• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստեղծողների աշխարհի ճամփորդությունը

Ուսումնական ճամփորդություն կամ թե արշավ դեպի հեռու՜ն, դեպի քաղաքային մեքենա-եռ ու զեռից էն կողմ մի տեղ: Կարծում եմ` էդ ճամփորդություն ասվածը հենց կախվում է իմ (ու երևի բոլորի) միտք ու գլխից, միանգամից փորձություն ու առեղծվածով լի մի տպավորություն է ակնկալվում: Իսկ մեր դեպքում այն ուսումնական դարձնելու համար էլ որոշեցինք բնանկար անել էնտեղ: Ա՛յ թե էս մտքից կրկնակի թունդ հավեսով էի բռնվել. հարյուր տարի է ու երևի ավելի, ինչ մոլբերդ-վրձին առած` բնանկարի չէի ելել: Կարգին իրարանցում էր նաև դպրոցում. թուղթ ու մատիտ, ներկեր-տախտակ, ինչ կար ու չկար աշխույժ վազքով մեքենաներն բարձած՝գնացինք մեր բնանկարի աշխարհը փնտրելու: Վերջը հասանք ուռիների ալիք եկող ճյուղերով քողարկված մի աշխարհ, ուր հենց դեմ դիմաց՝ մի քիչ ջղային, մեծ ու կլոր , համարյա ժայռ դարձած քարերի գլխին, շատ հի՜ն աշխարհներից եկած մի եկեղեցի էր լուռ համեստությամբ կարմրին տալիս, ներքևում էլ գետն էր, ինքնավստահ ձենը գլուխը գցած, փրփրին տալիս: Է՜հ, քաղաքի խիստ կանոնիկ քար ու շարքից, շենք ու ասֆալտից հետո շշմելու տեղ, ուր մարդ իրեն շատ փոքր` համարյա թե ոչ մեկը կարող է զգալ: Մի լավ տեսանք-տեսանք, կշտացանք թե չե, հրես հիշեցինք, որ մենք ուրիշ` ստեղծողների աշխարհից ենք ու էն, ինչ պիտի էդտեղ անեինք, ոչ մի էդքան չտեսնված սիրուն քար ու թուփ չէին կարող անել ու չէին կարող, ջրի ոչ մի փրփուրն ինքնուրույն չէր կարող անգամ ինքն իր համար միտք անել ու դեռ մի բան էլ իրենից բան հնարել, ասել է թե` ստեղծագործեր: Այ հենց էդ զգալ-ստեղծելու հատկությունն էլ մեր մեջ առած` սիրտ արեցինք էդ հոյակերտ բնությունը մեր գլխի միջով վերարտադրել թղթին ու անցնել մեր արկած-ակնկալիքի որոնմանը, մեր խաղ ու գնդակին, աշխույժ վազքին: