• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Համացանցում հայերենը լատինատառ, թե՞ հայատառ

Ներկայացվող խնդրի արդիականությունը.

Երբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց գիրը` հայ էթնոսի ազգային դիմագծի պահպանման նպատակով, նա չէր էլ կարող պատկերացնել, որ ընդամենը 1700 տարի անց` մեդիատեխնոլոգիաների ի հայտ գալով, իր սերունդները կսկսեն գրել լատինատառ: Այսօր մենք լայնորեն օգտվում ենք համացանցից, մասնավորապես` սոց. կայքերից: Ակնհայտ է , որ հայ հասարակության մեծամասնությունը համացանցում գրում է ոչ թե հայատառ, այլ լատինատառ:  Պարադոքսալ է հետևյալ փաստը. բոլորիս քաջ հայտնի KDwin ծրագիրը ստեղծվել է հայ ծրագրավորողի կողմից հայ ազգի համար, որպեսզի խեղճ հայ ազգը դադարի լատինատառ օգտագործելուց և համացանցում գրի իր պապերի տառերով: Սակայն դա էլ չօգնեց: Համացանցում մենք շարունակում ենք գրել լատինատառ: Ինչո՞ւ: Չէ որ ընդամենը Alt+Shift ստեղնը սեղմելով` կարելի է փոխել լեզուն: Կարծում եմ` դժվար գործ չէ:  Բայց միևնույն ժամանակի բջջային հեռախոսների մի մասը ուղղակի չի ճանաչում հայերեն տառերը և իսկական տանջանք է դառնում ստացած նամակը կարդալը: Ի՞նչ անել: Ոչ ոք չի կարող ասել:

Օգտատերերը այս խնդրի վերաբերյալ ունեն լրիվ հակադիր տեսակետներ. ոմանք անթույլատրելի են համարում օտար գիր օգտագործելը, ոմանք էլ ուղղակի նայում են հարմարությանը: Իսկ լատինատառը ակնհայտորեն ավելի հարմար է: Որոշ փորձագետներ համարում են, որ այս լատինատառ օգտագործելու տենդենցը շատ վտանգավոր է և կարող է հայոց լեզվի ուղղագրության իսպառ մոռացության բերել: Թեման բավականին արդիական է` հայկական համացանցի զարգացման գործընթացի հետ համընթաց:

Ուսումնասիրության արդյունքներ:

Կարծիք.

Երկու օրվա` համացանցում պեղումներիս արդյունքում գտա տռանսլիտին (այլ կերպ` լատինատառ հայերեն) նվիրված բազմաթիվ նյութեր, ուսումնասիրեցի մարդկանց քոմենթները, և նայեցի հարցումները: Նյութերի բազմազանությունը վկայում էր միայն մի բանի մասին. Լատինատառի և հայատառի պայքարը անցնում է բավականին թեժ մթնոլորտում: Բայց եթե լատինատառի դաշնակից օգտատերերը լայնորեն օգտագործում են այն ամեն օր, ապա հայատառը այս կերպ ասած խեղճանում է. շատերը սիրում են այն միայն պլատոնական սիրով:

Կարծում եմ, լատինատառ գրելու պատճառները ընդամենը սովորությունն ու ծուլությունն են: Ամոթալի նկարագիր մեր հասարակության համար: Բայց մեկ է , ես էլ եմ հիմնականում լատինատառ օգտագործում: