• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վրաստան. տեսա, սովորեցի, ապրեցի...

Այցելություն Թբիլիսի: Դեմքիս ժպիտ է առաջանում հիշելիս …Ինչ հիանալի էր, պարզապես անմոռանալի …Տեսա, հիացա, շփվեցի, սովորեցի, զարմացա, ուրախացա և ամենակարևորը՝ ձեռք բերեցի նոր ընկերներ և ավելի լավ ճանաչեցի ինքս ինձ: Այցելությունն ուներ իր նպատակը`գնում էինք մասնակցելու Շոթա Ռուսթավելու 300ամյակին նվիրված մրցույթին, բայց այցելությունը չսահմանափակվեց միայն մասնակցությամբ: Արդեն իմ երկրորդ հայրենիքը դարձած Թբիլիսին ինձ շարունակում է զարմացնել իր գեղեցկությամբ : Երբ երեկոյան բարձրացել էիք ճոպանուղի նստելու, որը հենց քաղաքի կենտրոնում է գտնվում, մեր առջև մի հիանալի տեսարան էր բացվել. իսկական հրաշք է գիշերային Թբիլիսին: Երկու օր հետո, երբ արդեն որոշվել էր, որ պետք է գնանք Գանձա, սկզբում բոլորիս մոտ դժգոհություն առաջացավ, քանի որ Թբիլիսին լքել չէինք ցանկանում, բայց եղավ այն, ինչ չէինք էլ կարող պատկերացնել: Հասնելուն պես մեզ դիմավորեցին Ռուսթավելու դպրոցի մեր հայրենակիցները: Երբ որոշվում էր, թե ում տանը պետք է մնանք, ոչ ոք չէր խիզախում մեր եռյակին (Յուկա,Գայա և Էլեն ) հյուրընկալել իր տանը, բայց հայտնվեց Ստեփանը, որը պատրաստ էր մեզ միասին հյուրընկալել, մեզ հետ նաև՝ Կառլենին: Մեր շփումը միանգամից ստացվեց …Գնացինք, ծանոթացանք Ստեփանի մայրիկի`տիկին Օֆելյայի և տատիկի հետ, տեղավորվեցինք և արդեն մեզ զգում էինք, ինչպես մեր տանը: Երեկոյան՝ ընթրիքի սեղանի շուրջ, ծիծաղեցրինք և ուրախացրեցինք մեզ հյուրընկալողներին՝ պատմելով մեր Թբիլիսյան խենթությունների  մասին: Ստեփանին ծանոթացրեցինք մեր կայքի հետ և չմոռացանք շեշտել, որ առանց կետի չի բացվում: Եվ այդպես, երկու օր երեկոյան հավաքվում էինք ընթրելու և պատմում մեր անցկացրած ուրախ և իրադարձություններով լի օրվա մասին: Գանձայում այցելեցինք  դպրոց, մասնակցեցինք դասերին, համեմատեցինք մեր կրթահամալիրի հետ (չնայած անհամեմատելի էր), պատմեցինք մեր կրթահամալիրից, խաղացինք նրանց հետ, պարեցինք, երգեցինք, ընկերացանք: Իսկ Տերյանի տուն-թանգարան այցելության ժամանակ,  տարօրինակ զգացողություն առաջացավ ինձ մոտ՝ այնքան մոտ էի զգում ինձ այդ գրողին: Փարվանա լճի գեղեցկության մասին խոսելն ավելորդ եմ համարում …չքնաղ էր:

Անցկացրեցի անմոռանալի օրեր. շատ սիրեցի Գանձան և գանձացիներին (հատկապես մեզ հյուրընկալող ընտանիքին): Ամեն անգամ նման ճանապարհորդություններից հետո էլ ավելի շատ եմ սիրում իմ կրթահամալիրը: Հպարտ եմ, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորող եմ:

Հարությունյան Գայանե