• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խոսքի ազատության մասին

 

Խոսքի ազատությունը մարդու սահմանադրական անօտարելի իրավունքն է: Իսկ դպրոցում սովորողների խոսքի ազատությունը նպատակ է, որին ուղղված են դասավանդողների, մասնավորապես մայրենի լեզվի դասավանդողների աշխատանքն ու  սովորողների ջանքերը: Մեր առաջին խնդիրն այն է, որ մարդը ասելիք ունենա, այսինքն` ուշադիր լինի իր և իրեն շրջապատող աշխարհի ու մարդկանց, իր և նրանց կյանքի, խնդիրների նկատմամբ, մտածի դրանց մասին, ցանկանա լավացնել իր կյանքը, միջավայրը, իրեն: Մյուս խնդիրն այն է, որ մարդը ցանկանա  իրեն հուզող, ուրախացնող, ոգևորող, զայրացնող, տխրեցնող փաստերի, երևույթների մասին խոսել, իր խոհերը, իր իրական ասելիքը փոխանցել այլոց, հրապարակել: Ասենք` մարդը գրեց թող որ վեհ թեմաներով վեհ գաղափարներ, հետո ի՞նչ: Ուսուցչի ուզածն այն է, որ սովորողն ընդամենը գրի կամ գեղեցի՞կ գրի: Մարդը ինչ-որ թեմայով խոսելիս իր կյանքի հետ չպիտի՞ կապի: Ինչո՞ւ է, օրինակ, ազատության մասին եմ խոսում` որպես մարդու համար նպատակ, ինքնարտահայտման և զարգացման պայման, եթե իր ազատությունը հաստատելու իր գործողության մասին չէ խոսքը, եթե իր ազատությունը սահմանափակող այլոց գործողության դեմ բողոք չէ, եթե հասարակության այսօրվա հետ չի կապվում, եթե իր կամ իրեն շրջապատող իրականության զարգացման մասին չէ: Իհարկե, կարող է լինել նաև կարդացած հետաքրքիր մտքի, դիտած հետաքրքիր հաղորդման կամ ֆիլմի քննարկում,  գնահատում: Այդ դեպքում խոսքից կերևա, թե ինչ է կարդացել այդ մասին խոսելուց առաջ, ի՞նչ է ուսումնասիրել, խոսքը այլ բովանդակություն կստանա:

Հաջորդ խնդիրը տեղեկատվություն փոխանցելու բազմազան հնարավորություններից  ասելիքին համապատասխան ձևն ընտրելն է: Խոսքի իրական ազատությունը ենթադրում է նաև հարգանք այդ խոսքը ընդունողների, դրան հանդիպողների նկատմամբ: Ի՞նչ են տալիս խոսողին կամ լսողին (կարդացողին) ոչինչ չասող կամ ընդհանուր խոսքային պատճենները, որ ցանկացած բանի մասին խոսելիս կարելի է կիրառել, ինչպես` «Ինչ որ բառ+ բազմակետ (օրինակ` Հայրենիք…)», «… … բարդ հասկացություն է», «Տարբեր մարդիկ այս բառն ընկալում են տարբեր ձևով» և այլն: Խոսքի միջոցով, նրա բուն բովանդակությունից բացի, արտահայտվում են նաև խոսողի աշխարհընկալումը, ճաշակը, իրականության նկատմամբ վերաբերմունքը, բողոքը, սերը, աշխարհը փոխելու ցանկությունը և այլն: Բայց պետք է ուշադիր լինել` արդյո՞ք ինքնարատահայտման համար ընտրված ձևն արդեն մաշված չէ, ազատագրվելու համար գրական խոսքի կաղապարներից արդյո՞ք խոսքը տուրք չի տվել այլոց իբր ազատ խոսքին նմանակելու պարտադրանքին:  Ո՞վ կարող է այսօր հպարտանալ լատինատառ ազատ հայերեն խոսելով` որպես իր ինքնատիպության արտահայտություն, երբ սոցիալական ցանցերն ու էլ. փոստերը խեղդվում են դրանցից: Կամ ի՞նչ բացատրություն ունեն սոցցանցերում հրապարակված ֆիլմերի և այլ լսա-տեսանյութերի լատինատառ հայերեն անունները: Ո՞ւմ համար են դրանք: Եթե մի քանի տարի առաջ գուցե և հայերեն գրատեսակը անհասկանալի էր ցանցի համար, հիմա արդեն այդպես չէ: Թե՞ սխալվում եմ: Փորձեք Youtube-ում հայ շահառուների հրապարակած նյութերի վերնագրերը ուսումնասիրել, տեսեք` կուզե՞ք էլի «de gna u mtaci», «cheranas», «ttvi ces 000145» և նման վերնագրեր ունենալ:

Ասելիքն ընկալելի և ճշգրիտ ձևակերպելը խոսքի ազատության իրական բարձր դրսևորում է, իսկ խոսքին հետևողների (տպագրված նյութը կարդացողների, ֆիլմը, տեսագրված ելույթը դիտողների, համացանցում էջը այցելողների, արձագանքողների) թիվը դրա գնահատումն է:

Առաջարկում եմ մեկ անգամ ևս ընթերցել ռուս ակադեմիկոս Դմիտրի Լիխաչյովի «Ինչպես խոսել» խորհուրդը («Նամակներ երիտասարդ ընթերցողներին», 19-րդ նամակ):