• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կարող է սուզվել ոչ միայն կլպած նարինջը

2012թ. մարտի 3-ին Անահիտ Ավագյանը www.mskh.am կայքի առաջին էջում թողարկել էր «Նարինջը և բնագիտական փորձը» տեսանյութը: Շատ գովելի է, որ մեր դասվարները, հատկապես Անահիտ Ավագյանը, դասարանում փորձեր են կատարում:

Բայց փորձի կատարումը և դրա` մեր իմացած բացատրությունը սովորողին փոխանցելը չպիտի լինեն այդ փորձերի կատարման նպատակը: Կրթահամալիրի դասվարների սեմինարին մի քանի անգամ անդրադարձել եմ այս հարցին (վերջին անգամ այդ մասին խոսել եմ «Դպիրում» Իվետա Ջանազյանի  «Բնագիտական փորձեր 5-6-րդ դասարանցիների համար» հոդվածի առիթով): Երևում է, որ մեր դասվարները լավ չեն ընկալել բնագիտական փորձի դերը և նշանակությունը կրտսեր դպրոցում: Սովորողին զարմացնող և ուրախացնող փորձին պետք է հետևի ոչ թե ինչ-որ երևույթի՝ մեր իմացած բացատրությունը, այլ հարցերի և փորձերի մի ամբողջ շղթա: Օրինակ, Անահիտ Ավագյանի վերջին նյութի հետ կապված, ներկայացնեմ հարցերի շարք, որոնց պատասխանը սովորողները կարող էին գտնել փորձերի միջոցով.

  • Եթե լողացող նարինջը կլպեինք, նա կսուզվե՞ր։
  • Եթե նարինջը շատ երկար ժամանակ թողնեինք ջրի մեջ, նա կսուզվե՞ր։
  • Ուրիշ մրգերը (կիտրոն, թուրինջ, մանդարին, խնձոր, տանձ, սերկևիլ և այլն) ի՞նչ են լինում ջրի մեջ։
  • Կա՞ն մրգեր, որոնք սուզվում են և՛ կլպած վիճակում, և՛ առանց կլպելու։
  • Ի՞նչ տարբերություն կա չկլպած վիճակում սուզվող և չսուզվող մրգերի կճեպների մեջ (այստեղ գործի ենք դնում խոշորացույցը, մանրադիտակը)։
  • Հավանաբար, ի՞նչն է նկատվող երևույթի պատճառը (երբ լողացող նարինջը կլպում ենք, այն սուզվում է)։
  • Մեր կյանքում հանդիպե՞լ ենք նման երևույթի (կարելի է հիշել լողափուչիկները, որոնք օգտագործում են լողալ չիմացող մարդիկ` ջրում չսուզվելու համար)։
  • Կյանքում էլ որտե՞ղ կարելի է օգտագործել դիտված երևույթը և այլն:

Կրտսեր դպրոցում (նաև միջին դպրոցում) դասավանդողներին հիշեցնում եմ, որ փորձ կատարելը ինքնանպատակ չէ. կարևորը սովորողներին կյանքի երևույթներին գիտական մեթոդով մոտենալուն սովորեցնելն է՝  փորձեր-դիտարկում-ընդհանրացնում-եզրակացություն-կիրառություն: Լավ է երկար ժամանակ մեկ երևույթ հետազոտել, քան շատ երևույթներ` կարճ ժամանակով, հպանցիկ:

Այլապես, կարող է սուզվել ոչ միայն կլպած նարինջը, այլև լավ գաղափարը: