• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշոտ Բլեյան. Հայաստանի և Արցախի միջև անջրպետը և ձևական կապերը միասին պետք է հաղթահարել (Տեսանյութ)

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներն այս ամառ պատիվ են ունեցել ներկայացնել Հայաստանը Լեռնային Ղարաբաղի «Ասպետ» ռազմամարզական ճամբարում, որին մասնակցում էին Արցախի, Լիբանանի եւ Սիրիայի հայորդիները: Այսօր կրթահամալիրի Մեդիա կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հայտնեց, որ 60 սանի մասնակցությանն աջակցել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ բարձրաշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

«Հայաստանի եւ Արցախի միջեւ առաջացած անջրպետը եւ ձեւական կապերը միասին պետք է հաղթահարել: Ճամբարն առիթ էր՝ Հայաստանի եւ արցախցիների հարաբերությունները անձնային դարձնելու եւ միասին խնդիրներ քննարկելու համար»,-ասաց Բլեյանը:

Ճամբարի ընթացքում մասնակիցնեը ծանոթացել են ռազմական գործին, շփվել արցախցի հասակակիցների հետ եւ հասկացել, թե ինչ են իրականում բանակն ու զինվորական գործը:

«Ասպետ» ռազմամարզական ճամբարի հայաստանյան նախագծի ղեկավար Վահրամ Թոքմաջյանը նշեց, որ 2013թ.-ի հունիսին «Ասպետը» կներառի նաեւ աղջիկների ջոկատներ. «Ճամբարը հատկապես կարեւորվեց միջմշակության կապերի հաստատմամբ եւ համագործակցության առաջարկներով: Արցախցիների հետ կապը շարունակական է լինելու»: Թոքմաջյանը հավելեց, որ կրթահամալիրի սաները ճամբարում մարզվել եւ սնվել են բանակային ռեժիմով: Ծրագրի մասնակից Արտավազդ Սողոմոնյանն ասաց, որ ճամբարում ձեռք է բերել ծառայության համար անհրաժեշտ հմտություններ: Պատանին երրորդ վաշտի առաջին դասակի հրամանատարն է եղել եւ արժանացել է «լավագույն ճամբարական» կոչմանը:

«Եթե բանակը սիրես, ծառայությունդ սիրով կիրականացնես: Բանակից խուսափելը միայն դժվարացնում է գործը»,-համոզված է Արտավազդը:

Աղբյուրը՝ http://www.aravot.am/2012/08/29/103759/