• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պ. Սևակը Հովհ. Թումանյանի մասին

 

Նա  արվեստի իր ըմբռնողությունը  ձևակերպել է  մի կարճ, բայց  կտրուկ խոսքով, որ անգիր  գիտենք. ‹‹Աչքի նման պարզ  ու բարդ››: 

Այդպես  կարող  է խոսել լոկ նա,  ով ինքն էլ,   իբրև  անհատականություն,  աչքի նման  պարզ էր,  աչքի նման  բարդ:  Եվ  իսկապես էլ`  բնությունը  ամեն ինչ  տվել էր նրան,  որպեսզի  մենք  իր անվանը  ածական  դարձնեինք  ‹‹սուրբ››-ը:  Բայց նա բնավ էլ սուրբ  չէ այն իմաստով, որ  տարբերակվի  մեզնից,  մեզնից  օտարվի:

Նա  որքան   մշտական  է և մշտակա`  առավել  ևս  մշտապես մեզամոտ  է  և , եթե կարելի  է  ասել,  մերամեջ:  Ուստի  և  մենք  երբ էլ,  նայում ենք   նրան,  նա նույն  վայրկյանին   նայում  է  մեզ  մի  ներքնահայացքով,  որ  կարծես  կոպեր չունի,  ուրեմն  և  երբեք  էլ չի  ընդհատում` մինչևիսկ  ակնթարթումի  տևողությամբ:

Ինչ՞ու:

Որովհետև  եթե կա ‹‹մեծություն իր մեջ››, ապա  լինում է նաև ‹‹ինքնին մեծություն››:

Եվ  Թումանյանը  ինքնին մեծություն է,  բայց ոչ  երբեք  մեծություն իր  մեջ:  Նա  իր մեծությունը  երբևէ  չի  ցուցադրում մեր առջև  և մեզ  չի ճնշում  դրանով:  Նա  միշտ  ինքնակամ  հավասարվում  է մեզ` կարծես  ինքը  ճնշվելով մեր  փոքրությունից:  Նա  ինքնահոժար հավասարվում է  մեզ  ‹‹մեծի հետ` մեծ, փոքրի հետ` փոքր››  կենսափիլիսոփայությամբ,  որպեսզի մենք  էլ  մեզ  չզգանք  փոքր:  Այսքան  բարի  ու  նրբանկատ կարող է լինել նա,  ում պատվիրանաց պատվիրանն է եղել. ‹‹Արևի նման նայեցե՛ք աշխարհքին››:

 Օվկանոսագետները վաղուց են  նկատել, որ  օվկիանոսում   կան  ինչ-որ ցածր, բայց հզոր   հնչյուններ:  Այժմ արդեն պարզվել է, որ  դրանք … կետ  ձկան…  սրտի զարկերն  են. սրտի այնպիսի՛ զարկեր,  որ  հնչում են  վիթխարի  օվկիանոսի  խորություններում,  և  զարկեր  այնպիսի՛ սրտի,  որ  կշռում է… չեմ  հիշում,  թե քանի տոննա,  բայց   հիշում  եմ,  որ  մեկ վայրկյանում  մղում է  4 տոննա արյուն:

Թումանյանի  սիրտն  էլ   այդպիսին  է:

Եվ այդ  վիթխարի  սրտի  զարկերը  հնչել  ու հնչելու  են  մեր  ազգային  կյանքի  ծովում, որտեղ նաև  ‹‹լող է տալիս իր հոգին››:

 Իր  անմա՛հ  հոգին…

 

                                                                           Պ.  Սևակ,  Երկերի  ժողովածու,  հատոր 5-րդ