• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այս անգամ էլ Արագածը բարեհաճ էր

Կիրակի օրը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հերթական արշավախումբը բարձրացավ Արագածի հարավային գագաթը: Արշավախումբը այս անգամ ղեկավարում էր Վահրամ Թոքմաջյանը, նրան օգնում էր աշխարհագրության ուսուցիչ Էմանուել Ագջոյանը:

Որպես արշավախմբի անդամներ մասնակցում էինք նաև ես` Գևորգ Հակոբյանս և մեր կրթահամալիրի լավ բարեկամ Ալբերտ Տոնեյանը (Ալբերտը իմ արագածյան մկրտիչն է):

Արշավախմբի ընթացքի մասին հուսով եմ սովորողները կպատմեն: Ես կփորձեմ կանգ առնել մի քանի կետերի վրա: Մեզ հետ վերցրել էինք նեթբուք և ինտերնետային ֆլեշ, որպեսզի ժամը մեկ նոր ինֆորմացիա տեղադրեինք կայքում`  կրթահամալիրցիներին հնարավորություն տալով հետևելու մեր արշավի ընթացքին: Ցավոք, ինձ առայժմ անհասկանալի պատճառներով այս ծրագիրը չաշխատեց (հիշեցնեմ, որ լճի մոտ տեղադրված ալեհավաքներ ունեն և´ Վիվասելը, և´ Բիլայնը):   

Առաջին անգամ սովորողների հետ Արագած բարձրացավ ծնող`  11-րդցի Մարիամի հայրը`  Սարգիս Հացպանյանը, ով հարավային գագաթին եղել էր քսան տարի առաջ: Մյուս անակնկալ մասնակիցը, որը մեզ միացավ Քարե լճի մոտ, 11-րդցի Ժանետի 8-ամյա եղբայր Արիսն էր: Արիսը բարձունքը հաղթահարող առաջիններից էր: Կարծում եմ, որ նա այդ տարիքի երեխաներից միակը չէ, ով կարող է հասնել հարավային գագաթ, և մյուս տարի արշավախմբերը կազմելիս պետք է ընդգրկել նաև փոքրերին:

Հաջորդ ուրախացնող փաստն այն էր, որ շատ երիտասարդներ էին եկել Արագած, կարծես քաղաքի ամենամարդաշատ վայրերից լիներ: Բայց այդ մարդաշատությունը մի վտանգ ունի. եթե յուրաքանչյուրս մեզ հետ չիջեցնենք հանդիպած մոմլաթն ու շշերը, սարը կդառնա աղբանոց, ոնց որ Քարե լճի շրջապատը:

Ճանապարհին Ալբերտի հետ կրթական հարցերի մասին զրուցելիս նա մի առաջարկ արեց, որը խոստացա ներկայացնել սովորողների և ուսուցիչների քննարկմանը: Խոսքը ֆիզկուլտուրայի կազմակերպման մասին է. եթե մարդը տարված չէ որևէ մարզաձևով, հնարավոր չէ այդ երեք ժամը արդյունավետ կազմակերպել նրա համար: Որպես ֆիզկուլտուրայի դասերի այլընտրանք` սովորողին առաջարկվում է մասնակցել հետիոտն արշավներին, ինչը և’ ֆիզկուլտուրա է, և’ հայրենագիտություն, և’ բնապահպանություն, և’ անվտանգ կենսագործունեություն: Այստեղ կարևոր է նաև, որ այդ մասնակցությունը շատ հեշտ չափելի և գնահատելի է:

Այս հարցն է, որ ներկայացնում եմ ձեր քննարկմանը:     

 

Այս թեմայով կարդացեք նաև Լիլիթ Երեմյանի (11-րդ դասարան) «Վերջապես Արագածը նվաճված է, ուռաաաաաաաաաաաաա~»