• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի նախապատրաստական դասարանի գործունեության իրականացման կարգ

Իրավական հիմքը, նպատակը

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի  5-6 տարեկանների նախապատրաստական դասարանի գործունեության կարգը (այսուհետ` Կարգ) հաստատված է կրթահամալիրի խորհրդում:  Կարգն ապահովում է Հանրակրթության մասին ՀՀ  օրենքով սահմանված պետական քաղաքականության սկզբունքները,   կարգավորում է ծրագրի իրականացման ընթացքը և մասնակիցների գործառույթները:

Ծրագրի դասարանը
Դասարանը դպրոցի կառուցվածքային միավոր է, որի սովորողների թիվն արտացոլվում է դպրոցի   կոմպլեկտավորման մեջ: Դասարանը գործում է կրթահամալիրի դպրոց-պարտեզների կազմում, նույն շենքում՝ Նոր դպրոցում, Դպրոց-պարտեզում, Գեղարվեստի կրտսեր դպրոցում, Հիմնական դպրոցում, Քոլեջում:

Ուսումնառության պայմանագրով որոշված կարգով դասարան ընդունվում է երեխան, ում 5 տարին լրանում է մինչև ընթացիկ տարվա  դեկտեմբերի 31-ը: 
Ծրագրի ղեկավարը ծնողի հետ կնքում է պայմանագիր, որի   ձևը և բովանդակությունը հաստատում է կրթահամալիրի խորհուրդը, որով կարգավորվում են կողմերի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները:
Սովորողների թիվը դասարանում` 22-25: Պայմանագիր կնքելուց առաջ դպրոցի  կամ  դասարանի ղեկավարը ծնողին ծանոթացնում է դասարանի գործունեությանը, նյութական և ուսումնական պայմաններին: Գործունեության ողջ ընթացքում հարգվում են սովորողի իրավունքները, անհատականությունն ու ինքնուրույնությունը:

Սովորողը ուսուցման հաջորդ  փուլ՝ ուսուցման հաջորդ տարի, տեղափոխվում է  դասարանի ղեկավարի ներկայացմամբ, ծնողի համաձայնությամբ. անհրաժեշտության դեպքում` հատուկ մասնագետի երաշխավորությսմբ: Սովորողի անցումը դասարանից դասարան ուսումնական տարվա ավարտին-սկզբին չի համապատասխանում։ Ծրագրի 2-րդ տարում սահմանված կարգով կարող է ընդունվել կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզում նախապատրաստական ուսուցման ծրագիրը չստացած սովորողը՝ իր զարգացման մակարդակի, առանձնահատկությունների ու պատրաստվածության աստիճանի համապատասխան: Դասարանում ծրագրված քառամյա ուսումնական գործունեության արդյունքում սովորողը ՀՀ ԿԳՆ սահմանած կարգով մասնակցում է 4-րդ դասարանի ավարտական ստուգումներին և տեղափոխվում 5-րդ դասարան։ Մինչև այդ ստուգումն անցնելը ծրագրի ցանկացած փուլում այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելիս սովորողին տրվում է իր տարիքային խմբի դասարանում սովորողի տեղեկանք:

Դասարանի գործունեության կազմակերպումը

Դասարանի ուսումնական  փաթեթը  ուսումնական կենտրոնի ղեկավարի  ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի մասնաժողովը:
Սաների գործունեությունը, զարգացումը կազմակերպվում է կրթահամալիրի դպրոցի, ծրագրի ուսումնական օրացույցով, աշխատանքային նախագծերով, ծրագրի ուսպլանով:

Դասարանի գործունեությունն սկսվում է ժամը 9.00 և ավարտվում 17.00:

Սաների գործունեությունն իրականացվում է  պատշաճ տեխնիկական-լաբորատոր պայմաններում, հաշվի են առնվում նրանց կենսաբանական, հոգեբանական, անհատական անձնահատկությունները:
Սաների  համար ստեղծված են սնվելու և քնելու հնարավորություններ:
Սաների ուսումնական գործունեության մասին տեղեկությունները սահմանված կարգով  գրանցվում են էլեկտրոնային եղանակով։ Ուսումնական ծրագրի իրականացումը արտահայտվում է դասվարի (դասարանի) բլոգում, դպրոցի ենթակայքում, «Պարտեզ» էլեկտրոնային ամսագրում։ 

Դասարանը մասնակցում է  դպրոցի ընդհանուր պարապմունքներին, ուսումնական օրացույցով նախատեսված բոլոր նախագծերին և ստուգատեսներին:

Դասարանի սանը

Դասարանի սան է 5-6 տարեկան երեխան, ում ծնողը ընտրել է Ծրագիրը և Ծրագրի ղեկավարի հետ կնքել համապատասխան պայմանագիր։ Հետագայում դասարան սահմանված կարգով կարող է ընդունվել կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզում նախապատրաստական ուսուցման ծրագիրը չստացած սովորողը՝ իր զարգացման մակարդակի, առանձնահատկությունների ու պատրաստվածության աստիճանի համապատասխան: 

Սաների զարգացման դիտարկում–գրանցում, ներկայացում

Տարվա ընթացքում  2 անգամ սաների ֆիզիկական-ֆիզիոլոգիական, առողջական, սոցիալական վիճակի տվյալները, դրանց փոփոխությունները  գրանցվում են  էլեկտրոնային համապատասխան փաստաթղթում՝ Սանի թերթիկում:
Տարվա ընթացքում 2 անգամ լրացվում է   Սանի զարգացման դիտարկման թերթիկ, որտեղ նշվում է սանի արժեքային համակարգը, սանի հմտությունների ու կարողությունների զարգացումը, կազմվում է սանի անհատական զարգացման պլան: Ծնողը  հաստատում է  իր համաձայնությունը լրացված  ցուցանիշներին:
Դպրոցի ենթակայքում դասարանն իր էջն ունի, որտեղ լուսաբանվում է խմբի և սաների անհատական և խմբային գործունեությունը:
Ամեն ամիս դասարանը հատուկ ծեսով՝ Սեպտեմբերիկ, Հոկտեմբերիկ…, գործունեության ընթացքն ու  արդյունքները մեդիայում ներկայացնելով, ամփոփում է տվյալ ամսվա գործունեության արդյունքները: 

Դասարանում Ծրագրի իրականացման և կազմակերպման  ղեկավար-պատասխանատուն դասվարն է, ով ընտրվում է մրցութային կարգով: Դասվարի աշխատանքը կանոնակարգվում է կրթահամալիրում գործող ներքին կարգապահական կանոններով, անհատական աշխատաժամանակով:

Դասվարին ներկայացվող պահանջները

  • համակարգչային անհրաժեշտ ծրագրերի իմացություն
  • հետազոտական աշխատանքներ կատարելու հմտություններ. 
  • երաժշտական և մարմնակրթական (ներառյալ լողը և հիգիենան).
  • տեխնոլոգիական ունակություններ.
  • անգիր գիտի Ծրագրով նախատեսված ուսումնական նյութը։ 

Դասվարը՝

  • մասնակցում է դաստիարակների և դասվարների երաժշտական-ուսումնական լաբորատորիայի պարապմունքներին.
  • ուստարվա ընթացքում հրատարակում է իր մեթոդական մշակումները (հոդված) իր բլոգում, կրթահամալիրի «Դպիր», «Պարտեզ» կամ այլ ամսագրում, մասնակցում է  կրթահամալիրյան ստուգատեսներին.
  • պատասխանատու է դպրոցում գտնվելու ընթացքում սանի անվատանգության, միջավայրը մշտապես հիգիենիկ վիճակում պահելու համար.
  • պատասխանատու է սովորողի ինքնուրույն գործունեության, ինքնասպասարկման, տեխնոլոգիական հմտությունների և ստեղծականության զարգացման, սովորելու ցանկությունը շարունակ զորացնելու համար.
  • մասնակցում է ընթացիկ ուստարվա ուսումնական փաթեթի ստեղծման աշխատանքներին.
  • ապահովում է նախապատրաստական ուսուցման համար համապատասխան միջավայր.
  • ունի համացանցին միացած անհատական համակարգիչ, թվային ֆոտոխցիկ և ձայնագրիչ, անարգել օգտվում է կրթահամալիրի մեդիագրադարանի, մեդիատպարանի հնարավորություններից.
  • սաների գործունեության որոշ տեսակներ` երգ-պար,  լողուսուցում, կազմակերպում է մասնագետ-ուսուցչի հետ համատեղ.
  • սովորողի ծնողի հետ մշտապես պահպանում է գործընկերային հարաբերություններ, նպաստում նրա մանկավարժական կրթությանը, նրան մասնակից է դարձնում սաների  գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը, սանի գործունեության  արդյունքների  մասին տրամադրում ամբողջական տեղեկություններ.

Ծնողը. 

  • ընտրում է Ծրագիրը՝ դպրոցի ղեկավարի  հետ կնքելով ուսումնառության պայմանագիր.
  • ծանոթ  է ուսումնական միջավայրին, դասարանում իրականացվող Ծրագրին և գործունեության նախագծերին.
  • ունի էլեկտրոնային հասցե և մշտապես օգտվում է դրանից.
  • զարգացնող միջավայրի ստեղծման մասնակիցն է` ՏՀՏ և ուսումնական այլ  միջոցներ, կենդանիների ձեռքբերում, ծառատունկ.
  • մասնակցում է դասարանին վերաբերող հարցերի քննարկումներին և դրանց լուծումների իրականացմանը.
  • տեղեկացվում է իր երեխայի զարգացման ընթացքի, ծագած խնդիրների մասին, կազմակերպվում է անհրաժեշտ խորհրդատվություն.
  • դասվարին տեղյակ է պահում սանի ֆիզիկական, ֆիզիոլոգիական, առողջական, հոգեբանական խնդիրների մասին (եթե այդպիսիք կան).
  • դասվարին տեղեկացնում է սանի ուշացման, բացակայության, դրանց պատճառների մասին.

Դասարանի սովորողը սահմանված կարգով օգտվում է կրթահամալիրի երեխայի զարգացման ծառայություններից։