• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում

Հունվար-մարտ ամիսների աշխատանքի հաշվետվություն

 

1.      Հանրակրթության պետական նոր չափորոշչի պահանջներին համապատասխան  կրթահամալիրումիրականացվող«Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագրի չափորոշչի, ըստ չափորոշչի` ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, սովորողի ուսումնական առաջադիմության գնահատման համակարգի մշակում

«Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագրի չափորոշիչն ստեղծման փուլում է: Ձևավորվել են աշխատանքային խմբերը, կազմվել է ժամանակացույց:

Դասավանդողների, սովորողների, ծնողների քննարկմանն են ներկայացված չափորոշչի առանձին հատվածներ` «Ընդհանուր դրույթներ», «Սովորողի ուսումնական գործունեության տեսակները և ձևերը»,«Գնահատումը կրթահամալիրում», «Կրթական ծրագրի գործունեության գնահատման ցուցանիշներ», «Ուսումնական պարապմունքի արդյունավետության գնահատում»: Ուսումնական պարապմունքների նոր կազմակերպում ապահովելու համար ստեղծվում են ուսումնական նոր կաբինետներ, կրթահամալիրի միջին դպրոցի 7-9-րդ դասարաններում, ավագ դպրոցներում ուսուցումը կազմակերպվում է ուսումնական կաբինետներում, արվեստանոցներում, արհեստանոցներում, լաբորատորիաներում: Ձևակերպվում են դրանց ներկայացվող չափորոշչային պահանջները:

Գործում է կրթահամալիրային միասնական մշտական սեմինարների նոր կարգ, սեմինարներին` ըստ կրթական ծրագրերի կազմակերպվող մեթոդական բաց պարապմունքներին ներկայացվում են այընտրանքային կրթական ծրագրի ուսումնական պլանի գործունեության արդյունքները և փոփոխությունների առաջարկությունները, ծրագրերի փորձարկման ընթացքն ու արդյունքները:

Փորձարկվում է նաև փաստաթղթերի առցանց քննարկման նոր ձև, երբ աշխատանքային խումբը փաստաթուղթն ուղարկում է կրթահամալիրի դասավանդողների և ծնողների,  հասցեներին, ներկայացնում մանկավարժական հավաքներում, տեղադրում կայքի հատուկ էջում, մեկժամյա առցանց քննարկում կազմակերպվում կայքում և ամփոփում քննարկումների արդյունքները:

2.      Կրթահամալիրի, դպրոցի, դասարանի, խմբի, սովորողի ուսումնական գործունեության, ուսումնական պարապմունքի արդյունավետության գնահատման էլեկտրոնային համակարգի ամբողջացում, էլեկտրոնային մատենավարության ամբողջական ներդրում

Համացանցում շարունակվում է կրթահամալիրի դասարանների, դպրոցների էլեկտրոնային մատյանների փորձարկումը, լրացվում է սովորողների մասին տեղեկությունների էլեկտրոնային բազան, որը սահմանված կարգով կգործի նաև դպրոցի էլեկտրոնային փոստում: Հեղինակային մանկավարժության մայիսյան 7-րդ հավաքին կներկայացվեն արդյունքները:

3.      Մեդիահանրակրթության սովորողների, դասավանդողների առողջության պահպանման ծրագրի մշակում և ներդրում

Կրթահամալիրում ստեղծվել է առողջագիտության կենտրոն: Հայկական ակնաբուժական «Լույս հայի աչքին» նախագծով ստուգվել է կրթահամալիրի կրտսեր, միջին, ավագ դպրոցների սովորողների տեսողությունը: «Delta Clinic» բժշկական կենտրոնում սկսվել է կրթահամալիրի դասավանդողների ողնաշարի և վահանաձև գեղձի ստուգումներ: Կայքում կենտրոնն ունի իր էջը:

Ստեղծվում է կրթահամալիրի սովորողների բժշկական փաստաթղթերի էլեկտրոնային բազան:

4.      Անհատի կրթության իրավունքի ապահովման նպատակով առցանց ուսուցման ծրագրի մշակում  և կազմակերպում

Առցանց ուսուցման կարգը մշակման փուլում է և այդ աշխատանքին զուգահեռ` համացանցում ստեղծվում է ուսումնական նյութերի և առաջադրանքների բազա:

5.      Համացանցում դասավանդողների և սովորողների անհատական էջերի (բլոգների) գործարկում` որպես ուսումնական տարածք. սովորողների հեռավար ուսուցում: Ուսումնական նոր կայքի, ենթակայքերի, էլեկտրոնային պարբերականների (Լուսաստղ, ART-mskh) ստեղծում

Կրթահամալիրի բլոգեր ուսուցիչների և սովորողների թիվը ավելի քան կրկնապատկվել է: Դասավանդողները և սովորողները փորձարկում-յուրացնում են [email protected]-ի օրացույցը` որպես ուսումնական միջավայր: Բացակայող սովորողները կարողանում են ուսումնական պարապմունքին մասնակցել այդ միջավայրի օգնությամբ` վերցնելով նյութերը, կատարելով առաջադրանքները, մասնակցելով քննարկումներին: Սովորողներն իրենց փոստերի SkyDrive-ներում հավաքում են իրենց ուսումնական գործունեության արդյունքների էլեկտրոնային փաթեթները: Հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան 7-րդ հավաքի ծրագրում նախատեսված է նաև սովորողների, դասավանդողների անհատական էջի (փաթեթ, բլոգ), էլեկտրոնային օրագրի, էլեկտրոնային մատյանի կիրառման արդյունքների ներկայացում: Ստեղծվել են ավագ դպրոցի, գեղարվեստի դպրոցի և info-mskh.amլրատվականի նոր ենթակայքերը: «Լուսաստղ» ամսագիրը հավաքում է սովորողների հետազոտական, թարգմանական աշխատանքի արդյունքները, բլոգեր-սովորողների քննարկումները: Հունվար-մարտ ամիսներին ամսագրում հրապարակվել է 86 էջ:  ART-mskh ակումբը «Լուսաստղում» ունի իր բաժինը:

6.     Կրթահամալիրում իրականացվող հանրակրթական, արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերը, որպես տեխնոլոգիական կրթության (կարողությունների ձևավորում և զարգացում) տարբեր մակարդակներ. ուսումնական կարգերի, ծրագրերի լրամշակում ՀՀ օրենքով կրթության պետական սկզբունքների ապահովման նպատակով

Արհեստագործական ավագ դպրոցում շարունակվում է 2012-2013 ուսումնական տարվա ուսումնական պլանով նախատեսված արտադրությամբ ուսուցման կազմակերպումը: Արհեստների խորացված ուսուցման ուսումնական պլանները վերամշակվում են` ներառելով արհեստագործական ուսուցման մոդուլները: Մայիսյան 7-րդ հավաքին կներկայացվի տարվա աշխատանքի արդյունքը: Մինչև 2011թ. հուլիսը 5-9-րդ դասարանների տեխնոլոգիական դասընթացների համար կմշակվեն նոր ծրագրեր, արհեստագործական ավագ դպրոցի համար` արհեստագործական ուսուցման մոդուլներ:

7.      «Կրթության կազմակերպումը ավագ դպրոցում» գիտափորձի մշակում և ներդրում, այդ թվում` անհատական ուսուցման կազմակերպում, կրեդիտային համակարգի մշակում, մասնագիտական փորձառության կազմակերպում, հետազոտական նախագծերի և ինքնակրթության ծրագրերի մշակում

Սկսվել է աշխատանքը, ստեղծվել է աշխատանքային խումբ: Դասավանդողների, սովորողների, ծնողների շրջանում քննարկվում է ««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցներում ուսումնական գործի կազմակերպման հիմնադրույթներ» փաստաթուղթը: Մայիսյան 7-րդ հավաքին կներկայացվեն 12-րդ դասարանում ուսուցման կազմակերպման մեկ տարվա արդյունքները: Կրթահամալիրի սոցիոլոգի ծառայությունը մշակել և 2011թ. դեկտեմբեր 2012թ. ապրիլ ամիսներին անցկացնում է ուսումնասիրություն 9-12-րդ դասարանցիների շրջանում` պարզելու սովորողների ակնկալիքները ավագ դպրոցներից, նրանց մասնագիտական կողմնորոշվածությունը, կրթությունը շարունակելու համար նրանց կողմից անհրաժեշտ համարվող հմտությունները: Արդյունքները կարող եք տեսնել info.mskh.am ենթակայքի «Վիճակագիր» էջում:

8.      Կրտսեր դպրոց-պարտեզում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագրի բովանդակության բազմաձևության  (լեզվագործունեություն, այդ թվում` օտար լեզուներ, թվաբանական,  բնագիտական-բնապահպանական, տեխնոլոգիական, այդ թվում` մեդիա, երաժշտական, այդ թվում` պար և նվագարաններ, մարզական, այդ թվում` մարմնամարզություն և լող, թատերական) ապահովում` ծրագիրը կրող ուսուցչի (դաստիարակի և դասվարի) կարողությունների զարգացման և նրա աշխատանքի կազմակերպման միջոցով: Կրթահամալիրում իրականացվող «Կրտսեր դպրոց-պարտեզում 5-6 տարեկան նախադպրոցականների ծրագրված գործունեության, նրանց ընդունակություններին ու առանձնահատկություններին համապատասխան պարտեզից դպրոց անցում» գիտափորձի արդյունքների ամփոփում, վերլուծում

Լրամշակվում են «Իմացումի հրճվանք» ծրագիրն իրականացնող դասվարի նկարագիրը, բովանդակության ուսուցման մոդել միջավայրի` համալիր-կաբինետի պահանջները, կաբինետները լրացվում են նոր գործիքներով և նյութերով:  Դասվարները խմբերով շարունակում են դիզայն-տեխնոլոգիա-խեցեգործություն սովորել մասնագիտական ուսուցման խմբում, յուրացնել երաժշտական գիտելիք և դասավանդման հմտություններ միջին մասնագիտական կրթական ծրագրով: Սայաթ-Նովայի 300-ամյակի տոնակատարության ժամանակ դասվարների երգչախումբը կներկայանա համերգային ծրագրով:

Ստեղծվել է «Կրտսեր դպրոց-պարտեզում 5-6 տարեկան նախադպրոցականների ծրագրված գործունեության, նրանց ընդունակություններին ու առանձնահատկություններին համապատասխան պարտեզից դպրոց անցում» գիտափորձի արդյունքների ամփոփման աշխատանքային խումբ, մշակվել են աշխատանքային նախագիծ, ժամանակացույց, ուսումնասիրության գործիքները: Մայիսյան հավաքին գիտափորձի1-ին դասարանները կներկայացնեն «Ես մեդիագրագետ եմ» նախագիծը:

Կրտսեր դպրոցականների ծնողներն ավելի ակտիվ են ներգրավվում ծեսերի, տոների կազմակերպման և մեդիօլիմպիադայի ծրագրում: Կրտսեր դպրոցականների համար մեդիաօլիմպիադան ընտանեկան ստեղծագործական աշխատանք է: mskh.am-ում ավելացել են ընտանեկան ստեղծագործական նախագծերը, գործում է «Մայրիկի օրագիր» բաժինը: 

9.      Գործընկեր կազմակերպությունների (ՁԻՀ, ԻՏՁՄ, Յունիքոմփ, Ֆիրմա Ալֆա, Մայքրոսոֆթ-ԱՐԷՅ, Նորք, ԿՏԱԿ, Սինոփսիս) աջակցությամբ «Նոթբուքն ինձ դասընկեր», «Էլեկտրոնային գրատախտակը, պրոյեկտորը, էլեկտրոնային գրիչները հանրակրթական դասարանում», «Ռոբոտիքս», «Էլեկտրոնային կրթահամալիր-կրթական միջավայր» ծրագրերի զարգացում

Հանրակրթական Դիջիթեք 2012-ի նախապատրաստման համար կրթահամալիրը գործընկեր ՏՀՏ կազմակերպությունների աջակցությամբ բարելավել է ուսումնական միջավայրը: 2012թ. հունվար-մարտ ամիսներին կրթահամալիրի դպրոցներն ապահովվեցին անլար համացանցով, սովորողները և դասավանդողները շարունակում են ձեռք բերել անհատական նոթբուք-ներթբուքներ. նախատեսված է, որ  2012թ. սեպտեմբերին կրթահամալիրի սովորողը և դասավանդողը դպրոց է հաճախելու անհատական դյուրակիր համակարգչով: Այդ նպատակով կրթահամալիրը նաև ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների տեխնոլոգիական վերազինման և տեղեկատվական-հաղորդակցական նորարարական տեխնոլոգիաների տրամադրման ծրագրին 250 նոթբուք-նեթբուքի հայտ է ներկայացրել: ԻՏՁՄ-ի աջակցությամբ VivaCell-ը կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի էլեկտրոնիկայի-ծրագրավորման խորացված ուսուցման կենտրոնին նվիրել է ուսումնական նոր ռոբոտ: «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի «Հեռանկար» ծրագրի միջոցներով ձեռք է բերվել և տեղադրվել է ժամանակակից աստղացուցարան: 

Կրթահամալիրի սոցիոլոգի ծառայությունը մշակել և անցկացրել է ուսումնասիրություն կրթահամալիրի դասավանդողների և սովորողների ՏՀՏ անձնական միջոցների և ուսումնական նպատակներով դրանց գործածության մասին: Արդյունքները` info.mskh.am ենթակայքի «Վիճակագիր» էջում:

10.   Գործընկեր միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ էկոլոգիական կրթության ծրագրերի զարգացում, նախագծերի մշակում և իրականացում

Կրթահամալիրը էկոլոգիայի դասավանդման հարցում համագործակցում է SPARE (ԷՌՕԴԾ), ATP (Ծառատունկի), ACE (Ակոպյան բնապահպանական կենտրոն) միջազգային ծրագրերի հետ: Կրթահամալիրի սովորողները, բնապահպանական ակումբի սաները, էկոլոգիայի ուսուցիչները մասնակցում են այդ ծրագրերով կազմակերպվող ուսումնական միջոցառումներին, էկոլոգիական-հայրենագիտական արշավներին (3 արշավ, 9 ուսումնական պարապմունք ամերիկյան համալսարանում), ուսումնական պարապմունք են արել Սևանի պետական ազգային պարկում:

Բնասերները պատրաստվում են էկոլոգիական նախագծերի բաց մրցույթին: Ակտիվ նամակագրական կապի մեջ  վրաստանցի գործընկերների հետ` մրցույցի երկրորդ փուլը համատեղ անցկացնելու համար: Լրամշակման-քննարկման փուլում է էկոլոգիայի ուսուցման ծրագիրը:

11.   Սովորողների և ուսուցիչների ընտրությամբ` վրացերենի, պարսկերենի, թուրքերենի ուսուցման միջոցով միջմշակութային հաղորդակցության զարգացում: Հետազոտական աշխատանքներում ուսուցիչների օտար լեզուներ, այդ թվում` անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, իսպաներեն, կիրառելու հմտությունների զարգացում

Ստեղծվել, կրթահամալիրի գործընկեր ԵՊԼՀ մասնագետների  հետ քննարկվել, փորձարկվել և ԿԳ նախարարություն է ներկայացվել վրացերենի, թուրքերենի ուսուցման ծրագրերը:

Սովորողների գարնանային արձակուրդի օրերին ավագ դպրոց-վարժարանի վրացերենի խորացված ուսուցման խումբը ուսումնական փորձառության եղավ Թբիլիսիում, որտեղ կրթահամալիրի գործընկերների հետ քննարկվեցին 2012թ. գարնանը համատեղ իրականացվող ծրագրեր: Մեծացել է վրացերենը կամ թուրքերենը որպես 3 օտար լեզու ընտրող սովորողների թիվը: Վրացերենի պետական տոնը միասին նշելու համար ապրիլի 12-14-ը նախապատրաստվում է վրաց գործընկերների այցը կրթահամալիր:

12.   Ուսումնահայրենագիտական ճամփորդություններ, արշավախմբային գործունեություն

Մշակվում է 2012թ. ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների ցանկը: 2012-2013 ուստարվա համար լրամշակվում է ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների մասնակցության կարգը: Գործում է  կրտսեր և միջին տարիքի սովորողների, ավագ դպրոցականների հայրենագիտական 2 ակումբ:

Հունվար-մարտ ամիսներին կազմակերպվել է 32 ուսումնական ճամփորդություն քաղաքում և 8 հայրենագիտական արշավ: Կոշի ամրոցը ուսումնասիրելիս սովորողները գտել քարանձավ, որը, ենթադրվում է, կապ ունի ամրոցի հետ:   

13.   Պարբերական մեդիաօլիմպիադաների և օլիմպիական ճամբարների, «Ուսումնական մեդիաթատրոն»  ստուգատեսի, ամենամյա հանրակրթական DigiTec-ի, մեդիափառատոնի կազմակերպում

«Հանրակրթական Դիջիթեք-2012»-ին մասնակցել են 1200-ից  ավելի  սովորող,  150 ուսուցիչ, սահմանված կարգով ներկայացվել է  մոտ 1000 աշխատանք և 70 հոդված: Աշխատանքների հղումները տեղադրված են  digiteq.mskh.am  կայքի «Մասնակիցներ» էջում, հոդվածները` «Դպիր» էլեկտրոնային ամսագրի հատուկ` 50-51-րդ համարներում:  Մրցանակային հանձնաժողովը ըստ 14 անվանակարգերի ներկայացված նյութերի դիտում-քննարկման արդյունքում սահմանել և հանձնել է մրցանակներ, խրախուսական մրցանակներ: Բոլոր 14 անվանակարգերում գլխավոր մրցանակները հանձնել է «Ալեքսանյանների ընտանիք» հիմնադրամը, հատուկ մրցանակներ` Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմը, ՀՀ-ում Վրաստանի դեսպանատունը, «Ուսուցչաց տուն» ՀԿ, Բրյուսովի  անվան լեզվաբանական համալսարանը, հեռուստահաղորդավար Նազենի Հովհաննիսյանը, խրախուսական մրցանակներ` Հայ Առաքելական եկեղեցու Քրիստոնեական  դաստիարակության կենտրոնը, «Յունիկոմփ»  ընկերությունը, ՀՀ Ֆիզկուլտուրայի և տուրիզմի աշխատողների արհմիության  հանրապետական միությունը,
Արցախի ԿԳՆ նախարարությունը, «Կրթասեր», «Զարթոնք» ՀԿ-ները, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը, «Նորք»  կենտրոնը,
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը:

«Ձմեռ» մեդիաօլիմպիադան կազմակերպվել է 2012 հունվար-փետրվար ամիսներին: Մասնակիցների թիվը` մոտ 800, հրապարակված առաջադրանքները` 60: Նախորդ 4 մեդիաօլիմպիադայի արդյունքները նկատի ունենալով` մշակվել է «Գարուն» մեդիաօլիմպիադայի կարգը: Ուսուցչի և ծնողի մանկավարժական զինանոցը հարստացնելու, ընտանեկան միջավայրը փոխելու նպատակով մեդիաօլիմպիադայում ներառվել է նաև մանկավարժական առաջադրանք:

Կազմակերպվել են Թումանյանական օրեր, Չարենցյան օրեր առցանց ստուգատեսները:

Արդեն հայտարարված են հունիսյան փառատոները` ֆիլմերի, երաժշտական, թատերական: 

14.   Սովորողների օժտվածության զարգացման ակումբների գործունեության կազմակերպումը որպես հեղինակային կրթական ծրագրով լրացուցիչ կրթություն («Տիեզերք», «Ռոբոտիքս», ծրագրավորողների, գիտակների, մշակութային, հայրենագետների, «Խաղարկային դատարան»), աստղացուցարանի նախագծի և գործունեության մշակում

Սովորողների օժտվածության զարգացման ակումբները գործում են ըստ իրենց աշխատակարգերի և ծրագրերի: «Տիեզերք» ակումբում սովորողները հանդիպել են գիտնականների` Հայ-սլավոնական համալսարանի ֆիզիկա-տեխնիկական  ֆակուլտետի դեկան, պետական մրցանակի դափնեկիր ֆիզիկոս Հայկ Սարգսյանի, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի հետ: «Տիեզերք», հայրենագետների ակումբներում ներգրավվել են սովորողներ նաև քաղաքի այլ դպրոցներից: Արդեն գործող աստղացուցարան սկսել են հաճախել սովորողների խմբեր քաղաքի դպրոցներից:

15.   Սովորողների և դասավանդողների ներհայաստանյան և միջազգային փոխանակման ծրագրերի, պարբերական առցանց քննարկումների, հետազոտող ուսուցիչների ամենամյա մայիսյան, հոկտեմբերյան ստեղծագործական, բաց հավաքների կազմակերպում: Մեդիատեխնոլոգիական հանրակրթության գործընկեր դպրոցների ցանցի, այդ  դպրոցների համար ուսումնական փաթեթի ստեղծում, ղեկավարների և դասավանդողների վերապատրաստում

Փոխանակման ծրագրով կրթահամալիր է այցելել Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի աշխատողները: Նախապատրաստվում է կրթահամալիրի ուսուցիչների և սովորողների այցը մայիսի սկզբին` Արցախ և մայիսի վերջին` Թբիլիսի: 

Վրացերենի խորացված ուսուցման սովորողների այցելությունը Թբիլիսի կազմակերպվել է կրթական փոխանակումների ծրագրի շրջանակում: Սովորողները հյուրընկալվել են թբիլիսցի հասակակիցների տանը:  

Հրապարակված ծրագրով նախապատրաստվում է հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան ամենամյա 7-րդ հավաքը: 

Կրթահամալիրում կազմակերպվող առցանց քննարկումներին մասնակցում են ուսուցիչներ նաև այլ հաստատություններից:

Մասնավորապես գործընկեր դպրոցների արդյունավետ գործող ցանց ստեղծելու համար նախատեսում ենք կրթահամալիրում ապրիլին անցկացնել դպրոցների ղեկավարների հետ 1-օրյա հանդիպում, որի համար կազմակերպական աջակցության ակնկալիքով դիմել ենք ՀՀ ԿԳ նախարարությանը:  

16.   Աջակցություն կրթահամալիրի` որպես մեդիահանրակրթության և տեխնոլոգիական կրթության այլընտրանքային (հեղինակային) արդյունավետ համակարգի պահպանությանը (մանկավարժության կենտրոն և մանկավարժական էլեկտրոնային «Դպիր» պարբերական, ուսումնական կայք (այդ թվում` ինտերնետային TV,  ինտերնետ ռադիո, թարգմանչական լրատվական գործակալություն, Վիքիպեդիայի խմբագրություն), մեդիագրադարան, մեդիահրատարակչատուն, մեդիատպագրություն

Հունվար-մարտ ամիսներին հրապարակվել են mskh.am-ի մոտ 4000 էջ, և գործել են նրա տասնյակից ավելի ենթակայքերը, հրապարակվել է «Դպիր» էլեկտրոնային ամսագրի 50-53-րդ համարները` 100-ից ավելի էլեկտրոնային էջ, այդ թվում` մանկավարժական դասական երկերի թարգմանություն: mskh.am-ը պահպանում է իր առաջատար դիրքը հայկական կրթական և գիտական վեբ կայքերի մեջ: TV mskh-ը թողարկել է 25 հաղորդում, լրատվական գործակալությունը ստեղծել է իր ենթակայքը:   

17.   Աջակցություն կրթահամալիրում իրականացվող նախադպրոցական այլընտրանքային կրթության ծրագրին. 2-3, 3-4, 4-5 տարեկան երեխաների նախակրթարանային խմբերի պահպանում, 2007թ. ծնված երեխաների` կրթահամալիրի կրտսեր դպրոցին նախապատրաստական ուսուցման կազմակերպում, հանրապետության նախադպրոցական հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողների վերապատրաստում, ծրագրային նյութերի և վերապատրաստման մոդուլների հրատարակում, ՀՀ ԿԳՆ սահմանած կարգով ներկայացում, «Պարտեզ» էլեկտրոնային կայքի պահպանում

Կրթահամալիրի 4 նախակրթարաններում ստեղծվել են 2-5 տարեկանների նոր մոդել խմբասենյակները` որպես երեխայի խնամքի և հիգիենայի, ինքնուրույնության զարգացման նոր միջավայր` համակարգչով և էլեկտրոնային գրատախտակով, թվային ձայնագրիչով, ֆիտո-տեսախցիկով: Կրթահամալիրում այսօր գործում են 8 խմբեր, հաճախում է 2-5 տարեկան 179 սան: Նախապատրաստվում է 2012-2013 ուսումնական տարվա նախապատրաստական խմբերի ընդունելությունը:

«Պարտեզ» էլեկտրոնային ամսագրի միջոցով իրականացվել են մի շարք նախագծեր՝     ծաղկատունկ, գարնանային աշխատանքների նախապատրաստություն, ծիսական հետազոտություններ (Զատիկը տարբեր երկրներում), գյուղատնտեսական խորհրդատվություն, տեղեկատվություն ծնողների մասնագիտությունների մասին, տեխնոլոգիական այլ աշխատանքներ՝ ամանորյա և այլ ծիսական իրեր,  ծիսական դիմակներ:

Ամսագրի պատվերով սկսվել և շարունակվում են եռալեզու ընթերցարանների, հետաքրքրաշարժ խնդրագրքերի  ստեղծման աշխատանքները:

Գործընկեր մանկապարտեզների արդյունավետ գործող ցանց ստեղծելու համար նախատեսում ենք կրթահամալիրում ապրիլին անցկացնել քաղաքի նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հետ 1-օրյա հանդիպում, որի համար կազմակերպական աջակցության ակնկալիքով դիմել ենք ՀՀ ԿԳ նախարարությանը:  

Ծրագրի ընթացքին և առկա արդյունքներին մանրամասն կարող եք ծանոթանալ Հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան 7-րդ հավաքում, mskh.am-ում:

Կրթահամալիրի տնօրեն` Աշոտ Բլեյան

Ծրագրերի կենտրոնի ղեկավար` Սուսան Մարկոսյան