• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական ճամփորդությունները Ստամբուլում

Նոթբուքը  նոր հասավ ինձ` երեխաները, իրար ձեռքից խլելով, շտապում էին իրենց նյութերը տեղադրել կայքում, չէ՞ որ վաղը տպավորություններն ավելի շատ և վառ կլինեն այսօրվանից:
Վաղը, չէ արդեն այսօր, գնալու ենք կղզի` ծովափ, Մարմարա ծովում լողալու, իսկ հետո այցելելու ենք Սուրբ Սոֆիայի տաճար: Երեկոյան մեկնելու ենք Իզմիր:
Ստամբուլը հակասությունների, հակադրությունների երկիր է, խիստ ավանդականը զուգակցվում է խիստ ժամանակակից ոճի հետ, ասիականը` եվրոպականի: Այստեղ կարելի է հանդիպել ամեն ինչի:
Շատ աշխատասեր ժողովուրդ են` աշխատում են բոլորը, մեծից փոքրը: Շատ են աշխատող երեխաները, ովքեր կատարում են տարատեսակ աշխատանքներ` կոշիկ փայլեցնելուց  մինչև մատուցող: Աշխատելը նրանց բնական վիճակն է: Իհարկե, կան նաև  մեր երրորդ մասը հիշեցնող պատկերներ` մայթերին նստած երիտասարդներ, բայց դրանք մեծամասամբ սևամորթներն են, որոնց թիվը այստեղ զգալի է:
Երեկոյան փողոցները հիշեցնում են Կոբուլետիի մայթերը, որտեղ վաճառվում է ամեն ինչ` և հագուստ, և կոշիկ, և զարդեր, և… 
Մեր ծրագրի համաձայն, որպես ուսումնական ճամփորդություն, այցելեցինք «Ակոս» շաբաթաթերթի խմբագրություն Առլետի ուղեկցությամբ` բարեհամբույր և հաճելի մի հայուհի:
Տպավորված եմ Հրանտ Դինքի խմբագրություն այցելելուց:Մեզ սիրով ընդունեց «Ակոսի» հայկական մասի խմբագիր Բագրատ Էսդուգյանը՝ Հրանտ Դինքի ընկերը և գործի շարունակողը, բարեկիրթ և հաճելի անձնավորություն:Նա ասաց, որ Թուրքիքյում ապրում են 70 հազար հայեր, ովքեր պաշտոնապես գրանցված են որպես հայ, կան շատ ծպտված հայեր: Կա նաև 35 եկեղեցի, 18 դպրոց, 2 օրաթերթ, 1 շաբաթաթերթ, 2 ամսագիր, 5-6 հայրենակցական միություն:
Նա մեր խմբի հետ երկար զրույց ունեցավ խմբագրատան բացօթյա հարթակում, պատմեց Թուրքիայում հայերի ծավալած աշխատանքների, «Ակոս» հիմնադրամի և շաբաթաթերթի իրենց կատարած աշխատանքների մասին: 24-էջանոց «Ակոսի» միայն 4  էջն է հայերեն: Հրանտ Դինքին ներկայացրեց որպես իր և այլոց արժանապատվությունը գնահատող և պահպանող ազնիվ մարդու: Մեզ նվիրեց «Ակոսի» վերջին երկու համարները: Պարոն Բագրատը  մտահոգություն հայտնեց սիրիահայերի ճակատագրի վերաբերյալ։
Գովելի  է, որ շաբաթաթերթը կուսակցական չէ, այն ներկայացնում է բոլոր հայերի շահերը:
Մեր կրթահամալիրի աշխատանքների և մեր խմբի գործունեության մասին խոսեց Արտակ Զարգարյանը:  Բագրատ Էսդուգյանին փոխանցեցինք մեր կրթահամալիրի մասին պատմող թերթիկը, նրան շատ ոգևորեց մեր կրթահամալիրի փոխանակման, հայրենագիտական ծրագրերը, ուսումնական ճամփորդությունները:
Հետո նա ներկայացրեց խմբագրության աշխատակիցներին: Ծանոթացանք պարոն Սերոբյանի հետ, ով նույնպես «Ակոսի» խմբագիրներից է Եղանք Հրանտ Դինքի աշխատասենյակում, որտեղ զգացվում էր մեծ մտավորականի շունչը: Երեխաների համար այս հանդիպումը պատմության լավ դաս էր:  Օրվա երկրորդ մասում եղանք Շիշլիի հայկական գերեզմանատանը, որտեղ հանգչում են թուրքահայ մտավորականներից և հոգևոր հայրերից շատերը` Դիլաչարը` Հակոբ Մարտանյանը`թուրքիայի ժամանակակից այբուբենի հնարողը, Զարհատը, Ներսիսյանը …
Ստամբուլում գործում է «Վարդանանց» երգչախումբը, որը օգոստոսի 7-ին ելույթ կունենա Երևանում, և նրա անդամներից պարոն Սարգիսը, ով նաև  աշխատում է խմբագրատանը, սիրով հրավիրեց այդ համերգին: Ծրագրում` Կանաչյան, Մոցարտ, Ռոսիննի: Քաղաքում մի քիչ էլ թափառելուց հետո վերադարձանք հյուրանոց: