• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առաջարկում եմ ծրագրային քննարկումներ

 

Սովորողի ինքնասպասարկման աշխատանքները որոշված են կրթահամալիրի ուսուցողական ծրագրերի ուսումնական պլանների պարզաբանումներում, սովորողի ուսումնառության պայմանագրում, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններում. «Սովորողները սահմանված կարգով մասնակցում են պարտադիր ինքնասպասարկմանը` հիգիենիկ պահանջների պահպանում, ուսումնական տարածքի և գույքի խնամք»: Ասել է, թե ծրագրային խնդիր է, որ սովորողները իրենք ապահովեն իրենց դասասենյակում մաքրությունը, օդափոխությունը, սեղանների, աթոռների, տեխնիկայի խնամքը:

Մեր սովորողները, իմ կարծիքով, ընտրել են ամենաանարդյունավետ ճանապարհը. կազմել են հերթապահության ցուցակ և այդ ցուցակի համապատասխան, դասերից հետո, երկու-երեք հոգով մնում և մաքրում են դասասենյակը (մենք էլ էինք ժամանակին այդպես վարվում): Օրվա ընթացքում սովորողները, նաև այդ օրվա հերթապահները, անփութորեն կեղտոտում են իրենց դասասենյակը, իսկ օդափոխության մասին չեն էլ մտածում: Այնինչ, փորձը ցույց է տալիս, որ մաքուր է լինում այնտեղ, որտեղ չեն կեղտոտում, իսկ պատահաբար կեղտոտածը արագ մաքրում են: Ընդամենը յուրաքանչյուրիս մոտ սովորություն դարձած պահանջ պետք է լինի չկեղտոտելը, հեռանալուց առաջ հավաքելը, դասավորելը, կեղտը չհանդուրժելը: Ոչ թե պետք է սպասել օրվա վերջում թափված թղթերը հավաքել, այլ պետք է ընկերոջը զգուշացնել, ցույց տալ թափված թուղթը և խնդրել, որ վերցնի: Հնարավոր է, որ ընկերդ չհամաձայնվի վերցնել իր գցած թուղթը, դեռ մի բան էլ վրադ ծիծաղի: Ոչինչ, պետք է նրա աչքերի առաջ հանգիստ կռանալ և վերցնել նրա գցած թուղթը: Հաճախ կհանդիպեք առարկության. «հո ես չեմ գցել, որ ես վերցնեմ»: Շատ նման է այն դեպքին, երբ քո ներկայությամբ գողություն են կատարում, իսկ դու ասում ես. «ինչ անեմ, հո ես չեմ գողացել»:

Երեխային ինքնասպասարկման աշխատանքներին պետք է սովորեցնել և' տանը, և' դպրոցում գործնական եղանակով` անշտապ, համբերատար: Իսկ սովորեցնել կարող ես միայն այն, ինչը ինքդ լավ գիտես: Տեսնենք ինչպես է ինքնասպասարկման վիճակը մեծերիս մոտ: Էդ ո՞ր հայ մայրը թույլ կտա, որ իր զավակը սեղանից վերցնի կեղտոտ ափսեն, էլ չեմ ասում` մաքրի սենյակը (հատկապես, եթե զավակը ձև է անում, թե շատ է զբաղված դասերով): Տղաները ընդհանրապես ազատված են այդ հոգսերից. քանի տատիկը կամ մայրիկը կան, տղան պետք է առոք-փառոք նստի, իսկ ամուսնանալուց հետո էլ. «բա էլ ինչի եմ ամուսնացել»: Եվ պատահական չէ, որ բանակում վեճերի մեծ մասը հենց կեցաղային հարցերից են առաջանում. մաքրելը, հավաքելը «լավ տղային» վայել չէ: Ծնողներին խորհուրդ եմ տալիս (համարեք ծրագրային պահանջ) իրենց երեխաներից յուրաքանչյուրի համար որոշակի մշտական աշխատանք ապահովել տնային գործերում, էլ չեմ ասում պատահական աշխատանքների մասին:

Հիմա դառնանք մեզ` ուսուցիներիս: Անցած տարի միջին դպրոցի սովորողները մի հետաքրքիր փորձ էին արել. միջանցքում գցել էին թղթի կտոր և գաղտնի հետևել, թե ինչ կլինի: Նրանք տեսախցիկով նկարահանել էին այն բազմաթիվ սովորողներին և դասավանդողներին, որոնք հանգիստ անցել էին թղթի մոտով` առանց ուշադրություն դարձնելու թղթին: Հիմա չեմ հիշում, թե վերջում ով էր վերցրել: Իսկ ընկած թուղթը վերցնելը բոլորովին էլ ամոթ չէ, այդպես են վարվում ամեն տեղ. «Դպրոցի միջանցքները շատ մաքուր էին: Երևում է, որ լավ տնօրեն է. գետնին ընկած թուղթը հանգիստ կռանում վերցնում էր և գցում մոտակա թղթի արկղը». ժամանակին գրել էի ամերիկյան մի դպրոցի տնօրենի մասին: Հիմա պատմեմ կրթահամալիրի աշխատաողների շաբաթ օրվա ժողովի, ավելի ճիշտ` ժողովից հետոյի մասին: Բոլորս լավ գիտենք, որ ժողովի նախորդ օրը տնետեսուհին` տիկին Գայանեն, հարյուրից ավելի աթոռ է բերում այդ սենյակը, միջինը մոտավորապես քառասուն մետրից (այդ աթոռները տեղափոխելու համար նա մոտ չորս կիլոմետր քայլում է): Ժողովից հետո մեր տղամարդ դասավանդողները վեր են կենում և առանց մտածելու, թե աթոռները ով է տանելու, հանգիստ գնում են իրենց գործին (այս անգամ Կարեն Բորեցյանն էր «հերթապահ» մնացել): Այնպիսի տպավորություն է, որ կրթահամալիր ընդունում են այն տղամարդ դասավանդողներին, ովքեր հակակրանք ունեն ֆիզիկական աշխատանքի նկատմամբ: Տղամարդկանց չեն զիջում նաև կանայք և աղջիկները:   Զարմանում ես, թե ինչքան հանգիստ են նրանք անցնում իրենց մոր, ոմանց համար տատիկի, տարիքն ունեցող կնոջ կողքով, ով ստիպված տեղափոխում է աթոռները: Եթե ցանկանում ենք ունենալ ինքնասպասարկման կարողություններ ունեցող սովորողներ, ինքներս պետք է ցույց տանք օրինակը. պետք չէ անտարբեր անցնել միջանցքում ընկած թղթի կամ մոմլաթի կողքով, պետք է ուղղել մեր օգտագործած աթոռը, դասը պետք է պարապել միայն մաքուր դասասենյակում:

Մեր օրինակով օգնենք մեր սովորողներին: