• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավ. Իսահակյանը Հովհ. Թումանայանի մասին

Թումանյանը  կյանքով  բռնկուն  մարդ էր, մեծ  տեմպերամենտի  տեր:  Նրա էությունն   ամբողջովին  բաղձանք էր,  տենչանք, ցանկություն:  Նրա  սիրտը անկուշտ  էր  ու  անհագ,  ուզում էր ամեն  բան ունենալ,  ամեն բանի հասնել,  ամեն տեղ լինել: Ուզում  էր  և՛ գրել,  և՛  հասարակական  ու  քաղաքական  գործիչ  լինել,  այն էլ`  առաջին կարգի:  Ամփոփվելու  ժամեր   չուներ,  միշտ խճճված էր  վեճերի,   ժողովների,  քեֆերի մեջ:  Հասարակությունը  քաշում էր  նրան  դեպի իրեն,  և ինքն էլ  ձգտում էր  դեպի նա,  և բոլորվում  էր  նրա  շուրջը: Հասարակության  զարդն էր  նա, խնջույքների,  հրավերների  հոգին,  շողշողուն   ջահը:  Ամենուրեք  թամադա էր  նա, անգերազանցելի թամադա:  Ամենից  հարգված, ամենից  սիրված  էր  նա:  Ով որ  մի անգամ նրան տեսներ,  կուզեր շարունակ  տեսնել: Նրա հետ լինելը, նրա զրույցները,  կատակները,  սրախոսությունները լսելը գերագույն հաճույք էր:  Ուր  որ գնար, զվարճությունը  հետն էր տանում. նրա հետ եղողը մոռանում էր,  թե աշխարհում  վիշտ ու ցավ գոյություն ունի:

            Նա  հարբեցնում էր ոչ թե  գինով, այլ իր  հումորով,  իր կախարդիչ  լեզվով, մտքի, խոսքի,  ճաշակի  հմայիչ  գյուտերով:  Թվում էր, թե  Օհաննեսը  իրեն բախտավոր պիտի զգար` ունենալով  հասարակության  հարգանքը,  կանանց  սերը,  գրասեր  երիտասարդության   պաշտամունքը և  փառք ու համբավ:  Սակայն  դժգոհ էր նա իրենից,  իր  վարած  կյանքից:  Նա  ուզում էր  գրել, ստեղծագործել  էր  ուզում  նա:  Ինչ  որ տվել  էր,  համարում էր  թույլ, թերի  նախափորձ` ոչ  իր հոգին  բովանդակ արտահայտող:

            Բայց  գրելու  համար  ժամանակ էր   պետք,  իսկ  նա  ժամանակ  չուներ  և  ժամանակի մասին  գաղափար էլ չուներ:  Ժամացույց  չէր  սիրում  և չէր  ուզում գործածել:  Չէր  սիրում  չափված  ժամանակով շարժվել:  Երեխայի պես  հավերժական ինքնազգացում   ուներ, և ներկան միշտ ներկա,  իսկ ինքը  շռայլում էր  թանկ ժամանակը և  նրա  հետ`  ավյու՛ն,  եռա՛նդ, թա՛փ  ու կորո՛վ:

 

                                                             Ավ. Իսահակյան,  Երկերի ժողովածու,  հատոր 5-րդ