• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավագ դպրոցում ուսումնական գործի կազմակերպման հիմնադրույթներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցներում ուսումնական գործի կազմակերպման հիմնադրույթներ

«Մխիթար Սեբասատացի» կրթահամալիրի (այսուհետ` կրթահամալիր) ավագ դպրոցներում`ավագ դպրոց-վարժարան, արհեստների ավագ դպրոց, գեղարվեստի ավագ դպրոց (այսուհետ` դպրոցներ) ուսումնական գործունեության կազմակերպման հիմքում երեք հիմնական սկզբունքներ են` մարդասիրություն, ազատություն, ստեղծականություն: Առաջինը բնութագրում է ուսումնական գործի մասնակիցների փոխհարաբերությունները, երկրորդը` ուսումնական միջավայրը, երրոդը` մեթոդը:

Ուսուցման գործը կազմակերպվում է առանձին դասընթացների ուսումնական պարապմունքների, մասնագիտական փորձառությունների, սովորողների նախասիրությունների զարգացման ակումբների, ուսումնական այցելությունների, ճամփորդությունների և արշավների, մեդիաօլիմպիադաների, ստուգատեսների (այդ թվում` նաև հանրակրթական Դիջիթեք, մեդիափառատոն), օլիմպիական ուսումահետազոտական ճամբարների, հասարակական նախագծերի տեսքով:

Ավագ դպրոցի սովորողը պետական ամփոփիչ ստուգումներին մասնակցելու իրավունք ձեռք բերելու համար երեք տարվա ընթացքում իր ուսումնական գործունեության արդյունքներով հավաքում է «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» կրթական ծրագրի չափորոշչւվ որոշված որոշակի քանակի միավորներ (կրեդիտներ):

Ուսումնական գործունեությունը երեք մասից է բաղկացած.

  • Ընդհանուր հանրակրթություն. ապահովում է հանրակրթության պետական չափորոշչով որոշված պահանջները:
  • Սովորողի ընտրությամբ գործունեություն. ապահովում է սովորողի անհատական կրթական պատվերը:
  • Հասարակական գործունեություն. ապահովում է սովորողի հասարակական զարգացումը:

Ընդհանուր հանրակրթությունն իրականացվում է հանրակրթության պետական չափորոշիչով որոշված ուսումնական բնագավառների համապատասխան դասընթացների ընտրությամբ: Յուրաքանչյուր դասընթացը ավարտվում է տրված դասընթացի ծրագրով որոշված ձևով ամփոփմամբ: Դասընթացը հաջողությամբ ավարտած սովորողն ստանում է համապատասխան միավորը: Դասընթացը չավարտած սովորողը պետք է կրկնի դասընթացը:

Սովորողի ընտրությամբ գործունեությունն իրականացվում է առանձին առարկաների խորացված ուսուցման դասընթացներով (այդ թվում` նախնական մասնագիտական), դրանցով որոշված մասնագիտական փորձառություններով, մեդիաօլիմպիադաներով, ստուգատեսներով, ուսումնահետազոտական ճամբարներով: Առանձին սովորողներ կարող են դասընթաց ընտրել բուհում, միջին մասնագիտական հաստատությունում, որոնց հետ կնքած համապատասան պայմանագրով հաջողությամբ ուսումնասիրած դասընթացը սովորողի համար համապատասխան կրեդիտ է ապահովում հետագա ուսումառության ընթացքում:

Հասարակական գործունեությունը կազմակերպվում է ակումբային գործունեության, տարբեր հասարակական նախագծերի իրականացման միջոցով, ճամփորդություններով, արշավներով, ճամբարներով:

Յուրաքանչյուր կիսամյակի համար սովորողը կիսամյակը սկսվելուց 2 ամիս առաջ ընտրում է իր դասընթացները շաբաթական 34 ժամ ծանրաբեռնվածությամբ (ակումբային պարապմունքները և հասարակական նախագծերը ընդգրկվում են ծանրաբեռնվածության մեջ)և ուսուցման կազմակերպման ձևը (առկա, հեռավար): Ուսուցման առկա ձևի ընտրության դեպքում սովորողի մասնակցությունը ուսումնական պարապմունքներին պարտադիր է:

Սովորողի մասնակցությունը մարզական որևէ ակումբում պարտադիր է:

Գևորգ Հակոբյան 

 [email protected]