• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հովհ. Թումանյանը բանաստեղծի կոչման և իր մասին

 

Վա՜յ  մեր աշխարհի բանաստեղծին ու նրա սրտին,  և, հիրավի,  իմ սրտի վրա չափազանց ծանրանում են   մեր աշխարհքի ամեն ցավերը,  գուցե այդ արդեն ապացույց է,  որ  ես էլ եմ  բանաստեղծ, բայց,  ասում եմ,  զարմանալու բան է,  ես առանց  երգելու  հոգնած եմ, այդ ցավերից  ու սիրում եմ բոլորովին այլ ցավեր,  ավելի անուշ,  ավելի աստվածային,  երջանիկ ցավեր:

Այժմ ես տառապում եմ մի մեծ  տարակուսանքով - արդյոք ես բանաստե՞ղծ եմ, թե՞ չէ:  Մտածում եմ ու գնում, գնում հասնում  մինչև կասկածի  ամենամութ  անդունդները:

Գուցե  և դրանից է,  որ ես չեմ  կարողանում  լուրջ  ոգևորվել  ու  պարապել  կամ  ապրել. ամեն բան աչքիս դատարկ է  թվում,   և ուզում եմ  միայն  մի կերպ  ժամանակն  անց  կացնել  քեֆի    մեջ լինի,  թե  զրույցի,  որովհետև  անցավորն  ընկել է իմ  սրտից,  իսկ  անանցի  հետ  կապված  չեմ դեռ,  անհայտը,  որ պետք է ունենա  ոգևորված   գրողը,  դեռ խավար է,  դեռ մութն  է ինձ  համար,  ու…  թփառում է  իմ  հոգին:

Ես  հետզհետե  փիլիսոփայությունն եմ սիրում  և բանաստեղծության մեջ էլ  այն,  որ  ոչ արտասուք  ունի, ոչ  հուզմունք,  այլ  մի վեհափառ  խաղաղություն,  մի վոլիմպիական,  վսեմ, արհամարհոտ  թռիչք  դեպի  լավագույն  աշխարհները և  ավելի  ջինջ  ու մաքուր  մթնոլորտները…

 

                                                                      Հովհ. Թումանյան,  Երկերի ժողովածու