• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2007-08թթ ընտրությունը, ցավոք, չավարտվեց

Սիրանույշ Պապյանի զրուցակիցը Աշոտ Բլեյանն է:

Լրագիր, 04/11/2011

Պարոն Բլեյան, վերջին օրերի հրաժարականները արդյոք պայմանավորո՞ւմ եք նախընտրական շրջանով. Հովիկ Աբրահամյանը, օրինակ, ղեկավարելու է Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը: Առհասարակ այս պաշտոնների վերադասավորումներն ինչի՞ կարող են հանգեցնել: 

Իհարկե, իսկ ի՞նչ է պատահել… իշխանության կուսակցության գործողություններում ոչ մի արտասովոր բան չեմ տեսնում: Օրեր առաջ Ազատության հրապարակում Տեր-Պետրոսյանը կարծես հայտարարեց ՀԱԿ-ի քվերակությանը նախապատրաստվելու մասին: Իշխանությունը, ով իր բնույթով ավելի կազմակերպված է, ավելի անհանգիստ, հենց միայն այն կորցնելու վտանգից դրդված, ով ունի վարչական և նյութական հայտնի ռեսուրսներ, ինչպե՞ս չպատրաստվի քվեարկության, թե՝ մեղա՜-մեղա՜, ընտրություններով իրեն վերարտադրելու: Կազմակերպել՝ նշանակում է նաև կադրերը վերադասավորել, նաև բոլոր ուժերը համախմբել, կազմակերպական որոշակի ձևի բերել… Հայաստանում հիմա իշխանությունը նույնացված է իշխանության կուսակցության հետ, իր երեք հայտնի կառույցներով՝ Հանրապետական, Օրինաց, Բարգավաճ: Այս բոլորը ես դիտում եմ քվերակությանը պատրաստվելու շատ տրամաբանական միջոցառումների «ծիրին մեջ»: Ուզում եք, որ նախընտրական փուլում ավարտվի՞ ընտրությունը, պաշտոնանկությունները կազմաքանդե՞ն իշխանության կուսակցությունը. անզորի երազ է: Ինքնապահպանության բնազդն ու պարտադրանքը կհաղթահարի իշխանության կուսակցությունում առկա հակասությունները: 

 

Մի՞թե չէին կարող այս նույն կազմով գնալ հերթական ընտրությունների: 
 

Մենք խոսում ենք այն իշխանության կուսակցության մասին, որը գնում է քվեարկության այն ժամանակ, երբ հասարակությունը բազում կենսական չլուծված խնդիրներ ունի: Պետք է հաշվի առնել երկու հանգամանք, մեկ՝ որ սա այլևս 2007-2008 -ի նոր իշխանությունը չէ, և երկու՝ որպես հին իշխանություն պատասխանատու է մարդկանց` այս չորս-հինգ տարիների ընթացքում բազմապատկված դժվարությունների համար: 2007-2008-ին Օրենսդիր և Գործադիր իշխանության էր գալիս նոր առաջնորդ, նոր թեկնածու՝ իր ենթադրյալ նոր թիմով, հասարակությանը տալիս էր նոր խոստումներ… Մի՛ թերագնահատեք այսօրվա վիճակը. Երկարատև փակուղու մեջ հուսահատ, ուժասպառ հասարակությունը չի տեսնում ելքը: Ընդամենը երեք օբյեկտիվ ցուցանիշ բերեմ` նվազագույն աշխատավարձը կազմում է 32.500 դրամ, պաշտոնական վիճակագրությամբ այս տարվա առաջին ինն ամսում Հայսատանից մեկնած ու չվերադարձածների թիվը 50 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա նույն ցուցանիշը: Մեկ զինվորի մահը, մեկ ջրվեժի վտանգը չկառավարվող մարդկանց այնպիսի խումբ է փողոց հանում, որ իշխանությանը խառնում է իրար: Իշխանության կուսակցությունը չի կարող թերագնահատել այս իրողություններով թունավորված մարդու՝ ընտրողի գործոնը: 
 

Իշխող կուսակցության նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը ուզում է, որ 2012-ի ընտրություններն արդար և թափանցիկ լինեն, չհավատա՞նք: 
 

«Ոսկե Ցլիկ» կինոնկարը հիշեցրիր. «Նաջարյանը չի՛ մերժի: ճիշտ է, չի՛ մերժի, բայց կտա՞»: Իսկ ո՞վ չի ուզում ազատ ընտրութուն, ե՞ս, Դո՞ւք, թե ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն: 2007-2008 թթ. hամապետական ընտրությունները մեզանում, ավաղ, այդպես էլ չավարտվեցին: Մեծաքանակ էլեկտորատ և աջակիցներ ունեցող Հայ Ազգային Կոնգրեսը շարունակում է ապրել ու գործել նախընտրական ժամանակի տրամաբանությամբ: Բոլորիս շահն է, որ թե՛ հերթական, թե՛ արտահերթ համապետական ընտրություններն այս անգամ քվեարկությամբ ավարտվեն, որ դրա արդյունքները չվիճարկեն ո՛չ հաղթողները, ո՛չ պարտվողները, որ հաղթի ազատ հասարակությունը՝ վերջապես իրացնելով ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու միայն իրեն պատկանող իրավունքը: 
 

Կա մի գործոն, որ կարծում եմ իր ուժով և ազդեցությամբ մեզանում նոր է, որ նկատելի չէր նախկինում՝ ինքնուրույն քաղաքացիական նախաձեռնությունների շուրջ ազատ ձևավորվող, ինքնուրույն գործող խմբերի ու նրանց ոչ ֆորմալ լիդերների դինամիկ աճող ցանցը, որը շնորհիվ մեդիայի, անվերահսկելի ինտերնետ կապի, կարող է նախընտրական փուլում օր օրի այնպես զորանալ, որ խառնի բոլորի հաշիվները՝ ստեղծելով այսօր ոչ կանխատեսելի վիճակ: Որպես քաղաքացի` ես պետք է հերթական թե արտահերթ ընտրությունների միջոցով ցանկանամ երկու բան, առաջին` վերջապես իրացնեմ ազատ ընտրության իմ իրավունքը: Լսե՛ք, ես իմ ազատ իրավունքի իրագործման համար եմ պայքարելու, պաշտպանելու եմ իմ քվեն: Երկրորդ` այս շրջանում, երբ փող է ծախսվելու եթերների, նախընտրական քարոզարշավ կոչվող և այլնի համար, կարևոր է, որ այդ խոսակցությունները չվերածվեն “գյալաջիների”, այլ դառնան հասարակական փակուղին հաղթահարելու, առկա խնդիրները համակողմանի քննարկելու շիտակ ու շարքային ընտրողին հասկանալի, գործողության մղող խոսակցություն: Կլինի դա բանակի, կլինի դա տնտեսության, շրջակա միջավայրի, հայ-ադրբեջանական, հայ –վրացական համակեցության, արդար հասարակության, որակյալ կրթության վերաբերյալ: Մեկ է: 
 

Կարծում եք` նախաձեռնությունները նախընտրական շրջանում իրենց գործունեությունը կուղղեն դեպի քաղաքակա՞ն վեկտոր, կպայքարե՞ն արդար ընտրությունների համար: 
 

Անհոգնել կրկնելու եմ. ինձ համար գլխավորն այդ քաղաքացիական նախաձեռնություններն են, որովհետև այս մտասևեռումը` իշխանություն և ՀԱԿ, վտանգավորր մտասևեռում է, կա երրորդ դերակատարը, հարգանքով վերաբերվեք նրան, ում հետ ես հույսեր եմ կապում և որտեղ ես եմ: Քաղաքացիական նախաձեռնությունները՝ «Թռչկանի ջրվեժ», «Բանակն իրականում» վերջին ամենաթարմ օրինակներն են: Մենք տեսանք, որ Թռչկանի ջրվեժի համար ինչ սիրով, հավեսով կարողացան հասարակության առողջ ուժերը միավորվել, ովքեր կարող են շահագրգռված լինել ելքով: Եվ ես այստեղ եմ տեսնում ընտրությունների գլխավոր առանաձահատկությունը, որը չկար 2007-2008-ին և որը կա հիմա, որովհետև դա գործում է իշխանությունից, ՀԱԿ-ից և այլ քաղաքական ուժերից դուրս: Ինձ համար սկզբունքային է իշխանության ու քաղաքական ուժերի վերաբերմունքն այս քաղաքացիական նախաձեռնությունների նկատմամբ... Կուրախանա՞ն սրանցով, կտեսնե՞ն սրանց հզորացման մեջ համընդհանուր օգուտը, կընդունե՞ն նրանց որպես հասարակական հաշտեցման մեխանիզմ: Վստահ եմ, այո, որովհետև չի կարող երկար փակուղում, Հրանտ Մաթևոսյանի խոսքերով՝ որպես փարախ քշված հոտ, մնալ 18-35 տարեկանների սերունդը, չի կարող նա իր հեռանկարների, իր ամուսնության, ընտանիքի, բնակարանի, աշխատանքի հարցերի լուծումը անվերջ հետաձգել: Մեր երեխաների, մեր կրտսեր քույրերի ու եղբայրների սերունդը ինչ-որ մի շրջան օտարել էր իրենից այդ պատասխանատվությունը և թողնելով դրանց լուծումը մեզ, որպես ծնողների, ավագների: Բայց տեսավ-տեսնում է չէ՞ մեր անուժությունն ու անպիտանությունը ու ինքը սրանով ակտիվանում է, ուժեղանում է, գալիս է հրապարակ: 
 

Անգամ այն դեպքումերբ ընտրությունների նկատմամբ որևէ վստահությո՞ւն չկա: 
 

Իսկ ինչի՞ նկատմամբ վստահություն կա, ինչի՞ եք անջատում: Հենց քաղաքացին իր նախաձեռնությամբ պետք է հաստատի, պարտադրի այդ վստահությունը որպես ընտրող, ինչպես ասում է` սա իմ Թռչկանն է, չեմ տա իմ ջրվեժը, կասի էլ՝ իմ քվեն է, իմ որոշումը: Եթե տվեց, հանձնեց, հանձնվեց, ուրեմն իրենը չի եղել ոչ Թռչկանը, ոչ բանակը, ոչ էլ երկիր կժառանգի, չի ունենա արժանապատիվ կյանքն ու կմնա տկլոր, ինչպես այսօր իր ծնողները: Վստահենք, որ չտա, օգնենք, որ կարողանա: 
 

Դուք «Բանակն իրականում»-ի դերը կարևորեցիք մեր կյանքում, սակայն Վովա Գասպարյանը անհայրենիք կամ թուլա է անվանում այն մարդկանց, ովքեր այսօր պայքարում են բանակում տեղի ունեցող միջադեպերի դեմ: Ինչպե՞ս եք պատկերացնում առհասարակ բանակում իրավիճակի փոփոխությունը: 
 

Հայհոյել չի՛ կարելի, չշեղվենք: Հիմա բոլորս ունենք պարտականություններ երկրի նկատմամբ: Մեր բանակն է, որտեղ ծառայող մեր զավակը, իմ շրջանավարտը պիտի խաղաղ, իր ու երկրի համար օգտակար, պարտադիր ծառայությունը կատարի իրավահավասարության և արդարության պահանջով: Ավա՜ղ, այդպես չէ: Հայաստանի զինապարտության մասին օրենքով տասնութ տարին լրացած արական սեռի, ֆիզիկապես առողջ յուրաքանչյուր քաղաքացի, Հայաստանում կամ Արցախում, պետք է երկու տարի ծառայի բանակում: Ծառայողը ծառայում է: Քսան տոկոսը «օրենքով դասալիք է» իբր հանուն հայրենիքի, պետական բյուջեի սուղ միջոցներով, չորս տարի թանկագին գլուխն է ապահովում բակալավրիատում, ևս երկու տարի մագիստրատուրայում, ևս երեք տարի ասպիրանտուրայում, դառնում քսանյոթ տարեկան, «օրենքով» ազատվում ծառայությունից, կամ թեկնածուական թեզ պաշտպանում, ու ազատվում ծառայությունից, կամ այդ արանքում ունենում երկու երեխա ու նորից «օրենքով» ազատվում ծառայությունից: Պետության նկատմամբ սահմանադրական, ասել է թե՝ անօտարելի պարտականությունը չկատարած այս քսան տոկոսը, ոչ միայն պատասխանատվության չի կանչվում, այլև հակառակ օրենքի պահանջի՝ պետական պաշտոն է զբաղեցնում: Եվ խնդրեմ, միացրե՛ք եթերը, դասալիք պետական պաշտոնյան, քաղաքագետը, դասախոսը, արվեստագետը ամոթանք է տալիս, սպառնում, բանակի նկատմամբ սահմանադրությամբ նախատեսված քաղաքացիական վերահսկողության իրականացման փորձեր անող, բանակում ծառայած քաղաքացիներին ու նրանց խմբերին: Եվ այս անիրավությամբ մենք գնալո՞ւ ենք ընտրությունների: 
 

Հիմա դառնանք ծառայությունը հնազանդ կատարող ութսուն տոկոսին: Ինչո՞ւ երկու տարի: Երկու տարին բավարար ժամանակ է և նոր մասնագիտություն սովորելու, և որակազրկվելու համար: Ի՞նչ են սովորում, ի՞նչ նոր մասնագիտություն են ձեռք բերում այս երկու տարում: Ի՞նչ է շահում հայրենիքը, երբ տասնյակ հազարավոր քսանից- քսանյոթ տարեկաններ վերադառնում են բանակից այդքան դժվար ձեռքբերած մասնագիտական գիտելիքները կորցրած: Հաջորդ խանգարող գործոնը մարդու օտարումն է իր հայրենիքից: Գույքազուրկ և անտեսված բանակայինի օտարումը Հայաստանից, որն ինքը պիտի պաշտպանի, որը փաստացի իրենը չէ, որը իր ու իր ընտանիքի գիտակցությամբ մի քանի հարյուր օլիգարխների, իշխանավորների, գեներալների կալվածքն է: Իսկ Արցախում ծառայությունը կատարող հայաստանցու համար ասածին գումարվում է «ղարաբաղցու գործոնը»: Հայաստանից զորակոչված բանակայինների մեծ մասը չի եղել Արցախում, Արցախի հետ կապված անհատական, իրական, հուզական ընկալում չունի: Ստացվում է` երկու տարի գնում ես ծառայելու մի հռչակված հանրապետությունում, որը չես ճանաչում: Իսկ ինչո՞ւ չես ճանաչում, ինչո՞ւ չէր կարելի ճամբարներ կազմակերպել, Հայաստանում և Արցախում ապրող մարդկանց իրական ընկերներ դարձնել, միասին ապրել, միասին հաղթահարել կենսական դժվարությունները, միասին լուծել հեռանկարի հարցերը: Հիմա մենք կրթահամալիրով հասարակական լայն աջակցությամբ Արցախի մեր գործընկերների հետ համատեղ, կարծում եմ, հաջողությամբ իրականացնում ենք նման մի ծրագիր`«Իմ Արցախը», «Իմ Հայսատանը»: Ոչ թե պետական տոների հերոսական Արցախ-Հայաստանը, որը դրված է պատվանդանին թե զոհասեղանին, բայց որը կեղծ է, անպաշտպան է, քանզի մեկուսացված է սովորական մարդուց, այլ հայրենագիտական-կրթական լուրջ աշխատանք է, որ սկսում ենք ընտանիքի գործուն աջակցությամբ, հենց դպրոցից: 
 

Սակայն հասարակության ներգրավվածությունը մեծ չէ այդ ամենին, բացի այդ` մեծ չէ իրենց քվեին տեր կանգնողների բանակը: 
 

Ճիշտ է, հենց քվերակության այս շրջանի հմայքը դրանում է, որ նա հրահրում է, ակտիվացնում, և այդ քաղաքացիական նախաձեռնությունների խմբերն անպայման բազմապատկվելու են, ոգևորվելու են խիզախելու աստիճան: Սա մեր հնարավորությունն է: Երբ ասում եմ մեր, նկատի ունեմ իմ, քո, ընդդիմության և իշխանության բոլոր մակարդակները: Սա իշխանությունների, տնտեսվարող սուբյեկտների՝ այդ թվում` օլիգարխների ճանապարհն է: Օրինականացման և հասարակական արժեվորման ճանապարհն է: Այս առումով, գլխավոր բացը, որ կա մեզանում, նյութական և ոչ նյութական արժեքների, ինտելեկտուալ սեփականության ժառանգման և փոխանցման, երկարատև- գործուն մեխանիզմների բացակայությունն է: Ասվածս վերաբերվում է և չունևոր օժտվածին, որը այդպես էլ չի կարողանա իր տաղանդն իրացնել, և ունևորին, ով չի կարող իրեն հանգիստ զգալ, երբ իր, բոլորիս հայտնի ճանապարհով ձեռք բերված կյանքն ու գույքը մի քանի սերունդ ապահովագրված չէ: