• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավետիք Իսահակյան. հետաքրքիր դեպքեր

Երկար տարիներ բացակայելուց հետո Ավետիք Իսահակյանը այցի է գալիս հայրենի Գյումրի: Մի օր հանդիպում է սիրած աղջկան՝ Շուշիկին, որին վաղուց չէր տեսել: Կարոտակեզ սիրահարները որոշում են զբոսանքի գնալ քաղաքից դուրս: Վարպետը դիմում է քաղաքի նշանավոր կառապան Վեսյոլի Վարդանին և խնդրում է, որ իրենց տանի քաղաքից դուրս՝ շրջագայության: Վարդանը սիրով համաձայնում է և կառքը քշում սարն ի վեր՝ դեպի Արագած լեռան փեշերը: Քաղաքից դուրս գալու ժամանակ Վարպետը կառապանին ծածուկ հասկացնում է, որ երբ հասնեն մոտակա բլուրները, մի հարմար պահի այնպես անի, թե իբր ձեռքի կնուտը (մտրակը) վայր է ընկել, ու իրենց մենակ թողնի կառքի մեջ: Վեսյոլի Վարդանին էլ այդ  էր պետք: Երբ կառքը սուրում է բլուրների մոտով, ու ճանապարհը խորդուբորդ էր, Վարդանը թե՝  «Վա՜յ, Ավո՛ ջան, կներես, կնուտը ձեռքիցս վայր է ընկել, իջնեմ ման գամ»: Վարդանն իջնում է, ջահել սիրահարները, իրենց ազատ զգալով, հրճվում, ուրախանում են, իսկ Վեսյոլի Վարդանը, երկար ու բարակ ման գալով, կնուտը, գտնել չի կարողանում... Տարիներ անց Իսահակյանը կրկին Թիֆլիսից գալիս է հայրենի քաղաք, բայց այս անգամ արդեն իր տիկնոջ՝ Սոֆիկի հետ: Այնպես է լինում, որ բանաստեղծը որոշում է զբոսանքի դուրս ելնել իր ծանոթ, բայց արդեն ծերացած կառապանի կառքով: Երբ մի փոքր քաղաքից հեռանում են, Վեսյոլի Վարդանը հիշում է տասնամյակներ առաջ Ավոյի ապսպրանքը և դառնալով նրան՝ ասում է՝. ‹Հը՞, ի՞նչ կըսես, կնուտը գցե՞մ››: Իսահակյանը  թե՝ «Վարդա՛ն ջան, իզուր նեղություն մի՛ կրե, կողքիս կինս է»:

Ավետիք Իսահակյանը նկարիչ Ռուխկյանի հետ դուրս էր եկել դաշտ` զբոսնելու: Երկու գյուղացի վար էին անում: Մաճը բռնած գյուղացին մեղմ ու քաղցր ձայնով երգում էր. «Մաճկալ ես, բեզարած ես...»: Վարպետը  գնում էր նրանց հետևից: Երբ երգն ավարտվեց, մոտեցան, բարևեցին, հետո Վարպետը հարցրեց.

-Ի՞նչ կերգեիր:

-էդ քո խելքի բանը չէ,- պատասխանեց գյուղացին:

-Էդ երգը ես եմ գրել,- ասացՎարպետը:

Գյուղացին նայեց, ոտքից գլուխ չափեց Վարպետին:

-Գնա գործիդ, էդ մեր գեղի երգն է,- ասաց ու շարունակեց վարը:

Ավետիք Իսահակյանը, Սևանա կղզու գրողների տան պատշգամբում նստած, զրուցում էր կրտսեր գրողընկերների հետ: Հետո  կարծես մի պահ նա վերացավ աշխարհից ու շշնջաց.

-Ա՜խ, չմեռնեի,  թերակղզին նորից կղզի դարձած տեսնեի… Մի՞թե այս սքանչելի գեղեցկությունը թողնելու գնալու ենք…

- Մի՛ մտածիր, Վարպե՛տ ջան, հալա մի տասը  տարի էլ կապրես, - իբրև թե կատակով ասաց մեկը:

Մյուսները ծիծաղեցին:

- Ի՞նչ է, բերանդ կչորնա՞ր, որ մի քսան, երեսուն տարի ասեիր:

- Վարպե՛տ ջան, ես ռեալիստ եմ:

- Ռեալիզմդ հաստափոր վարպետիդ համար պահիր, -  խոսքը եզրափակեց Վարպետր:

Այդ խոսակցությունից հետո Վարպետը ապրեց ևս քսաներկու տարի:  
Ծերության տարիներին Ավետիք Իսահակյանը սովորություն էր ձեռք բերել գրել անկողնում պառկած: Մի անգամ նրան է այցելում մի թղթակից: Կինը դիմում է գրող ամուսնուն.

-Ավո՛, դու չե՞ս կարծում, որ թղթակցի հետ պառկած վիճակում զրուցելը,  այն էլ՝ անկողնում, պատշաճ չէ:

-Ի՞նչ կա որ, սիրելի՛ս,- դիմում է կնոջը մեծ բանաստեղծը,- եթե կարծում ես`այդպես անհարմար է, նրա համար էլ մի անկողին պատրաստիր: