• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ես սիրում եմ Ձեզ

Նախորդ տարիներին նայում էի Մարմարյա սրահում կանգնած շրջանավարտներին ու մտածում՝ ինչ են զգում, երբ բոլորն իրենց հրաժեշտ են տալիս: Այսօր ես ունեմ իմ հարցի պատասխանը: Ես իմ ընկերների հետ կանգնել էի Մարմարյա սրահում, ու բոլորը հավաքվել էին մեզ բարի ճանապարհ ասելու: Ի՞նչ էի զգում: Ոչինչ, բացարձակապես ոչինչ: Տպավորություն էր, որ նախորդ օրերից մի քիչ տարբերվող առավոտյան ընդհանուր պարապմունքի եմ մասնակցում: Տոնախմբությունն ավարտվեց: Սկսվեց գրկախառնությունը. բոլորը մոտենում էին, համբուրում ու շնորհավորում: Զգացողությունը սկսվեց հենց այդ պահից: Թե ինչ էի զգում այդ պահին, անկարող եմ բառերով ասել, պետք չէ բառերով ասել, որովհետև դրա համար բառեր չկան: Դա էլ ավարտվեց, ինչպես ավարտվում է ամեն լավ ու վատ բան: Բայց օրը շարունակվեց: Ճանապարհը մեզ տարավ Ծաղկունք: Մենք էլ` որպես ուխտավորներ, գնացինք Ծաղկունքի սարալանջին հպարտ կանգնած սուրբ Սարգիս եկեղեցի: Երբ արդեն տեղավորվելու ժամանակն էր, պարզվեց որ անակնկալ ունենք: Ոչ թե պիտի տեղավորեինք այն տանը, որտեղ մի քանի անգամ մնացել էին մեր ընկերները, այլ մնալու էինք Ծաղկունք հյուրատանը: Լավ էր մտածված: Տիարը ինչպես կարող էր անմասն մնալ ու իրեն հատուկ առատաձեռնությամբ մեզ չշնորհավորեր: Իսկ թե ինչ եղավ մնալուց հետո, Տիրգրանն արդեն պատմել է:

Ինձ մնում է ավելացնել մի բան: Ուզում եմ շնորհակալություն ասել ինձ երբևէ դասավանդած և դասավանդող ուսուցիչներին, ովքեր եղել են նաև ընկերներ, հոգ են տարել մեր մասին. մենք Ձեր շնորհիվ կայացել ենք: Ամենամեծ շնորհակալությունը հայտնում եմ տիար Բլեյանին, ով ստեղծել է այն աշխարհը, որտեղ 12 տարի ապրեցինք, դարձանք անհատականություններ ու հիմա նոր կյանք ենք մտնում: Շնորհակալություն բոլոր նրանց, ում ես ունեմ: Ես Ձեզ սիրում եմ...