• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հաշվետվություն Գանձա կատարած ուխտագնացության

Հոկտեմբերի 23-26-ը  ավագ դպրոց-վարժարանի և գեղարվեստի դպրոցի  տասը սովորողներ  երեք ուսուցիչերի` Թամար Ղահրամանյանի, Տաթև Թամազյանի և Գոհար Բալջյանի հետ ուխտագնացության էին մեկնել  Վրաստանի  հանրապետություն` Ջավախք աշխարհի  Գանձա գյուղ` Վահան  Տերյանի  հայրենիքը:  Ուղևորությունը  նախատեսված  էր  <<Վ.  Տերյան>> նախագծի և  <<Աշուն>> մեդիաօլիմպիադայի  շրջանակներում:  Մեզ`  ուխտագնացներիս,  դիմավորեցին  Գանձայի  Շոթա Ռուսթավելու  անվան  դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, տնօրենը և ողջ աշակերտությունը:  Տնօրինության   կողմից  արդեն կազմակերպված էր  գիշերակացի, էքսկուրսիաների և  մյուս բոլոր   խնդիրները:  Եռօրյա  այս հիշարժան  ուղևորության ընթացքում   մենք  եղանք  Ախալքալաքում, Ախալցխայում,  տեսանք  նորակառույց  <<Ռաբաթ>> հոյակերտ  ամրոցը,  զմայլվեցինք  Աբասթումանիի  չքնաղ  բնությամբ  ու աշնան  գույներով, Վարդիայում  քայլարշավ  կատարեցինք  դեպի Թամար թագուհու  քարանձավային  պալատը,  Տերյան ու  Թումանյան  ասմունքեցինք  Փարվանա լճի  ափին,  զմայլվեցինք  <<մեջք մեջքի տված  Աբուլ ու Մթին>>  լեռների  շղթայով:  Իսկական  ընկերության  մի հուզիչ  պատկեր էր  Սաղամո լճի  ափին  երեկոյան  խարույկը,  խորոված  կարտոֆիլն ու երեխաների  խենթ  ծիծաղն ու մրոտ,  բայց երջանիկ  հայացքները: Տեսնել էր պետք,  թե մեր  երեխաները  իրենց  հասակակիցների հետ ինչ աշխուժությամբ էին  պատրաստվում առավոտյան ընդհանուն պարապմունքին, ֆլեշ մոբին,  վրացերենի նրանց  խմբի հետ  <<Սուլիկո>>  երգում  ու հանպատրաստից  նվագակցում կիթառով:  Դե իսկ  մենք մեր գործընկերներին  պատմում  էինք մեր ծրագրերից,  ցուցադրում  մեզ հետ տարած նյութերը: Առիթ ունեցանք  այցելելու նաև Վրաց  լեզվի տուն  Նինոծմինդայում,  ծանոթացանք  ազգությամբ հայ   վրացերենի ուսուցչուհի  Էլմիրա  Գսպոյանի հետ,  ներկայացրինք մեր  ծրագրերը և կրթահամալիրի վրացալեզու   կայքը,   ապա նրանից ստացանք մի շարք դասագրքեր` վրացերենի ինքնուսույց  հայերեն բացատրություններով,  խաղերի  քառալեզու  գիրք և այլն: Սակայն  մենք գնացել էինք որոշակի նպատակով` տեսնել բանաստեղծի հայրենի գյուղը, հանդիպել նրա շառավիղներին, այցելել  նրա տուն-թանգարանը,  համաձայնություն ձեռք  բերել գանձացիների պատասխան  այցի հետ կապված:  Ավելացնեմ միայն, որ բոլոր  պայմանավորվածությունները արված են,  նյութերը` հավաքված,  գանձացիները մեզ հյուր կլինեն  նոյեմբերի 15-ից:  Վերադարձին  երթուղայինի  մեջ մեր այցն ամփոփելիս  բոլոր մասնակիցները  միանշանակ նշում էին, որ  ամենահիշարժանը իրենց նոր ընկերների  հետ  բարեկամությունն  է,  ու անհամբերությամբ սպասում են  նոր հանդիպման  Երևանում:

 

                                        Դասավանդող` Թամար Ղահրամանյան