• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թուրքիայում

 

Բոլորս շատ էինք սպասում այս օրվան: Դե ինչ, գիշերվա ժամը երեքին հավաքվեցինք Մեդիա-կենտրոնի մոտ: Առջևում մեր երկու հազար կմ-անոց ճանապարհն էր դեպի Ստամբուլ:

            Սկզբում չէինք հարմարվում ավտոբուսի պայմանների հետ: Բայց այն փաստը, որ մեր դժվար ճանապարհը անցնելու է Թուրքիայի ծովային, գեղատեսիլ ճամփաներով, որտեղ ամեն հիսուն կիլոմետրի վրա կառուցված է մի գեղեցիկ մզկիթ` իրենց մինարեթներով, և որտեղ հաց չես կարող ուտել, քանի որ մուսուլմանների սրբազան տոնն է` Ռամադանը, մեզ դարձնում էր ավելի հետաքրքրասեր և անհամբեր: Ավտոբուսում, չնայած հոգնածությանը, ժամանակը անցնում է ուրախ, հետաքրքիր:

            Սկզբում անցանք Վրաստանի սահմանը: Այնտեղ տեսանք Թամար թագուհու բերդը: Թուրքիայում ճանապարհը անցնում էր քառասունութ աստիճան տաքությամբ ձորերի միջով, անվերջանալի թվացով թունելներով: Այնուհետև ճանապարհը շարունակվում էր ծովային քաղաքների միջով: Տրապիզոն քաղաքում մենք այցելեցինք թուրքական թեյարան, որտեղ ըմպեցինք թուրքական համեղ թեյ: Իրոք որ, սովորել էինք Հայաստանի ճանապարհներում հանդիպող ցուցանակներին. «Սևան-40 կմ, Եղեգնաձոր- 120 կմ»; Իսկ ինչպես կվերաբերվեք այսպիսի ցուցանակին`«Ստամբուլ 1200 կմ», այն էլ միայն ճանապարհի կեսից` Սամսոն քաղաքից: Փառք Աստծո, այս ամենը մենք հաղթահարել ենք. Այս նյութը գրելու ժամանակ մենք արդեն մոտենում էինք Ստամբուլին:

            Ուզում եմ բոլորի կողմից շնորհակալություն հայտնել մեր վարորդներին `իրենց հոգատար և անձնանվեր վերաբերմունքի համար. նրանք միայն մեզ համար վարեցին ավտոբուսը նաև գիշերային ժամերին: