձայի  չքնաղ բնությունը ներկայացնող  պատկերներով  ու  մեր  սեպտեմբերյան  ու հոկտեմբերյան  այցելության  մասին պատմող  անսպասելի նկարներով:  Այ՛ո,  բարեկամությունը  նման է  կրակի,  ինչքան ուշադիր ու  հոգատար պիտի լինես,  որ պահես, պահպանես այն` էլ ավելի  ամրապնդելով ու  զարգացնելով:

Դե իսկ  հետո  հերթական  ճամփորդությունն էր առջևում ` դեպի Էջմիածին, Մայր տաճար, Հռիփսիմեի ու  Գայանեի  վանքեր: Աշնանային  հրաշալի եղանակն  անընդհատ ուղեկից էր մեզ ողջ ճամփորդության ընթացքում:  Մի քիչ հոգնած, բայց  փառահեղ տրամադրությամբ  վերադարձանք  հյուրատուն: Մի փոքր հանգիստ, մի բաժակ սուրճ, և ահա բաժանման հուզիչ  պահն է:  Հրաժեշտից առաջ մեր հյուրերը  խնդրեցին իրենց  խորին շնորհակալություններն ու ողջույնները փոխանցել  տիար Բլեյանին, և բոլոր նրանց,  ում հետ առիթ ունեցան շփվելու  ու ճանաչելու:

Ավելացնեմ  նաև, որ հերթական հեռախոսազանգից հետո  ճշտեցինք,  որ մեր հյուրերն արդեն  տանն են` հրաշալի տպավորություններով:   Սպասում ենք  շարունակվող  բարեկամության  առաջիկա  հանդիպումներին:

 

                                                                         Թամար Ղահրամանյան