• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երրորդ ուժի հաստատումը

Աշոտ Բլեյան

Հրապարակ, 

 

Քաղաքական պաշտոնյաների հրապարակված եւ ենթադրվող հրաժարականները, կներեք, սովորական-սպասվող են: То ли еще будет ой, ой, ой! Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում հայտարարեց նախընտրական շրջանի սկզբի մասին, որը, կարծեմ, վերաբերում է ոչ միայն ընդդիմությանը: Իշխանության կուսակցությունն այսպիսով ցույց տվեց, որ ավելի կազմակերպված է, ավելի մտահոգ, սկսել է պատրաստվել ընտրություններին: Այ, արտասովորն ինձ համար քաղաքացիական նախաձեռնությունն էր, որը նախ հայրենագիտության դաս տվեց մեզ, ճանաչելի-սիրելի դարձրեց Թռչկան ջրվեժն ու Չիչխան գետը, հետո տիրոջ նման կանգնեց հրապարակում՝ իմն է, չեմ զիջելու, չեմ հանձնելու, պաշտպանելու եմ ու փոխանցելու:

Կրթության եւ գիտության նախարարությունից դուրս էի գալիս եւ կառավարության 3-րդ շենքի դիմաց, դեմառդեմ հանդիպեցի ուրիշ Հայաստանի. Թռչկանի պաշտպանությունը նախաձեռնողների տպավորիչ հավաքն էր` երիտասարդ, թարմ, ուրախ, ստեղծական, անպարտ, ինձ անծանոթ անկաշառ մարդկանց: Կոմիտասն ասում էր. «Երաժշտությունն ամենեն մաքուր հայելին է ցեղին». ավելացնենք, որ էկոլոգիական պայքարը հասարակական առողջության եւ հեռանկարի գրավականն է: Բռավո՛:

Ապրեցի կես ժամի չափ այս Հայաստանում, որտեղ ես շարքային, սովորական մի քաղաքացի էի, որտեղ իրադրության, վիճակի տերերը լրիվ նոր, քաղաքացիական մարդիկ էին: Վերադարձա դպրոց, հանդիպեցի ուսուցիչների եւ սովորողների հետ, փոխանցեցի ոգեւորությունս: Տեղադրեցինք մեր «mskh.am»-ում, ավելացրեցինք Թռչկանի մասին տեսանյութեր, սովորողները ձայնագրեցին-հրապարակեցին Թռչկանի գովքը, եւ այսպիսով նախապատրաստեցինք շաբաթօրյա մեր արշավը Թռչկան. հաստատեցինք մեր իրավունքը քաղաքացիական այս նախաձեռնության մասին խոսելու, որ չնմանվենք բանակից «օրենքով դասալիք» «պաշտոնյա-քաղաքագետ-մտավորականներին», ովքեր, փոխանակ պատասխան տան հասարակությանը, զինապարտության իրենց պարտականությունից խուսափելու համար հայրենասիրության դասեր են տալիս բանակի նկատմամբ Սահմանադրությամբ նախատեսված քաղաքացիական վերահսկողություն իրականացնող քաղաքացիներին եւ կազմակերպություններին:

Նորից դառնանք նախընտրական փուլին: Իմ` քաղաքացուս համար գերխնդիրը եղել եւ մնում է ազատ ընտրության իրավունքի իրացումը, իմ քվեի պաշտպանությունը, ընտրությունները հասարակական առաջընթացին, բարեկեցությանը ծառայեցնելը: Վերջին շրջանի քաղաքացիական նախաձեռնությունները, սիրով թվարկեմ` «Ո՛չ օտարալեզու դպրոցներին», «Մե՛նք ենք այս քաղաքի տերը», «Չե՛նք լռելու», «Հիմա», «Բանակն իրականում»…, հաստատում են, որ քաղաքացին եւս սկսել է իր նախընտրական շարժումը:

Ո՞վ ասաց, որ օր-օրի, ժամ առ ժամ այդ շարժումը նոր թափ չի հավաքելու, չի դառնալու ընտրություններում գլխավոր գործոնը, առանց որի չի ձեւավորվի քաղաքական համակարգ` իրեն բնորոշ ընտրական մեքենայով: Ես այս քաղաքացիական նախաձեռնության մեջ եմ` «facebook»-ում, հրապարակում, աշխատավայրում, անձնական կյանքում: